Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ



…Ճչում էին Արցախի քարերը, կիսավեր տներն ու եկեղեցիները։ Ճչում էր հազար ու մի գույն առած բնությունը՝ Արցախ, եղիցի լույս, Արցախ, լինելու է լույս։
Ֆիզուլիի տներից մեկում, որը հայ զինվորների համար ծառայում էր որպես զորանոց, մի անկյունում ընկած էր Զեյնաբ խանումի ձայնասկավառակը։ Ձայնասկավառակին հայ զինվորը գրել էր. «Զեյնաբ խանում, քո զինվորը քեզ էլ է լքել»։ Իսկ Հայաստանից այնտեղ մեկնած աղջիկը՝ Մարգարիտ Օհանյանը, ավելացրել՝ «Հայ աղջիկները ձեզ հետ են, հայ քաջեր, մենք ձեզ սիրում ենք»։ Այդ օրերից (1994թ.) որպես հուշ մնացել են Արարատի մարզի «Արամ Մանուկյան» (գեղ. ղեկավար Գ. Մանուկյան) եւ «Զարթոնք» (գեղ. ղեկավար Գ. Թադեւոսյան) երգի-պարի համույթների աղջիկների, պատերազմի մասնակիցների գրառումները այդ ձայնասկավառակին։ Եվ հավատում ես նրանց, հավատում ես նրանց խոսքերին՝ Արցախ. եղիցի լույս, Արցախ, լինելու է լույս…

«…Արցախ, դու նա ես, ով իր բացակայությամբ դատարկ է թողնում իմ էությունը։
Դու փոթորկեցիր իմ հոգին, իմ Արցախ աշխարհ»։
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Դարեր են եկել, անցել, բայց միշտ անսասան ես մնացել, իմ ժողովուրդ»։
Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆ

«Արցախ, դու այս անգամ քո ուզածով պետք է առաջնորդվես դեպի կյանք, հավերժություն, որ էլ անուղղելի հանցանք չկատարվի»։
Ք. ԲԱԼՈՒՄՅԱՆ

«Շուշվա բերդն անգամ հպարտ է կանգնած թշնամու դիմաց, իսկ Ղազանչեցոց վանքը մեր հավատն է պահում իր սուրբ կամարների տակ»։
Ք. ՄԱՀԼԱՄՅԱՆ

«Արցախ, ֆիդայիները քեզ հետ են մինչեւ մահ կամ վերջնական հաղթանակ»։
ԴՈՒՇՄԱՆ

«Հայ զինվոր՝
Աչքդ կտուր, թուրդ՝ սուր
Բարի ճամփա մինչեւ Քուռ»։
Ռ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Մեր թաղված վանքերը շուտով կբացվեն, ու աշխարհի մարդկանց լույսը, հույսը կավելանա։ Ֆիզուլին էլ գուցե կկոչվի իր կողքի մոռացված Կավագի վանքի անունով»։
Հ. ԱՌԱՔԵԼՅԱՆ

«Ահա այստեղ երկու զինվոր տղաներ ավտոմատով կանգնեցին թուրքի տանկի դիմաց ու ոչ մի քայլ չնահանջեցին։ Տանկի թրթուրներն այստեղ պտտվեցին։ Նրանք իմ փոքր եղբայրներն էին, եւ սա նրանց գծած սահմանն է։ Այստեղ է իմ տեղը»։
Հ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«Ախ, իմ հայրենիք, դու հազարամյա իմ ճակատագիր…»։
Ա. ՍԱՖԱՐՅԱՆ

«Թոքերի վիրահատություն եմ տարել, վիրավորվել, սակայն շունչս կտրվում է այն ժամանակ, երբ դիրքերից տուն եմ իջնում։ Իմ երեք որդիներն էլ կարոտում են, սակայն հպարտ եմ»։
Գ. ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Թող արի աստվածները մեզ զորավիգ լինեն»։
Հ. ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

«Ես զինվոր եմ եղել դեռ չծնված, որովհետեւ նախնիներիս արյունը ինձ այդ է փոխանցել։ Որպես հրամանատար ես գտնում եմ, որ ամենակարեւորը հայ զինվորի մեջ Հավատն է, այն պետք է ամրացնել։ Այդ հավատով նա դեռ երկար ճանապարհ կանցնի»։
Պ. ԶՈՒՌՆԱՉՅԱՆ

«Կռվեցին, ընկան տղաները, որպեսզի եկեղեցիները ղողանջեն, խունկը ծխա, եւ հուշարձան տանող ճանապարհով քայլի արցախցի երեխան»։
Ջ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Արցախ, դու մեր հույսն ես, հավատն ես, պարծանքն ես»։
Ն. ՔՈՉԱՐՅԱՆ

«Իր ազգը չսիրող անձը զուրկ է բարոյականությունից»։
Գ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Արցախ, էլ չես անջատվի հայրենի հողից, ինչպես մանուկը հարազատ մորից»։
Գ. ՍԱՀԱԿՅԱՆ

«Վերադարձած հայ գյուղացին արցունքն աչքերին նստել էր իր տան շեմին։ Արցախ, բարբարոսը փորձեց քեզ էլ դարձնել ավերակ ինչպես Անին, ու կարոտ թողնել այդ ավերակներին, սակայն դու պետք է ապրես։ Արցախ, քո որդիները վերադառնում են»։
Մ. ԱՄԻՐՅԱՆ

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #16 (881) 27.04.2011 – 4.05.2011, Հոգևոր-մշակութային


05/05/2011