Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ… ԶՈՐԱՄԱՍ



Երեւանցի դպրոցականները մի քանի օր ապրեցին զորամասում` զինվորի հետ, նույն հարկի տակ

Ուզում եք գուշակել, տեսնել մի ժողովրդի ապագան, նայեք նրա երիտասարդությանը, չէ որ վաղը ազգովի պիտի հնձենք այն, ինչ սերմանում ենք այսօր:

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

Հզոր պետություն ունենալու համար անչափ կարեւոր է վաղվա մեր քաղաքացիներին ճիշտ կրթելն ու դաստիարակելը: Պաշտպանության նախարարությունը դպրոցների հետ համատեղ համակարգված աշխատանք է տանում հայրենանվեր, հայրենիքին տեր եւ զինվոր դաստիարակելու ուղղությամբ:

Երեւանի Աշոտ Նավասարդյանի անվան N196 դպրոցում ենք: Բազմազան ու բազմաբովանդակ, դիտարժան նյութերով հագեցած է դպրոցի ամեն անկյունը: Դրանցից ամեն մեկն ասես խոսուն, բաց դաս է աշակերտների համար: Գրել դպրոցի մասին ու չներկայացնել Աշոտ Նավասարդյանի անունը կրող հուշասրահ-թանգարանը, նշանակում է ասելիքը թերի թողնել: Սակայն մի հոդվածի շրջանակում կատարված հսկայածավալ աշխատանքը ներկայացնելն էլ անհնար է:

Կրթօջախում բոլոր տոները անխտիր նշվում են մեծ շուքով, կազմակերպվում են ազգային հերոսների մեծարման գեղեցիկ միջոցառումներ, տարածքի ազատամարտիկներն ու զոհված քաջերի հարազատները եւս ուշադրության կենտրոնում են:

-Ռազմահայրենասիրական դաստիարակության առաջնային օղակ է դպրոցը, եւ գաղափարադաստիարակչական աշխատանքը նույնքան կարեւոր է, որքան եւ մարտականը,- շեշտում է տնօրենը՝ Անուշ Նավասարդյանը, ապա ավելացնում,- երբեմն ինձ կատակով ասում են, թե դպրոցը զորամասի եմ վերածել:

Ուսումնական տարվա սկզբին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հենց այս դպրոցում «Արիության դաս» անցկացրեց:

-Նախարարին խնդրեցինք աջակցել մեզ՝ այցելելու Արցախ, ուզում էինք ուխտագնացություն կազմակերպել Անկախության բանակի անցած ուղիով: Նախարարը սիրով ընդառաջեց: Մեկնեցինք Շուշի, Մարտակերտ… Այցի շրջանակներում հյուրընկալվեցինք նաեւ Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղում, որտեղ եւս Աշոտ Նավասարդյանի անունով դպրոց կա… Հետո այցելեցինք հենց այն զորամաս, որի մարտիկները 2014թ. հուլիս-օգոստոս ամիսներին հակառակորդի դիվերսիոն հարձակումներն էին հետ մղել: Աշակերտները ինչպիսի հիացմունքով, կլանված էին ունկնդրում զինվոր տղաների պատմությունները այդ օրերի հերոսական դրվագների մասին, անսպառ հարցերի տարափ տեղում…

Դպրոցականները մի քանի օր ապրեցին զինվորական միջավայրում, ու նրանցից ամեն մեկն ավելի կարեւորեց զինվորի դերն ու նշանակությունը հայրենիքի համար, իրենք էլ իրենց մի քիչ զինվոր զգացին… Տեսնել էր պետք` վաղ առավոտյան ինչպես էին արագ արթնանում, մարզվում՝ զինվորական վարժանքները փորձելով ճշգրտորեն կատարել, հապա զենք քանդել-հավաքելու ժամանակ ինչպես էին ջանում ամեն կերպ զարմացնել իրենց ունակություններով (ի դեպ, դպրոցի սաներից մի քանիսը ցուցաբերած լավագույն արդյունքների համար հրամանատար, գնդապետ Է. Ասրյանի կողմից արժանացան պատվոգրերի):

Վերադարձանք անչափ տպավորված, հպարտ՝ մենք տեսել ենք, թե ինչ ահռելի աշխատանքներ են կատարվել` զինվորների պայմանները բարելավելու համար, թե ինչ ջանքեր են գործադրվել, որ զինվորը լավագույնս լինի կոփված, ամուր: Ամենակարեւորը՝ վերադարձել ենք խաղաղված սրտով՝ մենք տեսել ենք մեր բանակի ուժը՝ անկոտրում ոգով, քաջ ու անվեհեր մեր զինվորին եւ հրամանատարին… Ու բնավ էլ չզարմացա, երբ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանի՝ զինվորներին նամակ գրելու առաջարկին աշակերտներն այդքան ոգեւորված եւ խանդավառ արձագանքեցին: Դպրոցի զինղեկ Ս. Խլղաթյանի միջոցով էլ Տավուշի զորամաս ուղարկեցինք քաղցրավենիք, գրքեր, տեսաֆիլմեր եւ մեր աշակերտների ջերմ նամակները: Տեսնել էր պետք, թե ոնց էին ուրախացել մեր աշակերտները, երբ ստացան իրենց նամակների պատասխանները. զինվորները չէին զլացել՝ մեկիկ-մեկիկ պատասխանել էին բոլորին:

Գուցե մեր արածը շատ փոքր, չնչին բան է, բայց, միեւնույն է, այսպիսի ուշադրությունը պետք է զինվորին, զինվորը պետք է զգա, որ մենակ չէ. զինվորը զգում է հասարակության ուշադրությունը, գնահատանքը, հոգատարությունը, սրտացավությունը եւ է՛լ ավելի քաջալերվում, է՛լ ավելի նվիրումով, ավելի պարտավորված է ծառայում, որովհետեւ եւս մեկ անգամ համոզվում է՝ թիկունքում օտար մարդ չկա, բոլորն էլ հարազատ են…

Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր

Հ.Գ. Բոլորովին վերջերս՝ Ամանորի տոների կապակցությամբ, Աշոտ Նավասարդյանի անվան դպրոցի աշակերտները զորամասերից մեկի զինվորներին իրենց ձեռքով ձեւավորած շնորհավորական բացիկներ, ջերմ նամակներ էին ուղարկել եւ նաեւ դպրոցում կայացած տոնածառի մրցույթում հաղթած 6-րդ Գ դասարանի զարդարած Խաղաղության խորհրդանիշ տոնածառը: Խաղաղության տոնածառը՝ խաղաղության պաշտպաններին…

Խորագիր՝ #02 (1071) 22.01.2015 – 28.01.2015, Բանակ և հասարակություն


22/01/2015