Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԸ» ՏԱՔԱՆՈՒՄ Է



2015 թվականի հունվարի 1-ին ստեղծվեց Եվրասիական Տնտեսական Միությունը, որին հունվարի 2-ին միացավ նաև Հայաստանի Հանրապետությունը: Նոր միջազգային կառույցի ստեղծումը փաստացի նոր իրավիճակ ազդարարեց միջազգային հարաբերությունների դաշտում. թեև այն զուտ տնտեսական է, սակայն կապված է աշխարհաքաղաքական լրջագույն վերադասավորումների հետ, որոնք տեղի ունեցան 2014 թվականին և շարունակություն կունենան նաև այս տարի: Բացի այդ, Ռուսաստանի նախագահությունը ԲՌԻՔՍ-ում այդ գործընթացների համար խոշորագույն խաղարկողի դերակատարություն կունենա:

Անցած տարվա ընթացքում բացահայտվեցին աշխարհաքաղաքական այն տարաձայնությունները, որոնք առկա էին միջազգային հարաբերությունների դաշտում վերջին տասնամյակում: Ավելի հստակ դարձավ, որ սուր պայքար է ծավալվել միաբևեռ աշխարհի դեմ, և այդ պայքարում միավորվում են դարավոր մրցակիցները, բաժանվում բարեկամ և նույնիսկ եղբայր ժողովուրդները: Հարաբերությունների պարզաբանման տարվա հիմնական թատերաբեմը դարձավ Ուկրաինան:

2013 թվականի աշնանը Կիևում ընթացող հակակառավարական ցույցերի ժամանակ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ մի տարի անց կապրեն մի այնպիսի երկրում, որը դառնալու է Արևմուտքի և Ռուսաստանի միջև ուժերի չափման հիմնական մրցադաշտը: Վաշինգտոնում և Բրյուսելում սխալմամբ թերագնահատում էին Մոսկվայի դերակատարությունն Ուկրաինայի հարցում, երբ փորձում էին Կիևը տանել իրենց համար ցանկալի ճանապարհով. Ուկրաինան Եվրամիության հետ ասոցացման պայմանագիր ստորագրելով՝ փաստացի կայացրեց այդ երկրի տարածքային ամբողջականության մահվան դատավճիռը: Ելնելով ազգային անվտանգության պահանջներից` Ռուսաստանն առանց կրակոցի իրեն վերադարձրեց Ղրիմը: Թերակղզու նմանօրինակ միացումը ստացավ «հիբրիդային պատերազմ» անվանումը: Հունիսից Ուկրաինան մտավ քաղաքացիական պատերազմի մեջ. Կիևից առանձնացան ռուսաբնակ Դոնեցկի և Լուգանսկի մարզերը:

Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում առաջացած հակասություններն ավելի հստակեցվեցին սեպտեմբերին Կարդիֆ քաղաքում ընթացող Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների ղեկավարների 65-րդ վեհաժողովի ժամանակ: Թեև այն նախաձեռնել էին Աֆղանստանից զորքերի դուրսբերման, ինչպես նաև իրաքյան, սիրիական և լիբիական հարցերի քննարկման նպատակով, բայց ուկրաինական ճգնաժամի պայմաններում վեհաժողովն այլ բովանդակություն եւ ընթացք ստացավ: Հանդիպումն առանձնացավ նրանով, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում առաջին անգամ վեհաժողովին մասնակցելու չհրավիրվեց Ռուսաստանը, այն դեպքում, երբ քննարկվող հարցերի մեծ մասը կապված էր հենց Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններին: Արդյունքում` Ռուսաստանի դեմ սկսեցին կիրառվել պատժամիջոցներ, փորձ արվեց նավթի գնի կտրուկ իջեցումով տապալել ռուսական շուկան:

Բնական է, որ արևմտյան նախկին գործընկերների նման պահելաոճը Մոսկվային ստիպեց վերանայելու իր ռազմավարությունը: Կրեմլը պաշտոնապես հայտարարեց, որ վերաթարմացնելու է հրթիռային համակարգը, իսկ միջուկային զենքը կարող է օգտագործել ոչ միայն իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, այլ նաև իր դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար: Կառուցվածքային փոփոխություններ տեղի ունեցան ՀԱՊԿ ռազմական ստորաբաժանումների շրջանակներում, դեկտեմբերին Աբխազիայի հետ ստորագրվեց հատուկ ռազմաքաղաքական պայմանագիր, որը փաստացի ասոցացման դաշինք էր նախատեսում Ռուսաստանի հետ: Ավելին` ռուսական ռազմակայանների տեղակայման մասին պայմանագրեր ստորագրվեցին նաև Վենեսուելայի, Կուբայի, Արգենտինայի հետ: Դարակազմիկ տնտեսական պայմանագիր ստորագրվեց Թուրքիայի հետ, որը նաև ռազմաքաղաքական կարևոր նշանակություն ուներ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի համախմբեց 5 զարգացող երկրների` Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության տնտեսական դաշինքը` ընդդեմ ԱՄՆ-ի և Եվրամիության:

