Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԼՈ՛ՒԽԴ ԲԱՐՁՐ, ԳԵՆԵՐԱԼ…



Վերջերս ծառայությունից ազատվել է Ադրբեջանի ԶՈւ հակաօդային պաշտպանության հրամանատար, գեներալ-մայոր Ալթայ Մեհդիևը: Նա Ադրբեջանի բանակի բարձրաստիճան սպաների առավել հայտնի ներկայացուցիչներից էր: Բազմաթիվ բարձր պաշտոններ է զբաղեցրել պաշտպանական համակարգում: Ղարաբաղյան պատերազմի մասնակից է: Պաշտոնական հաղորդագրությունը գեներալի պաշտոնանկության փակագծերը չի բացում, սակայն Թալիշստանի ազգային հեռուստատեսության ունեցած տվյալներով՝ հիմնական պատճառը գեներալի ազգային պատկանելությունն է: Բանն այն է, որ հատկապես վերջին ժամանակներս Ադրբեջանում բավականին սրվել է ներազգային իրավիճակը հատկապես թալիշական գործոնի ազդեցության ներքո: Այս փաստի լավագույն վկայությունը թերևս երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետևյալ արտահայտությունն է կառավարության վերջին նիստերից մեկում. «Մենք ստիպված ենք հաշվի նստել այն գործոնների հետ, որոնք «քնած» էինք կարծում, բայց սկսել են արթնանալ և աշխուժության նշաններ ցույց տալ»: Այս համատեքստում, բնականաբար, ավելի սուր «հավատաքննության» պետք է ենթարկվեին ամենից առաջ անվտանգության, պաշտպանական համակարգերի հետ առնչություն ունեցող և բարձր դիրքեր գրավող կադրերը:

Թալիշստանի ազգային հեռուստատեսության հաղորդմամբ՝ գեներալ Ալթայ Մեհդիևը զտարյուն թալիշ է, զինվորական, որ թեև երկար տարիներ հավատարմորեն ծառայել է ռեժիմին, բայց, այդուհանդերձ, երբեք չի թաքցրել իր ազգային պատկանելությունը, պահել-պահպանել է իր ազգային նկարագիրն ու դիմագիծը, ինչն էլ անվստահության տեղիք է տվել և պաշտոնանկության պատճառ դարձել:

Ներկայումս, ըստ վերոհիշյալ աղբյուրի, գեներալ Մեհդիևը թողել է ամեն ինչ և վերադարձել հայրենի Լենքորան, ավելի ստույգ` թալիշաբնակ այն գյուղը, որտեղ ծնվել է: Այս առթիվ տարածած հայտարարության մեջ Թալիշստանի ազգային հեռուստատեսությունը, դիմելով Ադրբեջանի բանակում ծառայող բոլոր թալիշներին, մասնավորապես՝ ասում է. «Սիրելի հայրենակիցներ, կա՞ որևէ մեկը, որ ավելի շատ ծառայություններ ունի Ադրբեջանի թուրքական պետության առաջ, քան մեր հայրենակից գեներալ Մեհդիևը… Թող նրա այսօրվա անմխիթար վիճակն ու ճակատագիրը դաս լինի բոլոր նրանց, ովքեր անձնվիրաբար կծառայեն օտարին` իրենց կուրորեն համարելով այդ երկրի լիիրավ անդամն ու քաղաքացին… Գեներալը, ի վերջո, վերադարձավ այնտեղ, որտեղ պետք է լիներ` իր ժողովրդի գիրկը»:

Հայտարարության վերջում ԹԱՀ-ը դիմում է Ալթայ Մեհդիևին. «Հարգարժան գեներալ, գլուխդ բարձր: Դու պետք է երջանիկ լինես, որ ազատվել ես Ադրբեջանի ասկերական օկուպացիոն բանակից… Հիմա դու ազատ ես, քո գլխի տերը, և թալիշ ժողովուրդը կանգնած է քո մեջքին… Դու դեռ անելիք ունես, այս անգամ արդեն քո ժողովրդի ազատության, քո Թալիշստանի անկախության համար»:

Պատրաստեց Գ. ԱՍԱՏՐՅԱՆԸ

Խորագիր՝ #04 (1073) 5.02.2015 – 11.02.2015, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան


05/02/2015