Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ



Բացում եմ Սասուն Գրիգորյանի կազմած «Հուշամատյան սիրո և սխրանքի» ժողովածուն, որտեղ զետեղված են Հայրենական մեծ պատերազմում զոհված հայ բանաստեղծների ստեղծագործությունները:

Դեպքերի բերումով հետաքրքրվել եմ գրքում տեղ գտած այն պոետների կենսագրությամբ, ովքեր ծնունդով ինչ-որ չափով առնչվում են Վայոց ձորի կամ Սյունիքի հետ: Ու մի օր էլ կարդացի Նորիկ Նազարյանի բանաստեղծություններից ու առակներից մի փունջ վերոհիշյալ գրքում և տեղեկացա, որ Նորիկը Սիսիանի շրջանի Շաղատ պատմական մեծ անցյալ ունեցող գյուղից է: Հետաքրքրությունս անարդյունք չանցավ: Նախ իմացա, որ Նորիկի քույրը` Վերգուշը, երկար տարիներ հայոց լեզու և գրականություն է դասավանդել հայրենի դպրոցներում և որպես սրբազան մասունքներ, աչքի լույսի պես պահպանել է 22-ամյա զոհված եղբոր ստեղծագործությունները` տպագրված տեսնելու ակնկալիքով: Ձեռքիս ունենալով Նորիկի ստեղծագործությունները, ծանոթացա նաև Շաղատ գյուղի անվանի մարդկանցից մեկի` Հայաստանում հայտնի Գագիկ Խաչատրյանի հետ: Իմացա, որ նա որոշել է նախաձեռնել և հովանավորել Նորիկ Նազարյանի ժողովածուի տպագրությունը:

Վերընթերցելով Նորիկ Նազարյանի բանաստեղծություններն ու առակները, ափսոսանքի զգացումով տրոփեց սիրտս, և մտորումներիս մեջ փայլատակեցին մեծն Թումանյանի տողերը. «Ինչքա~ն ծաղիկ պիտի բուսներ, որ չըբուսավ էս հողին…»:

Նորիկ Նազարյանի հոգու ջերմությունից և հայրենի հողի հանդեպ ունեցած սիրուց բուսած ծաղիկները նրա անտիպ երգերն են, իսկ եթե նա չզոհվեր հեռավոր ափերում` ֆաշիստական դեղին ժանտախտի դեմ մղված մարտերում, քանի~-քանի~ գրքեր կունենար և իր տեղը կգրավեր այն անվանի պոետների շարքում, ովքեր ասպարեզ են իջել 1930-ական թվականներին, մասնակցել Մեծ հայրենականին, ապա հարստացրել մեր գրականությունը: Անշուշտ, այս օրերին մեր ժողովուրդը կնշեր նրա ծննդյան օրերը և կհնչեցներ անունը:

Նորիկ Նազարյանն իր մարտական ընկերների հետ

Նպատակահարմար ենք գտնում մեջբերել Նորիկ Նազարյանի համառոտ ինքնակենսագրությունը` գրված 1939թ.-ի հուլիսի 16-ին. «Ծնվել եմ 1919 թվականին Սիսիանի շրջանի Շաղատ գյուղում` հողագործի ընտանիքում: 1-5-րդ դասարանները սովորել եմ նույն գյուղի դպրոցում: 1933 թվականին եղբորս հետ տեղափոխվել եմ Երևան: Ընդունվել և ավարտել եմ Շահումյանի անվան դպրոցի 6-րդ դասարանը, ապա Թելմանի անվան դպրոցի 7-րդ դասարանը: Այնուհետև տեղափոխվել եմ արհեստական կաուչուկի գործարանի նորաբաց միջնակարգ դպրոցը և 1937-38 ուս. տարում ավարտել 10-րդ դասարանը: Ծնողներս ապրում են գյուղում, իսկ 67-ամյա հայրս աշխատում է կոլտնտեսությունում ու խնամում երկու փոքր եղբայրներիս և հիվանդ մորս: Ավագ եղբայրս, որի մոտ ես այժմ ապրում եմ, աշխատում է հիվանդանոցում: Ես բոլոր տարիների դպրոցական ամառային արձակուրդներին աշխատել եմ մեր կոլտնտեսությունում, շրջանային հիվանդանոցում, թերթի խմբագրությունում: 1938 թվականից աշխատում եմ Լուսավորության Ժողովրդական կոմիսարիատի թիվ 1 մանկատանը, որպես 5-6-րդ դասարանների դաստիարակ»:

Դեռևս 1934 թվականին, երբ նոր էր լրացել Նորիկի 15 տարին, Հայաստանի գրողների միությունում մանկագիրների բաժանմունքի հերթական պարապմունքում քննարկվել են Նորիկ Նազարյանի մանկական բանաստեղծությունները: Ելույթ ունեցողները նշել են, որ նրա երգերը պատկերավոր են, բովանդակալից, աշխույժ, փոքրերի համար հետաքրքրական: Քննարկման ժամանակ գրողներ Մ. Արազին, Ստ. Զորյանը, Ն. Զարյանը, Դ. Դեմիրճյանը, Մ. Մանվելյանը և ուրիշներ նշել են, որ Ն. Նազարյանն ունի գրելու շնորհք և խոստումնալից ապագա:

