Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՇԱՐՔՈՒՄ ԵՆ



Սեպտեմբերի 29-ին Քաշաթաղի շրջվարչակազմի նիստերի դահլիճում, քաղաքի ազատամարտիկների մասնակցությամբ, կայացավ «Արցախի ազատամարտիկների միություն» ՀԿ-ի Բերձորի համայնքային միավորման հաշվետու-ընտրական ժողովը:

Քաշաթաղի ազատամարտիկների միությունն ունի մոտ 100 անդամ և կառույցներ տարածքներում: Բերձորի միավորումը նախագահում է Քերոբ Մովսեսյանը, որը հաշվետու-ընտրական ժողովում նշեց, որ միավորման խորհուրդը մշտապես աջակցում է հայրենի երկրամասի զարգացման գործընթացին, մասնակցում հայոց պետականության պաշտպանության, ժողովրդի անվտանգության ապահովման գործին: Միավորումը մշտապես աջակցում է ազատամարտիկների ընտանիքներին, հատկապես` զոհվածների, հաշմանդամների: Միավորման ներկայացմամբ` մի շարք ազատամարտիկներ արժանացել են պետական և գերատեսչական պարգևների, թանկարժեք նվերների, նյութական օժանդակության և այլն: «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել են 8, «Հայրենյաց պաշտպան»՝ 3, գերատեսչական՝ 6, այլ մեդալներով՝ 8 ազատամարտիկներ:

ԱԱՄ նախագահի կոչով շրջանում բնակվող բոլոր ազատամարտիկները, այդ թվում նաև կանայք, երիտասարդները, շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ մոտ 10 օր սահմանում եղան և զինվորի հետ հսկեցին մարտական դիրքերը: Օրակարգի երկրորդ հարցը համայնքային միավորման խորհրդի կազմի ընտրությունն էր: Ազատամարտիկների առաջարկով միաձայն խորհրդի անդամներ ընտրվեցին Թամարա Աբրահամյանը, Նվեր Հարությունյանը, Անահիտ Չարչյանը, Մհեր Մազմանյանը և Վարդան Բաղդասարյանը: Երրորդ հարցը միավորման խորհրդի նախագահի ընտրությունն էր: Ժողովը հաստատեց Վիլեն Սիմոնյանի թեկնածությունը: Այնուհետև հաստատվեց ԱԱՄ տարածքային միավորման 5-րդ հաշվետու-ընտրական կոնֆերանսի պատվիրակների կազմը՝ Վիլեն Սիմոնյան, Արթուր Սահակյան, Թամարա Աբրահամյան և Զոհրաբ Ըռքոյան: Ժողովի ընթացքում ազատամարտիկները հանդես եկան իրենց հուզող հարցերով: Թամարա Աբրահամյանի առաջարկն էր, որ ազատամարտիկներին հաճախակի տրվի խրախուսանք (պարտադիր չէ նյութական): Կարևորվեց բուժման խնդիրը: Այս հարցերին պատասխանեց ԱԱՄ ՀԿ աշխատակազմի ղեկավարը՝ նշելով, որ ԱԱՄ-ը ոչ պետական կառույց է և նյութական միջոցները ձեռք է բերում հիմնականում բարերարների շնորհիվ: Միավորումն ունի 1916 անդամ, բացի այդ՝ մեծ թիվ են կազմում զոհված, անհայտ կորած և հաշմանդամ ազատամարտիկները, որոնց ընտանիքներին նույնպես մեծ աջակցություն է ցուցաբերվում: Ինչ վերաբերում է խրախուսանքներին, միությունը պատրաստ է արժանիներին ներկայացնել պետական ու գերատեսչական պարգևների, որի համար ընդամենը պետք է շրջանային կամ համայնքային խորհրդի միջնորդությունը: Կարևորեց նաև շրջվարչակազմի ղեկավարի կազմակերպչական աշխատանքը, որի շնորհիվ օգոստոսյան դեպքերի ժամանակ շրջանից հարյուրավոր աշխարհազորայիններ ցանկություն հայտնեցին ու մասնակցեցին սահմանի պաշտպանությանը:

Եղան նաև այլ հարցեր ու առաջարկներ: Ժողովն ամփոփեց շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը՝ նոր խորհրդին մաղթելով բեղմնավոր աշխատանք, շնորհակալություն հայտնեց ԱԱՄ ներկայացուցիչներին՝ նշելով, որ շրջանը միշտ պատրաստ է մասնակցելու պետականաշինությանը և հայրենիքի պաշտպանությանը:

Զոհրաբ Ըռքոյան

Խորագիր՝ #39 (1057) 9.10.2014 – 15.10.2014, Բանակ և հասարակություն


09/10/2014