Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՁԵՎԸ



ՌԱԴԻՈԿԱՊԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ

«Հայաստանի ԴՕՍԱԱՖ» հասարակական կազմակերպության և ՀՀ Ռադիոսպորտի ֆեդերացիայի յոթնամյա համատեղ ջանքերը պսակվեցին նշանակալի հաջողությամբ՝ միջազգային ճանաչման արժանացնելով ոլորտի առաջատար մարզիկներին: Ռադիոկապի Հայաստանի հավաքականը հաղթել է աշխարհի մի շարք առաջնություններում և արժանացել չեմպիոնի կոչման:

Ռադիոսպորտը ռազմավարական նշանակություն ունեցող մարզաձև է: Մանավանդ Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի կարևորագույն խնդիրներից մեկն էլ հենց ՀՀ զինված ուժերի համար բարձրակարգ կապավորներ պատրաստելն է:

Ի նշանավորումն միջազգային ասպարեզում ձեռք բերված ակնառու նվաճումների, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Վազգեն Սարգսյան» մեդալով և պատվոգրերով պարգևատրվեցին աշխարհի առաջնություններում հաղթած ռադիոսպորտի Հայաստանի հավաքականի չեմպիոն անդամները, որոնց շարքերում էին «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ ռազմահայրենասիրական դաստիարակության և ռազմատեխնիկական սպորտի բաժնի պետ, գնդապետ, ռադիոկապի Հայաստանի հավաքականի մարզիչ, միջազգային սպորտի վարպետ Սամվել Խաչատրյանը, Հայաստանի ռադիոսպորտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Բաբլոյանը, սպորտի վարպետներ Ռոբերտ Գրիգորյանը, Ռաֆայել Վարդանյանը, Լևոն Հարությունյանը, ինչպես նաև սպորտի վարպետության թեկնածուներ Հայկ Սարոյանը, Արման Հակոբջանյանը և Սերգեյ Երեմյանը:

Մի շարք կապավորներ արժանացան «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ կենտրոնական խորհրդի պատվոգրերի:

Պարգևների հանձնման պաշտոնական արարողության ժամանակ չեմպիոններին շնորհավորեց «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» հասարակական կազմակերպության կենտրոնական խորհրդի նախագահ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը: Ելույթ ունեցավ նաև Հայաստանի ռադիոսպորտի ֆեդերացիայի նախագահ Արման Բաբլոյանը: Նա իր խոսքում մասնավորապես ասաց. «Մենք հպարտ ենք մեր բարձր արդյունքներով և կոչ ենք անում բոլոր հետաքրքրվողներին համալրել մեր ռադիոսիրող կապավոր մարզիկների շարքերը»:

ՍԵԴԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #48 (1066) 11.12.2014 – 17.12.2014, Բանակ և հասարակություն


11/12/2014