Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԲԱՑ ԷԻՆ ԻՐ ՏԱՆ ԴՌՆԵՐԸ ԲՈԼՈՐԻՆ ԱՌՋԵՎ... ՎԱՆՔԻ ՄԸ ՊԵՍ
ԲԱՑ ԷԻՆ ԻՐ ՏԱՆ ԴՌՆԵՐԸ ԲՈԼՈՐԻՆ ԱՌՋԵՎ… ՎԱՆՔԻ ՄԸ ՊԵՍ

Զորավար Անդրանիկը ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի մասին

1904-ին, առաջին անգամ ըլլալով, տեսա եւ ճանչցա զայն իր բնակարանին մեջ՝ Սեւքարեցի Սաքոյին միջոցով: Բանաստեղծը իր զվարթ ու խնդուն բնավորությամբ լավ տպավորություն եւ անուշ զգացումներ ունենալու հմայքը ստեղծեց մեջս: Առաջին տեսակցությամբ մտերիմներ ու բարեկամներ էինք: Մեկ նայվածք մը բավ էր հասկնալու ու ճանչնալու անոր սրտի անբիծ ու նկարագրին անաղարտ վիճակը: Մագնիսական ուժ մը քաշած կապած էր զիս իրեն ավելի սիրելու, ավելի մտերմանալու, ավելի հիանալու եւ հարգելու: Բաց էին իր տան դռները բոլորին առջեւ: Վանքի մը պես ամեն օր ուխտավորներ եւ այցելուներ կմտնեին ու կելնեին` վայելելով այդ նահապետական տան ճոխ բարիքներն ու սեղանները: Առանց հյուրի սեղան չէր նստեր եւ ոչ ալ օրը կփակեր առանց բարի գործ մը կամ ծառայություն մը կատարելու: Վրեժխնդրություն, քեն, ատելություն, չարիք, նախանձ` կյանքի այս զգացումները անծանոթ էին իրեն: Բյուրեղի պես մաքուր ու պարզ էր իր սիրտն ու հոգին, եւ մանիշակի չափ խոնարհ ու քնքուշ: Տիպար հայ մըն էր` ազգասեր ու գործունյա: Այս գեղեցիկ ու բարձրագույն հատկանիշներով օժտված բանաստեղծը ոչ միայն սիրելի ու հարգելի էր հայ ժողովրդին, այլ կհարգվեր ու կսիրվեր ռուս, վրացի, պարսիկ ու թաթար ժողովուրդներեն… 1915-ին, երբ Վասպուրականը գրավվեցավ ռուսներեն, Թումանյան Վան եկավ տեսնելու իր ժողովուրդն ու հայրենիքը ավելի մոտեն: Ի՞նչ տպավորություններով վերադարձավ` չեմ գիտեր, բայց երբ 1915-ին Մեծ գաղթը եղավ ռուսներու կեղծ նահանջով, բանաստեղծը իր տունը, իր ընտանիքի վայելքները թողուցած, եկավ իր երկու չափահաս աղջիկներուն հետ Էջմիածինի, Իգդիրի ու Երեւանի վանքի պատերուն տակ խռնված գաղթականներուն օգնելու: