Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԴԵՀ ԿԻՆՈԹԱՏՐՈՆՈՒՄ



1948 թվականի սեպտեմբերի 5-ին խորհրդային թերթերում հայտնվեց ՏԱՍՍ-ի հաղորդագրությունը. «Օգոստոսի սկզբին Նյու Յորքից դուրս եկավ «Պոբեդա» ջերմանավը… Ճանապարհին հրդեհ ծագեց… Կան զոհեր»։

1948թ. սեպտեմբերի 1-ի երեկոյան ջերմանավի կինոթատրոնում հավաքվեց ուղեւորների մի մասը՝ կինոնկար դիտելու։ Ցուցադրության կեսին կինոմեխանիկի խցիկից ծուխ հորդեց։ Հրդեհի պատճառով զոհվեց 49 մարդ։ Դրանց մեջ էր նաեւ չին մարշալ Ֆեն Յուիսյանը։ Հրդեհը փոխեց ոչ միայն Չինաստանի պատմությունը, այլեւ դադարեցրեց սփյուռքահայերի հայրենադարձությունը Խորհրդային Հայաստան։

ՄԱՐՇԱԼ ՖԵՆԸ

Այսօր նրան հիշում են քչերը, իսկ այն ժամանակ… 1920-ականներին Ֆենը Չինաստանը բաժան-բաժան արած ռազմամոլ խոշոր զորապետներից մեկն էր։ Այդ ժամանակ երկրում ընթանում էր անվերջանալի քաղաքացիական պատերազմ։ Ֆենը Ռուսաստանի թշնամիների՝ սկզբում Չժան Ցզոլինի, ապա ճապոնացիների հակառակորդն էր, հետեւաբար՝ Ռուսաստանի բարեկամը։ 1925թ. Չինաստանում խորհրդային դեսպան Լեւոն Կարախանը Մոսկվային զեկուցեց. «Զգացվում է, որ նա վճռականորեն որոշել է իր ճակատագիրը մեզ հետ կապել»։ Հատուկ ընդգծել էր՝ իհարկե, Ֆենը կարմիր չէ, բայց չարյաց փոքրագույնն է։ Ֆենը քրիստոնյա էր, ընդ որում՝ մոլեռանդ։ Միացյալ Նահանգներ նրա այցը պաշտոնապես բացատրվում էր տեղի միսիոներ-քարոզիչների փորձն ուսումնասիրելու ցանկությամբ։

Պատմում են՝ երբ հրդեհն սկսվեց, մարշալը խենթացած շարժվել էր նավախցերի ուղղությամբ՝ փրկելու լոգանք ընդունող աղջկան։ Հայտնի չէ՝ նա ծխախե՞ղդ եղավ, թե՞ սիրտը չդիմացավ… Դուստրը նույնպես զոհվեց։

ՀԱՅԵՐԻ ՆԵՐԳԱՂԹԸ

«Պոբեդա» ջերմանավի վրա էր գտնվում եւս մի տարաշխարհիկ մարդկանց խումբ՝ հայրենիքում վերահաստատվել ցանկացող հայեր։

«Այդ գործընթացը, հիրավի, ողջունելի էր,- պատմում է պատմաբան Պավել Պոլյանը։ -Խորհրդային Միությունը պատերազմից հետո կարիք ուներ բանվորական ուժի, իսկ այս պարագայում հնարավորություն էր ընձեռվում ներգրավել աշխատասեր, եռանդուն մարդկանց, ստանալ ամբողջ աշխարհում հայկական համայնքների քաղաքական եւ տնտեսական օգնությունը։

1945թ. դեկտեմբերին եղավ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանը, որն օրենսդրորեն հաստատեց «պատմական հայրենիք հայերի վերադարձը»։ 1946-1948թթ. ԽՍՀՄ մուտք գործեց շուրջ 100 հազար հայ։ Սակայն «Պոբեդայի» հրդեհից հետո 1948թ. սեպտեմբերի 14-ի ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշմամբ՝ արգելվեց սփյուռքահայերի ներգաղթը»։

ԺԱՊԱՎԵՆ ՎԱՌՈԴԸ

Հանձնաժողովի եզրակացությունն այսպիսին էր. «Հրդեհը ծագել է կինոժապավենի անզգույշ գործածության հետեւանքով, որն այրվել է»։

