Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՐԴԱՆԻ ՎՐԵԺԸ



ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒՑ ՄՏԵՐԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ.

-«Վարդիկի վրեժը» չե՞ս լսել։

Ու պատմում են այս պատմությունը։

«Մինչ ազատագրական պայքարը, գործի բերումով, Վարդանը եղել է Գերմանիայում։ Բեռլինի Վիլհելմշտրասե փողոցի այն տան առջև, որտեղ Սողոմոն Թեհլերյանը շանսատակ արեց ոճրագործ Թալեաթին, թուրքերը հուշաքար են դրել ու ցանկապատել երկաթյա շղթաներով։ Վարդանը, որը հայոց պատմությանը քաջատեղյակ է, անչափ սիրում է Սողոմոն Թեհլերյանին։ Կարդացել է նրա մասին բոլոր գրվածները։ Ամեն անգամ այդ փողոցով անցնելիս բարկությունից սեղմում էր բռունցքները. «Ծեր ու մանուկ հոշոտած մարդուն ի՜նչ հուշարձան»։ Հետո որոշեց ինքն էլ վրեժխնդիր լինել ոճրագործից։ Մի շիշ շամպայն էր վերցնում հետը, գալիս, կանգնում այդ սև քարի կողքին ու առաջին ու միակ բաժակաճառն այս էր. «Սիրելի՛ Սողոմոն Թեհլերյան, կենացդ, մե՛ծ հայրենասեր…»։ Էլ բաժակաճառ չկար։ Այնուհետև բացված շիշը խփում-ջարդում էր քարին ու սպասում։ Զարմացած անցորդներին նորից ու նորից բացատրում էր, թե ինչ հուշարձան է, ով է Թալեաթը։ Վարդանի բողոքն ավելի շատ մենախոսություն էր սառը հանդիսավորությամբ անցնող եվրոպացիների համար։ Այսպես չէր հեռանում մինչև մոտենում էր ոստիկանը և հասարակական կարգը խախտելու համար տուգանում 100 մարկ։ Վարդանը պարտաճանաչ մուծում էր տույժը և հեռանում։ Պատահում էր՝ փողոցով թուրքեր էին անցնում, և Վարդանը նրանց հրավիրում էր մի բաժակ խմելու։ Մի անգամ էլ, երբ իր բաժակաճառն ասաց և թուրքերին էլ մի բաժակ հյուրասիրելուց հետո շիշը թափով զարկեց մարդասպանի քարին, մոտեցող ոստիկանը կարծելով, թե հարվածողը թուրքն էր, և ուզում էր նրան տուգանել, Վարդանը ոստիկանին բացատրեց, որ ինքն է արարքի հեղինակը՝ զարմանք պատճառելով թուրքին։

…Ազատագրական պայքարին Վարդանը հայրենիք եկավ և զենքը ձեռքին հերոսաբար մարտնչեց ելուզակների դեմ.

-Թե տղամարդ եք՝ կռիվ արեք, թե չէ՝ անպաշտպան կանանց, ծերերի, երեխաների ո՞վ չի կարող սպանել, ես ձեր Թալեաթի, Էնվերի, Ջեմալի, Նազմի, Հանըմի…

Հետո մի պահ դադար էր տալիս ու ասում՝ այս անգամ հանգիստ, խաղաղված.

-Ես Սողոմոն Թեհլերյանի ցավը տանեմ…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #38 (1056) 2.10.2014 – 8.10.2014, Ճակատագրեր


02/10/2014