Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԴՐԲԵՋԱՆԸ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՋԻՀԱԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՌԵՍՈՒՐՍԱՅԻՆ ԵՐԿԻՐ



Մերձավոր Արեւելքում ծավալվող գործընթացները տարածաշրջանում ստեղծել են նոր աշխարհաքաղաքական իրավիճակ: Եվ ի դեմս «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, ոչ միայն տարածաշրջանը, այլեւ ամբողջ աշխարհը կանգնել է նոր մարտահրավերների առաջ: Իսկ ի՞նչ դեր է խաղում իսլամը Ադրբեջանի ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ, պարզաբանում է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող, արաբագետ, ԵՊՀ դոցենտ ԱՐԱՔՍ ՓԱՇԱՅԱՆԸ:

-Հարգելի՛ Արաքս, ի՞նչ դերակատարություն ունի իսլամն այսօրվա Ադրբեջանում:

-Բաքուն տասնամյակներ ի վեր լավագույնս օգտագործում է իսլամական գործոնն արտաքին քաղաքականության մեջ՝ Հայաստանի դեմ քարոզչության և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության հարցում միջազգային հանրության աջակցությունը ձեռք բերելու համար: 1991 թ. Ադրբեջանը դարձավ իսլամական աշխարհի կրոնա-քաղաքական՝ Իսլամական համագործակցություն կազմակերպության (ԻՀԿ) անդամ և իր խնդիրները տեղափոխեց այս կառույցի օրակարգ, որը մասնավորապես Հայաստանի հարցում շատ կոշտ դիրքորոշում ունի: Ադրբեջանի իշխանությունները մշտապես նշում են, որ իրենք իսլամական աշխարհի մի բաղկացուցիչն են, միջազգային իսլամական հանրության՝ Ումմայի անդամը, և գործուն համագործակցում են ԻՀԿ-ի հետ, պաշտպանում իսլամական համերաշխության գաղափարը: Ադրբեջանում ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են ԻՀԿ ամենատարբեր մակարդակի հանդիպումներ, որոնք դառնում են հակահայկական քսենոֆոբիայի արտահայտման Ալիևի լսարանը:

-Իսկ ո՞րն է իսլամի նշանակությունը Ադրբեջանի ներկա հասարակական գործընթացներում:

-Խորհրդային և հետխորհրդային տարիներին իսլամի դերն աննշան էր հասարակական գործընթացներում, բայց ահա վերջին շրջանում իսլամն սկսել է գործոն դառնալ: Թե՛ շիաական, թե՛ սուննիական շրջանակներում մեծացել են կրոնասիրության ծավալները, հետաքրքրություն է առաջացել իսլամի և իսլամական ուսմունքի նկատմամբ, ավելացել է կրոնական գլխաշոր՝ հիջաբ կրող աղջիկների և կանանց, նաև մզկիթ հաճախողների, Ռամադան ամսին ծոմ պահողների, իսլամական սրբատեղիներ այցելողների թիվը:

-Դատելով մահմեդական աշխարհում տեղի ունեցող վերջին իրադարձություններից, կարելի՞ է արդյոք ենթադրել, որ իսլամը կդառնա ամուր հենարան հետագա ընդդիմադիր շարժումների համար, և հնարավո՞ր է, որ Ադրբեջանում նույնպես «արաբական գարնան» ականատեսը լինենք:

-Այո՛, չի բացառվում, որ իսլամի շուրջ տարբեր ընդդիմադիր ուժեր համախմբվեն: Դա կլինի ոչ ցանկալի սցենար իշխանությունների համար: Ադրբեջանում կա գաղափարական դատարկություն, որը ցանկացած հարմար պահի կարող է լցվել իսլամով: Իսլամը նրանց համար հարազատ գաղափարախոսություն է, իրենք իսլամական արմատներ ունեցող հասարակություն են:

– Այսինքն` հնարավո՞ր է, որ Ադրբեջանում աշխուժանան կամ իշխանության գան ծայրահեղ իսլամիստները:

-Թե՛ քաղաքական, թե՛ կրոնական դաշտում Ադրբեջանում իսլամական ծայրահեղական տրամադրություններ գոյություն ունեն դեռևս անկախությունից ի վեր, սակայն դրանք շատ փոքր տոկոս են կազմում: Իշխանությունները, որպես կանոն, ամենակոշտ ձևերով ու հետևողականորեն պայքարում են ընդհանրապես ամեն տեսակի կրոնական աշխուժության ու կրոնական արմատականության դեմ, հակազդում արտաքին կրոնական ներթափանցումներին: Իշխանափոխություն այս պահին, այն էլ կրոնական ծայրահեղական ուժերի կողմի՞ց, չեմ կարծում, թե հավանական է: Բացի այն, որ իրենց ազգային անվտանգությունը վերահսկում է իրավիճակը, հասարակության մեջ կրոնական ծայրահեղական տրամադրությունները լայն աջակցություն չունեն:

-Ի՞նչ դեր կարող է ունենալ Թուրքիան Ադրբեջանում ծայրահեղականության տարածման հարցում:

-Թուրքիան օգտագործում է Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղի հարցը Հայաստանի դեմ իր քարոզչության մեջ: Թուրքական իշխանություններն իրենց երկրում փորձում են հակազդել կրոնական ծայրահեղականության ներթափանցմանը, քանի որ գիտակցում են դրա բացասական հետևանքները, բայց ուղղորդում են այն իրենց հակառակորդների՝ նույն Սիրիայի դեմ: Ադրբեջանում ազդեցության լծակներ ունենալու համար Անկարան ամեն ինչ էլ կարող է անել, բայց թե ինչ իրավիճակում, և ինչը կարող է շահեկան կլինի Թուրքիայի համար, հիմա դժվարանում եմ ասել: Մի բան հստակ է` սուննի իսլամի թուրքական մեկնաբանությունն Ադրբեջանում տարածելու հարցում Թուրքիան, կարելի է ասել, հաջողել է:

– Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է, որ ԻՊ-ի ուժեղացումը սպառնալիք դառնա նաև Այսրկովկասի համար: Եվ ինչպե՞ս դա կարող է անդրադառնալ ՀՀ և ԼՂՀ անվտանգության վրա:

-Կարծում եմ՝ ոչ մի բան էլ բացառված չէ մեր պարագայում, մանավանդ, որ Թուրքիան համագործակցում է «Իսլամական պետության» հետ և կարողանում է ուղղորդել այդ կառույցի ներուժը որտեղ որ պետք է: «Իսլամական պետությունը» պարփակված է Իրաքի և Սիրիայի տարածքներում և առաջ շարժվելու որևէ միտում դեռ չունի: Իսկ ահա Ադրբեջանը միջազգային ջիհադական շարժման համար ռեսուրսային երկիր է դարձել, և կարծում եմ իրենք մտահոգվելու առիթ ունեն:

Զրուցեց Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆԸ

Խորագիր՝ #04 (1073) 5.02.2015 – 11.02.2015, Տարածաշրջան


05/02/2015