Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՍՏՎԱԾ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔ



Հայ ժողովրդի բազմադարյա պատմության ընթացքում մեկ անգամ չէ, որ հայ հոգեւորականն ապացուցել է իր հավատքի ուժն ու զորությունը: Այսօր իրավիճակը գրեթե չի փոխվել: Սահմանին կանգնած յուրաքանչյուր զինվոր աղոթքով է դիմավորում լուսաբացը, աղոթելով անցկացնում գիշերը` զենքը ուսին, հավատը` սրտում:

Զինվորական ծառայությունից գրեթե ոչնչով չի տարբերվում հոգեւոր ծառայությունը: Մի դեպքում ուժը զենքն է, մյուս դեպքում` հավատը: Իսկ երկուսը մեկում կրկնակի ուժ է` հզոր ու անպարտելի: Հենց այս առաքելությամբ են այսօր հոգեւորականները զորամասերում անցկացնում իրենց հոգեւոր ծառայությունը` ծառայությունը հայրենիքին:

Հունվարի 28-ը զինծառայողների համար կրկնակի տոն էր: Այդ օրը Տավուշի մարզի զորամասերից մեկում Հայոց Բանակի 23-ամյակին նվիրված տոնական զինվորական շքերթից հետո տեղի ունեցավ զորամասի հոգևոր սպասավոր Սմբատ սարկավագ Խանվելյանի հեղինակած «Իմ հոգին զույգ հենարաններ ունի` Աստված և հայրենիք» գրքույկի շնորհանդեսը և հայրենիքի սահմանների պաշտպանության համար զինծառայողների ծնողների կազմակերպած մատաղօրհնեքի արարողությունը, որը կատարվեց զինծառայողների կառուցած մատուռի մոտ:

Միջոցառման ընթացքում գրքույկի հեղինակ Սմբատ սարկավագը ներկայացրեց գրքույկի բովանդակությունը` նշելով, որ այն ստեղծվել է մերժելու այն թյուր կարծիքը, թե Նժդեհը դեմ է եղել քրիստոնեությանը, հակառակը` Նժդեհը քրիստոնեությունը բնութագրում է «ոգեշունչ…, և հենց այդ էր պատճառը, որ նրա գիրկը նետւողներէն առաջինը եղավ հայը»: Առ Աստված ունեցած հավատի մասին սարկավագը մեջբերեց նժդեհյան տողերը. «Վախը դադարում է, վտանգը՝ տեղի տալիս, մահը մեռնում է հենց որ մարդու որդին իր գիտակցության ամբողջ զորությամբ կրկնում է՝ Ես էլ Աստծո որդի եմ»:

Շնորհանդեսի ավարտին Սմբատ սարկավագ Խանվելյանը, խրախուսման կարգով լավագույն զինվորներին իր հեղինակած գրքույկից մեկական օրինակ նվիրեց:

Անուշ ԱՂԱՍԱՐՅԱՆ

Խորագիր՝ #04 (1073) 5.02.2015 – 11.02.2015, Ազգային բանակ


05/02/2015