Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԻՊՈՒԿԱՀԱՐԸ



Կին է մեր հերոսը` փոքրամարմին, նուրբ դիմագծերով, խոշոր եւ թախծոտ աչքերով, պարզ հայացքով մի կին: Դժվար է անգամ պատկերացնել, որ նա տղամարդուն հավասար ծառայություն է իրականացնում հատուկ նշանակության ստորաբաժանումում:

-Ի՞նչ անունով Ձեզ դիմեմ:

-Գայանե: Մարտական ընկերուհիներիս ընտրած կեղծանունն է: Ներդաշնակվել ենք:

-Ծնվել եք…

-1979 թվականին, Երեւանում, գարնան 3-րդ օրը:

-Ե՞րբ համալրեցիք հատուկ նշանակության ստորաբաժանումը:

-Վեց տարի է` զինված ուժերում եմ…

-Ինչո՞ւ հանկարծ զինվորականի մասնագիտությունն ընտրեցիք:

-Չէ, հանկարծ չեմ որոշել: Արցախյան պատերազմի տարիներին դպրոցական էի, համադասարանցի երկու տղաների հետ որոշեցի մեկնել ճակատ. ուզում էի մի բանով օգնել կռվողներին: Մեքենա չկար, ոտքով ճամփա ընկանք: Մեզ գտան Փարաքարի ճանապարհին եւ ասացին` փոքր եք: Մեծացա եւ որոշեցի շարունակել ընդհատված ճանապարհը…

-Իսկ ինչո՞վ էիք զբաղվում մինչեւ զինվորագրվելը:

-Աշխատում էի դատարանում: Սակայն հրաձգարանի սան էի, հրաձգությունից էլ կարգ ունեի: Երբ ներդրվեց պայմանագրային ծառայությունը, ես առաջիններից էի, որ ստանձնեցի հետախույզ-դիպուկահարի պաշտոնը:

-Այսօր նաեւ պարաշյուտային հրահանգիչ եք…

-Այո՛, շարքայիններին նախապատրաստում եմ թռիչքի: Ինքս 152 անգամ զգացել եմ ճախրանքի հաճույքը: Այսօր էլ եղանակը խանգարեց, թե չէ թիվը կավելանար… Թռիչքը շատ կարեւոր է. չէ՞ որ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողը պատերազմի ժամանակ պետք է պատրաստ լինի թշնամու թիկունք տեղափոխվել նաեւ օդով:

-Եթե պատերազմ լինի…

-Ինձ համար հիմա էլ է պատերազմ, եւ ես դրա կիզակետում եմ` դիրքում: Իմ տեղը միշտ առաջնագծում է:

-Ձեր նշանաբանը:

-Կուրորեն կատարել առաջադրանքը եւ լուծել ընկած հայ զինվորի վրեժը… Ես անասելի ցավ եմ ապրում, երբ զոհ ենք ունենում… Ես ամեն անգամ հարազատի եմ կորցնում…

-Դժվար առաքելություն կնոջ համար…

-Կին լինելուց առաջ ես մարդ եմ, զինվորական… Ծառայում եմ ազգի եւ հայրենիքի համար… Վերջերս գնացի առաջադրանք կատարելու, այդ դիրքում քսանամյա տղա էր զոհվել… Նրա արյունը դեռ հողին էր, չէր չորացել (հուզվում է)… Ասեմ` վրեժ լուծելիս ձեռքս չի դողում…

-Ձեր սիրելի զենքը:

– Ձեռքիս զենքն է, որից անբաժան եմ… Զենքն ու դիպուկահարը մեկ մարմին եւ մեկ հոգի պետք է լինեն… Ես կյանքս վստահում եմ նրան եւ հաճախ անգամ համբուրում եմ:

-Սնահավա՞տ եք:

-Հավատում եմ Աստծուն:

-Գայանեն պատժիչ գործողությունից առաջ եւ հետո:

-Տարբեր մարդիկ ենք… Գործողությունից առաջ իմ ներսում ցավ է, հետո` լռություն…

-Բնավորության ամենաուժեղ կողմը:

-Իմ ուժը իմ համառությունն է:

-Թույլ կողմը:

-Մեկ-մեկ իմ մեջ խոսում է կինը, որն ինձ խանգարում է:

-Իսկ ի՞նչն եք գնահատում մարդու մեջ:

-Մարդը պետք է երբեք չդադարի մարդ լինելուց…

-Ի՞նչ չեք սիրում:

