Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՍ



Հունվարի վերջին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հերթական նիստը, որի ավարտից հետո Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ընթերցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը: Այս պատմական փաստաթղթի բովանդակությունն ու պատմական նշանակությունը մեր թղթակից Բագրատ Մովսեսյանին ներկայացրեց բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Վերժինե Սվազլյանը:

Աննախադեպ պատմական օր էր 2015 թ. հունվարի 29-ը: Հայաստանի, Արցախի և Սփյուռքի պետական, քաղաքական, համայնքային, կրոնական և հասարակական կառույցների ներկայացուցիչները այցելել էին Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին և բովանդակ հայ ժողովրդի անունից հռչակագիր հղելու Միացյալ ազգերի կազմակերպությանը (ՄԱԿ) և համայն մարդկությանը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընթերցեց հռչակագրի բովանդակությունը, որը հիմնված էր 1990 թ. օգոստոսի 23-ի Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության վրա:

Այդ պատմական փաստաթղթում վկայակոչվում է ՄԱԿ-ի 1948 թ. դեկտեմբերի 10-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 1946 թ. դեկտեմբերի 11-ի 96(1) բանաձևը, 1948 թ. դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, 1968 թ. նոյեմբերի 26-ի «Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, ինչպես նաև 1966 թ. դեկտեմբերի 16-ի «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի և մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր այլ միջազգային ակտերի համապատասխան սկզբունքներն ու դրույթները, որոնք մարդկությանը կոչ են անում խաղաղ, համերաշխ համակեցության:

Այնինչ, պատմական իրողությունն այլ է, և սույն հռչակագիրը դատապարտում է 1894-1923 թթ. Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի ծրագրած ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար գործադրած ցեղասպանական քայլերը՝ հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկ զտումները, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը կամ լռության մատնելը և կամ արդարացնելու փորձերը, որոնք կարելի է բնութագրել որպես այդ հանցագործության շարունակություն և կամ՝ նոր ցեղասպանություն գործադրելու քաջալերանք:

Թուրքիայի կառավարությունը չի ուզում հիշել, որ 1919-1921 թթ. Օսմանյան ռազմական արտակարգ ատյանները «Իրավական և մարդկային օրենքների դեմ» գործադրված այդ ծանր ոճիրը առաջինը հենց իրենք են դատապարտել՝ մահապատժի որոշում կայացնելով Հայոց ցեղասպանությունը կազմակերպած ղեկավարների՝ Թալեաթի, Էնվերի, Ջեմալի և այլոց նկատմամբ:

1920 թ. օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագրով, ապա նաև նոյեմբերի 22-ի ԱՄՆ-ի Նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով պիտի հաղթահարվեին և հատուցվեին Հայոց ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդին հասցված տարաբնույթ վնասները: Սակայն՝ ավա՜ղ… Եվ հայ ժողովուրդն ստեղծեց հետևյալ երգը.

«Վուդրո Վիլսոն Մեծ Մարդը

Չկրցավ լուծել Հայոց Հարցը.

Մայրի՜կ, ջանս, դուն մի՛ լար,

Քույրի՜կ, ջանս, դուն մի՛ լար,

Մենք նորեն պիտի երթանք

Երկի՛րը մեր պապենական»:

Ուստի մենք մեր հույսը ո՛չ թե օտարների, այլ մե՛զ վրա պետք է դնենք, քանի որ 100 տարիների ընթացքում հայ ժողովուրդը դրսևորել է անկոտրում կամք ու ազգային ինքնագիտակցություն՝ վերականգնել է դարեր առաջ կորցրած իր ինքնիշխան պետականությունը, պահպանել և զարգացրել է ազգային մշակույթի, գիտության և կրթության ոլորտներն ու հասցրել վերածննդի` իր ուրույն ներդրումն ունենալով համաշխարհային քաղաքակրթության զարգացման ասպարեզում:

Բացի այդ, հայ քաջարի ժողովուրդն իր նշանակալից ներդրումն է ունեցել Առաջին և Երկրորդ աշխարհամարտերում միջազգային անվտանգության և խաղաղության հաստատման գործում, փայլուն հաղթանակներ է արձանագրել Սարդարապատի և Արցախի հերոսամարտերում: Եվ այժմ մեր հաղթական բանակը օր ու գիշեր աչալուրջ հսկում է Հայրենիքի սահմանները՝ սարսափի մեջ պահելով թշնամուն:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը կարևոր հանգրվան է: Տասնամյակներ շարունակ մենք բազմաբնույթ պատմագիտական-փաստագրական աշխատություններ ենք հրատարակել և պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար, իսկ այժմ մեր պայքարը պետք է նոր՝ իրավական մակարդակի բարձրացնենք:

Ուստի հռչակագիրը կոչ է անում ներկայիս և գալիք սերունդներին հայրենասեր, գիտակից և արժանապատիվ կեցվածքով պաշտպան կանգնելու մեր Հայրենի Սրբազան Հողին, նրա հազարամյա մշակութային ժառանգությանը, աննահանջ պայքարելու հանուն առավել հզոր հայրենիքի` ազատ և ժողովրդավար Հայաստանի և Արցախի Հանրապետությունների առաջընթացի ու զորացման և Սփյուռքի գործուն մասնակցությամբ իրականացնելու համայն հայության դարավոր նվիրական իղձերը:

Խորագիր՝ #04 (1073) 5.02.2015 – 11.02.2015, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


05/02/2015