Այդ ժամանակ համաշխարհային կինոարտադրությունը (խորհրդայինը՝ նույնպես) օգտագործում էր նիտրոցելյուլոզի հիմքի վրա ստեղծված կինոժապավեն։ Նիտրոժապավենը ճկուն է, ապահովում է մաքուր եւ հստակ պատկեր, բայց միակ թերությունը դյուրավառությունն է։ 40 աստիճան ջերմության պայմաններում բռնկվում է, ինչպես վառոդը։ Սկզբունքորեն այն հենց վառոդ է՝ քիմիական բաղադրությամբ իրար շատ նման են։ Ընդ որում՝ նիտրոժապավենի այրման ժամանակ անջատվում են կապտաթթվի մահացու թունավոր միացություններ՝ գազեր։

Այժմ պատկերացրեք, որ Ստալինին զեկուցում են՝ հրդեհ է ծագել խորհրդային լավագույն նավերից մեկի վրա («Պոբեդա» ջերմանավը՝ նախկին անունը «Մագդալենա», Խորհրդային Միությունը Գերմանիայից ստացել էր որպես ռազմատուգանք, եւ հենց այդ նավի տախտակամածին է «Ադամանդե ձեռքը» կինոնկարում Անդրեյ Միրոնովը երգում «անհաջողակ կղզու» մասին)։ Մոտ 50 զոհերի մեջ է մարշալ Ֆենը, այն էլ խորհրդա-չինական հարաբերությունների հույժ կարեւոր պահին։ Եվ պատճառը ինչ-որ ժապավեն է։ Գուշակեցի՞ք, թե ինչ կհրամայեր Ստալինը…

ՓՆՏՐԵԼ ՎՆԱՍԱՐԱՐՆԵՐԻՆ

Պատմաբան Նիկոլ Պոբոլ. «Ստալինը հրդեհի մասին իմացավ Սոչիում հանգստանալիս։ Նրա վերաբերմունքը հայտնի է այն ժամանակվա Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ եւ կուսակցության մեջ երկրորդ մարդու՝ Մալենկովի հեռագրից։ Վերջինս Ստալինին հեռագրել էր. «Անկասկած, Դուք ճիշտ եք, որ հայ ներգաղթողների մեջ կան ամերիկացի հետախույզներ, որոնք էլ վնասարարություն են գործել»։ Հաջորդ հեռագրերում՝ զեկույցներ ձեռնարկված միջոցառումների մասին։ Սկսվել է նոր հետաքննություն… Արգելվել է հայերի ներգաղթը… Անդրկովկաս են ուղարկվել ԽՍՀՄ պետանվտանգության օպերատիվ-քննչական խմբեր (Երեւան՝ վարչության պետ Ռոգովը)… Ի վերջո՝ գտա՞ն արդյոք ինչ-որ մեկին։ Դժվար է ասել։ Մինչդեռ այն տարիների տրամաբանությամբ, եթե տրվեր «ֆաս» հրամանը, չեկիստները դատարկաձեռն չէին կարող վերադառնալ»։

ԱՊԱՐԴՅՈՒՆ ՃԻԳԵՐ

Վնասարարների փնտրտուքն ընթանում էր, սակայն դա չվերացրեց նրանց պատիժները, որոնց դեռ առաջին հանձնաժողովը մեղավոր էր ճանաչել։ Երկարատեւ բանտարկության դատապարտվեցին նավի հրամանատարը, կինոմեխանիկը, հրամանատարի ավագ օգնականը, ռադիստը (ժամանակին տագնապ չէր հայտարարել), նավագնացության երթակարգավարը։

Ֆենի մարմինը դիակիզեցին Մոսկվայում (հրաժեշտի արարողությունը տեղի ունեցավ զինվորական պատիվներով)։ Այնուհետեւ աճյունասափորը հանդիսավորությամբ վերաթաղեցին Չինաստանում։ Նրա մահը այսօր էլ շատերը հանելուկային են համարում. ճիշտ է՝ վեճը հիմնականում ընթանում է՝ ո՞ւմ էր այն «ձեռնտու»։ Ստալինը կասկածում էր ամերիկացիներին, Մաոն՝ Ստալինին, ինչ-որ մեկը՝ Մաոյին։ Սակայն դիտավորյալ սպանությունն ապացուցող որեւէ փաստ գոյություն չունի։

Չինաստանն առանց Ֆենի էլ անցավ իր ուղով։ Հայերի ներգաղթը 1961թ. նորից թույլատրվեց։ «Պոբեդա» ջերմանավը վերանորոգումից հետո մինչեւ 1970-ական թվականների կեսերը բարեհաջող զբոսաշրջիկներ էր տեղափոխում։ Իսկ կինոարտադրությունը 1950-ական թվականների սկզբին անցավ չբռնկվող ացետատային կինոժապավենի թողարկմանը։

Ըստ «Արգումենտի նեդելիի»
հրապարակման

Խորագիր՝ #48 (1066) 11.12.2014 – 17.12.2014, Ռազմական


11/12/2014