Ուկրաինայի շուրջ ստեղծված պայմաններում Լեհաստանը, Ռումինիան և մերձբալթյան երկրները հանդես եկան իրենց տարածքներում ԱՄՆ ռազմակայանների տեղակայման խնդրանքով, բայց հենց Վաշինգտոնի հաշվին: Որոշվեց մեկ տարվա ընթացքում ստեղծել արագ արձագանքման ստորաբաժանումներ: Դրանք տեղակայվելու են Ռուսաստանին սահմանակից ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածքում, բայց հիմնական տեղակայման վայրը կլինի Լեհաստանը: Հատուկ արձագանքման ստորաբաժանումների զինծառայողների ընդհանուր թիվը կհասնի 25 հազարի՝ բոլոր 28 երկրներից ռոտացիոն կարգով: Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Նորվեգիան և Նիդեռլանդներն Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում պայմանագիր են ստորագրել էքսպեդիցիոն զորամիավորում ստեղծելու մասին։ Նոր ռազմական ձևավորումը կստեղծվի առաջիկա տարիների ընթացքում՝ Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ և կներառի դաշինքի՝ վերը նշված յոթ պետությունների ցամաքային ռազմուժը, ծովուժը և օդուժը։ Վեհաժողովում «ոսկե գործընկերոջ» կարգավիճակ ստացավ նաև Վրաստանը: Համաձայնեցվել է միջոցառումների մի փաթեթ, որն ուղղված է Վրաստանի պաշտպանական ներուժի ամրապնդմանը և ՆԱՏՕ-ին վերջինիս անդամակցության գործընթացի արագացմանը: Տարեվերջին Ուկրաինայի խորհրդարանը որոշում ընդունեց վերացնելու դաշինքներին չմիանալու երկրի կարգավիճակը, որով հնարավորություն տրվեց միանալու ՆԱՏՕ-ին:

Դեռ սեպտեմբերին Ուկրաինայում կրակի դադարեցման մասին պայմանավորվածություններն արդեն այս օրերին խախտվեցին, և ճգնաժամը կրկին մտավ ռազմական փուլ` նոր զոհերով և հումանիտար աղետով: Ռուսաստանի հետ առճակատումը հանգեցրեց նրան, որ եվրոպական երկրները հայտնվեցին մեկ այլ մարտահրավերի` նոր ուժ հավաքած ծայրահեղ իսլամիստների գրոհի առջև, որոնք սպառնում են Եվրոպայի կայունությանն ու անվտանգությանը: Եվ եթե Եվրամիությունում նախընտրում են մեղմացնել հակառուսական պատժամիջոցները, ապա Բարաք Օբամայի վարչակազմը կողմնակից է ավելի կոշտ միջոցառումների: Վաշինգտոնում այլևս չեն թաքցնում, որ ռուսաստանյան ընդդիմությանը լրջորեն նախապատրաստում են հակակառավարական վճռական քայլերի` կա՛մ ՌԴ նախագահի դիրքերը երկրում թուլացնելու և, բնականաբար, Ուկրաինայի հարցում զիջումներ կորզելու, կա՛մ նրան ընդհանրապես պաշտոնանկ անելու նպատակով:

Արևմուտք-Ռուսաստան լարվածությունը, սակայն, չկարողացավ շրջանցել Հայաստանը: Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանությունը և դրան հաջորդած զարգացումները ցույց տվեցին, որ Հայաստանի շուրջ ծավալվում է աշխարհաքաղաքական լուրջ պայքար, և մեր երկիրը փաստացի իր վրա է կրում Ուկրաինական ճգնաժամի հսկայական ազդեցությունը: Եվ եթե նախկինում հայկական տեղեկատվական դաշտը հիմնականում ենթարկվում էր թուրքական և ադրբեջանական հարձակումներին, ապա այժմ արդեն խոցվում է նաեւ ուկրաինական հակառուսական ապատեղեկատվությամբ և սադրանքներով: Միաժամանակ տեղեկատվական իներտություն կամ, այսպես ասած, զգուշավորություն է դրսեւորում Ռուսաստանը, ինչը թերեւս խորհրդային ժամանակների վերապրուկ է: Երկկողմ դաշնակցային հարաբերություններն այս պահին փորձությունների են ենթարկվում, և այս պարագայում աշխույժ ջանքեր են պետք իրավիճակը բնականոն հուն վերադարձնելու համար:

Փաստացի` աշխարհը մուտք գործեց 2015 թվական ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում նոր «Սառը պատերազմի» պայմաններում:

Բագրատ ՄՈՎՍԻՍՅԱՆ
լեյտենանտ

Խորագիր՝ #02 (1071) 22.01.2015 – 28.01.2015, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան


22/01/2015