1939 թվականի փետրվարին Նորիկ Նազարյանը զորակոչվում է Կարմիր բանակ: Նրա երգերը տպագրվում են «Կարմիր զինվոր» թերթում: Հայրենական պատերազմի ժամանակ Նորիկը ծառայում է ավիագնդում՝ Զապորոժիեում և Կրիվոյ Ռոգում:

Ավա՜ղ, նա զոհվեց 1941 թվականին՝ սերունդներին թողնելով նահատակի մի սուրբ անուն և երգերի մի գիրք, որն այլևս հնարավոր չէ մատնել անտարբերության:

Նորիկի կյանքը լեգենդի է նման: Նա 13 տարեկան էր, երբ մի օր բախում է Եղիշե Չարենցի բնակարանի դուռը: Դուռը բացում է Չարենցը և սիրալիր հրավիրում ներս: Նորիկը մեծ պոետին է հանձնում իր առաջին թոթովանքները և արժանանում նրա խրախուսանքին: Այդ 1932 թվականին էր: Երեք տարի անց Նորիկը մասնակցում է պատանի ստեղծագործողների հանրապետական մրցույթին և արժանանում առաջին մրցանակի: Մրցանակ շահած նրա «Մոծակների հարսանիքը» տպագրվում է «Պիոներ կանչ» թերթում, ապա տեղ գտնում «Մեր պատանի ստեղծագործողները» ժողովածուում: Սա ոգևորում է պատանի բանաստեղծին: Նա հանդես է գալիս առակներով, երգիծական բանաստեղծություններով, պոեմներով: 1938թ.-ին լույս է տեսնում Նազարյանի «Առակներ և զրույցներ» ժողովածուն:

Զինվորագրվելով Կարմիր բանակին` Նորիկը շարունակում էր ստեղծագործել: Նա իր հարազատներին հղած նամակներում գրում է նաև քնարական կարոտալից տողեր: Նա իր նամակները հարստացնում է լեգենդներով և բալլադներով` երբեք չմտածելով, որ մի լեգենդ էլ ինքն է դառնալու: Ե՛վ նամակներում, և՛ չափածո տողերում նույն հայրենասեր և ծնողասեր բանաստեղծն ու քաղաքացին էր:

Վարդգես ԽԱՆՈՅԱՆ

ՆՈՐԻԿ ՆԱԶԱՐՅԱՆ

ՀԱՅՐԵՆԻՔԻՍ

Սիրագորով մայրն ես դու իմ, արևի վառ շող, հայրենի՛ք,

Մայր բնության արևի տակ ազատության հող, հայրենի՛ք,

Մեր մտքերի սլացումին թև ու թռիչք ես տվել դու,

Կյանքի ծաղկունք մանկանց համար դու կենսաբեր հող, հայրենի՛ք:

Քեզնով հպարտ ամեն երգիչ ջահել սրտիդ հետ է հիմա,

Վայելչության սիրով դյութված երգի զուլալ գետ է հիմա,

Ոսոխներիդ սիրտը խոցող մահու անշեղ նետ է հիմա,

Հնչուն խոսքի քնար ոսկի, խնդության երգ, իմ հայրենի՛ք:

Գովքդ ասող բյուր տաղերի հակինթ, ալմաստ, ագաթ ունես,

Աշխարհի դեմ բարձր պահած սեգ, լուսափայլ ճակատ ունես,

Մեր նոր կյանքի նավը վարող մտքի անհաս գագաթ ունես,

Վսեմ հույսի ցայտուն արտ ես, ծաղկուն պարտեզ, իմ հայրենի՛ք:

Անմահության անհաս ակունք, դու հիացմունք, իմ հայրենի՛ք:

1938թ.

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Թումանյանի երգի լեզուն զուլալ աղբյուր չէ, ի՞նչ է,

Շոգից էրված մարդու համար հովի համբույր չէ, ի՞նչ է,

Ո՞վ կարող է հող ու ջրին շունչ տալ էնքան հարազատ,

Նա խայտագույն ծաղկունքի մեջ ալվարդի բույր չէ, ի՞նչ է:

ՆԵՐԲՈՂ

Մեր սրտի մեջ ամենից թանկ

Մի բան ունենք` հայրենիք,

Նա մեր կյանքն է, մեր նորածագ,

Երջանկության բանալին:

Այդ մեծ անվան սիրով հրկեզ`

Ոռոգում ենք այգի, արտ,

Դարեր շողա, արևը քեզ,

Դարեր մնաս անաղարտ:

Խորագիր՝ #05 (1074) 12.02.2015 – 18.02.2015, Պատմության էջերից


11/02/2015