-Սուտը:

-Ո՞րն է մեր բանակի ուժը:

-Սպաների ու զինվորների նվիրվածությունը:

-Ի՞նչ է հայրենիքը Ձեզ համար:

-Հողի, ժողովրդի ու զինվորի անքակտելի ամբողջությունը:

-Իսկ ի՞նչ է խաղաղությունը…

-Իմ մասնագիտությունը պատերազմելն է:

-Ո՞վ է Ձեր հերոսը:

-Մոնթեն: Տեսե՞լ եք լուսանկարը` նա փայտե նստարանի վրա քնած… Մոնթեն երբեք փափուկ տեղ չի փնտրել…

-Ո՞րն է լավ հրամանատարի չափանիշը:

-Հրամանատարը միշտ պիտի զինվորի կողքին լինի, զինվորից առաջ, բայց երբեք` հետեւում:

-Ի՞նչ գտաք բանակում:

-Ինքս ինձ, իմ չբացահայտված երանգները:

-Ի՞նչ կորցրիք:

-Ոչնչի համար չեմ զղջում:

-Անձնական կյանքի համար ժամանակ մնո՞ւմ է:

-Որդի ունեմ, ապագա զինվոր եմ դաստիարակում:

-Այնուամենայնիվ, հայ կնոջ գլխավոր առաքելությունը մա՞յր լինելն է:

-Նաեւ լավ զինընկեր ու զինվոր լինելը:

-Հերքո՞ւմ եք թույլ սեռ կարծրատիպը:

-Ծառայությունից դուրս համաձայն եմ: Բայց բանակում կիրառելի չէ… Եթե զենք ենք վերցնում, եթե առաջադրանք ենք կատարում, ուրեմն հավասար ենք, ուժեղ ենք:

-Դուք նաեւ աղջիկների ընդունելությամբ եք զբաղվում…

-Նման ցանկություն հայտնողներին տալիս եմ 20 կգ կշռող իմ ուսապարկը եւ ասում` եթե մեկ կիլոմետր քայլես, համեցի՛ր: Մեզ կամային բարձր հատկանիշներ ունեցող անհատներ են պետք:

-Ամենահիշվող դեպքը…

-Տագնապ էր հայտարարվել: Մեզ հատկացված տեղակայման վայրում էինք: Երրորդ օրը գլխավոր շտաբի պետը` գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, եկավ մեզ ստուգելու: Շարքում մեկ-երկու աղջիկ էինք: Նա թերահավատորեն նայեց մեզ, ապա խմբի ղեկավարին՝ աժդահա մի տղամարդու հանձնարարեց ոչնչացնել մոտակա բլրի վրա տեղակայված թիրախը: Այնուհետեւ ասաց. «Աղջիկներից մեկն էլ թող մոտենա, տեսնենք՝ կրակել գիտե՞»: Հրամանատարն ընտրեց ինձ: Կրակեցի, սպիտակ փոշի բարձրացավ: Թիրախը խոցված էր: Մոտեցա, որ զեկուցեմ, չհասցրի: Գլխավոր շտաբի պետը փաթաթվեց, ապա եւ համբուրեց ճակատս: Հրամայեց, որ մեքենայից նվեր բերեն, տղամարդու ժամացույց էր, ասաց. «Չէի մտածում, որ կնոջ եմ պարգեւատրելու»: Սա իմ առաջին հաջողությունն էր, չորս ամսվա ծառայող էի:

-Եթե նորից մասնագիտություն ընտրելու հնարավորություն ընձեռվե՞ր…

-Ես նորից կընտրեի զինվորական ծառայությունը: Միգուցե ծիծաղելի հնչի, բայց երեւի ես անցյալում էլ մարտիկ եմ եղել. հաճախ երազում ինձ տեսնում եմ ավարտված պատերազմների ամենաթեժ կետերում:

-Ես որոշել էի մեր զրույցի ավարտին խնդրել միամսյակի կապակցությամբ բարեմաղթանք հղել հայ կնոջը, բայց մտափոխվեցի: Կարծում եմ՝ զինվորը ունի Ձեր խորհրդի կարիքը…

-Սիրելի՛ զինվոր, գլուխդ երբեք նախատեսվածից ավելի մի՛ բարձրացրու, խնդրում եմ:

Զրուցեց Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆԸ

Խորագիր՝ #09 (1078) 12.03.2015 – 18.03.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


12/03/2015