Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒՐԱԽ ԱՎՏՈԲՈՒՍ



Ավտոբուսը սլանում է Երեւան: Դասի շտապող ուսանողներից, նրանց ուղեկցող ծնողներից, հանգիստը հարյուրավոր կիլոմետրեր հեռվում վայելած զբոսաշրջիկներից բացի, մայրաքաղաք են ուղեւորվում նաեւ լրացուցիչ արձակուրդով խրախուսված զինվորները: Տղաներին ուղեկցում է զորամասի գումարտակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալը: Նրանք աշխույժ զրուցում են, զինվորական առօրյայից են խոսում, երաժշտությունից: Մեկը սաքսոֆոնային երաժշտություն է սիրում, մյուսը` կիթառ… Ուղեւորները միջամտում են, հարցնում սահմանին տիրող իրավիճակի մասին, սննդից հետաքրքրվում… Անկեղծ, ջերմ զրույցը երկարում է, ձգվում, մեկ էլ հանկարծ պարզվում է՝ տղաներից ավագ սերժանտ Խաչատուր Ավետիսյանի ծննդյան օրն է, լրանում է նրա 20-ամյակը:

-Շնորհավո՛ր, շնորհավո՛ր, շնորհավո՛ր,- երթուղայինով մեկ բացականչում են բոլորը, ծափահարում են զինվորին, բարեմաղթանքի խոսքեր ասում: Երթուղայինի վարորդը որտեղից որտեղ գտնում է «Ծնունդդ շնորհավոր» երգի ձայնագրությունն ու մինչև վերջ միացնում…

-Խաչատուր, էս ծննդյանդ օրը երբեք չես մոռանալու, չէ՞,- ուրախ ասում է հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալը:

-Ճիշտ այդպե՛ս, պարո՛ն մայոր,- պատասխանում է զինվորը` համեստորեն ժպտալով:

Մեր թերթի թղթակիցը լուսանկարել է զինվորին եւ մայրաքաղաք հասնելուն պես շնորհավորական երկտողով հրապարակել այն «Հայ զինվորի» ֆեյսբուքյան էջում: Արձագանքները չեն ուշացել. րոպեների ընթացքում գրառումը դիտվել է 4367 անգամ, արժանացել 247 հավանման, տասնյակ ընթերցողներ մեկնաբանել են այն` շնորհավորելով զինվորին: Օրինակ` Սոնա Բարսեղյանը բարեմաղթել է` «Առողջ լինես, անփորձանք ծառայես, խաղաղությունը թող թեւածի քո գլխավերեւում, հա՛յ զինվոր», Սեդան գրել է` «Բարի վերադարձ ընտանիք», Բարեղ Աղախանյանն էլ` «Զինվո՛ր ջան, ցավդ տանեմ, շնորհավոր»:

Իրոք, համախմբվածությունը հզոր ուժ է: Հայ մարդը սիրում է իր զինվորին, իր բանակը, իր հայրենիքը: Միայն թե պետք է միմյանց սիրենք ու համախմբվենք ոչ միայն դժվարին ու ծանր օրերին, այլ ամեն պահ ու վայրկյան, ամեն Աստծու օր…

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐ»

Խորագիր՝ #34 (1052) 04.09.2014 – 10.09.2014, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


04/09/2014