Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐ ԱՌԻԹ



Թուրքերի սրբավայր հանդիսացող Սուլեյման Շահի դամբարանի հնարավոր պայթեցումը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների կողմից ստիպեց Թուրքիայի խորհրդարանին այս օրերին քննարկել Սիրիայի և Իրաքի տարածքներում թուրքական բանակի կողմից անդրսահմանային ռազմական գործողություններ իրականացնելու լիազորության վերաբերյալ նախագիծը: Թե ի՞նչ հնարավոր քայլերի կարող է դիմել Անկարան, մեր թղթակից Բագրատ Մովսեսյանի հետ զրուցել է արևելագետ ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:

Օսմանյան կայսրության հիմնադիր Օսման I-ի պապի՝ Սուլեյման Շահի դամբարանը գտնվում է Հալեպի նահանգում և համարվում է թուրքական տարածք: Թուրքական և արաբական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ այն գրավել են «Իսլամական պետության» շուրջ 1000 զինյալներ` գերեվարելով նաև շինության հսկողությունն իրականացնող ավելի քան 3 տասնյակ թուրք հատուկջոկատայինների: Վերջիններս Սիրիայում հայտնվել են այս տարվա մարտին՝ փոխարինելով դամբարանը հսկող պահակախմբին:

-Մերձավորարևելյան տարածաշրջանում և դրանից դուրս վերջին շրջանում ձևավորվել է շատ բարդ մի իրավիճակ: Մասնավորապես՝ Արևմուտքը միջազգային լայնամասշտաբ ճնշում է գործադրում Անկարայի վրա՝ «Իսլամական պետության» դեմ ձևավորված կոալիցիային գործնական մասնակցություն ցուցաբերելու հարցում: Բացի այդ՝ թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում՝ հիմնականում քրդաբնակ Այն ալ-Արաբի կամ Քուբանի շրջանում, վերջին երկու շաբաթներին ԻՊ-ի և քրդական ժողովրդական պաշտպանության ուժերի միջև ընթացող ռազմական գործողությունների հետևանքով ավելի քան 150 հազար քուրդ փախստականներ են կուտակվել, որոնց թուրքական կողմը արգելում է հատել սահմանը: Այս հումանիտար խնդիրներին զուգահեռ հաճախակիացել են Թուրքիայի տարածքի ուղղությամբ ուղղվող կրակահերթերը: Եվ այս պարագայում Սուլեյման Շահի դամբարանի գրավման հանգամանքը հավաստում են Թուրքիայի կողմից որևէ ձևաչափով Սիրիայի տարածք ուղղակի ռազմական ներխուժում իրականացնելու հնարավորությունը,- ասում է բանախոսը:

Արևելագետի կարծիքով՝ Սիրիայում թուրքական պետության ուղղակի ռազմական միջամտությունն իրագործելու համար այդ երկրի իշխանություններին առավել էական հիմնավորումներ են հարկավոր: Ըստ բանախոսի՝ դամբարանի հետագա ճակատագիրը և դրա հետ կապված զարգացումները կարող են որոշակի պարզություն մտցնել նաև Թուրքիայի և ԻՊ-ի միջև կասկածելի կապերի առկայության, գուցե նաև՝ հերքման հարցում:

-Տրամաբանական է, գուցե նաև օրինաչափ, որ իսլամականների թիրախ դարձած, ասենք, շուրջ 3 հազարամյակի պատմություն ունեցող ասորական Քալհու պալատին, Սեթ, Իոնա, Դանիել մարգարեների գերեզմաններին, Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցուն և մի քանի տասնյակ այլ հոգևոր, պատմամշակութային հուշարձաններին, մզկիթներին, եկեղեցիներին հասցված տարբեր աստիճանի վնասների ճակատագրին կարժանանա նաև Սուլեյման Շահի դամբարանը: Ծայրահեղական կառույցին մնում է սեփական գործելաոճին հավատարիմ ևս մի աղաղակող գործողությամբ լսելի դառնալ երկրագնդի բոլոր ծայրերում,- նշում է արևելագետը և հավելում, որ դամբարանը և այն հսկող պահակախումբը փրկելու միակ ճանապարհը կրկին ԻՊ-ի հետ բանակցություններն են:

-Այս դեպքում զիջումները շատ ավելի էական և անթաքույց կարող են լինեն, քան Մոսուլի հյուպատոսության անձնակազմի և նրանց ընտանիքների վերադարձման գործընթացն էր: Հակառակ դեպքում՝ Սուլեյման Շահի դամբարանի գրավումն, անխոս, կարելի է դիտարկել որպես Անկարայի կողմից պատվիրված հերթական գործողություն…,- եզրափակում է Արմեն Պետրոսյանը:

Խորագիր՝ #39 (1057) 9.10.2014 – 15.10.2014, Տարածաշրջան


09/10/2014