Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՈՌԱՑՎԱԾ ՌԱԶՄԱՃԱԿԱՏ ՈՐԸ ԿԱՐՈՂ ԷՐ ՎԵՐՋ ԴՆԵԼ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆԻՆ



Սկիզբը՝ նախորդ համարում

Էրզրումի գրավումից հետո ռուսները գրավում են Բիթլիսն ու Մուշը, իսկ ապրիլի 5-ին Տրապիզոն քաղաք-նավահանգիստը: Այսպիսով՝ 1916 թ. ամռանը ստեղծվել էր բարենպաստ իրավիճակ. Կովկասյան բանակը հակառակորդի նկատմամբ ստացել էր օպերատիվ առավելություն, որը կարող էր վերաճել ռազմավարականի: Թուրքերը կորցրել էին Արևմտյան Հայաստանում ունեցած իրենց ռազմավարական նշանակություն ունեցող կենտրոնները՝ Բայազետը, Վանը, Մուշը, Բիթլիսը, Էրզրումը և Տրապիզոնը: Մի քանի անգամ համալրված ու ջախջախված օսմանյան 3-րդ բանակը ծանր կորուստներ էր կրել և կորցրել էր իր մարտունակությունը: Այսպիսով՝ օրակարգի խնդիր էր Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կ. Պոլսի և նեղուցների գրավումը: Այս օպերացիայի ջերմ պաշտպաններն էին Սև ծովյան նավատորմի շտաբը և հրամանատար, փոխծովակալ Ա. Կոլչակը:

Ծովայինները կազմում են նեղուցների գրավման մանրամասն պլան, որը նախատեսում էր գրավել ոչ միայն Կ. Պոլիսը և վերականգնել Միջերկրական ծովով դաշնակիցների միջև եղած կանոնավոր հաղորդակցությունը, այլև մարտական գործողությունները տեղափոխել Բալկաններ՝ Ավստրո-Հունգարիայի տարածք, որի տիրապետության տակ գտնվող սլավոն ժողովուրդները երազում էին ազատվել ավստրիական տիրապետությունից ու պատրաստ էին աջակցել ռուսներին: Ռուսական զորքի մուտքը Բալկաններ առաջ կբերեր Քառյակ տերության մեկ այլ դաշնակցի՝ Բուլղարիայի դուրս գալը պատերազմից: Հայտնի է, որ բուլղար ժողովուրդը, ի տարբերություն կառավարող շրջանների, խորը հարգանք էր տածում ռուսների նկատմամբ, որոնց օգնությամբ կարողացել էր ազատագրվել օսմանյան տիրապետությունից: Ծովայինների կազմած պլանի համաձայն ռուսական զորքի մուտքը Ավստրո-Հունգարիա կարճ ժամանակ անց այն դուրս կբերեր պատերազմից, որով ծանր վնաս կհասցվեր Գերմանիային, քանի որ վերջինս նաև կզրկվեր տրամադրվող պարենից:

Այսպիսով՝ կարելի է եզրակացնել, որ 1916 թ. ներկայացված գործողության պլանը իրատեսական էր և կարող էր շրջադարձային նշանակություն ունենալ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքի վրա: Սակայն Գերագույն գլխավոր շտաբը մերժում է, պատճառաբանելով, որ համաշխարհային պատերազմի վճռորոշ ճակատը մնում է Եվրոպականը:

Օսմանյան կայսրությունը Քառյակ միության ամենաթույլ օղակն էր: Կայսրությունը բազմազգ և բազմակրոն էր: Այս երկու հանգամանքն էլ, ի տարբերություն ռուսների, օգտագործեցին անգլիացիները: Բրիտանական հետախուզության նշանավոր գործակալներից Թոմաս Էդուարդ Լոուրենսը (Լոուրենս Արաբացի) կարողացավ միավորել արաբական խայտաբղետ ցեղերի մեծ մասը և ապստամբություն բարձրացնել թուրքերի դեմ, ինչն էլ նախադեպ հանդիսացավ բրիտանացիների և այլ ուժերի մասնակցությամբ 1917 թ. փետրվարին Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխության: Նիկոլայ II-ը հրաժարվեց գահից, և իշխանությունն անցավ Ժամանակավոր կառավարությանը:

Առ այսօր անհասկանալի է, թե ինչու կատարվեց փետրվարյան իշխանափոխությունը, որը խճճեց իրադրությունը՝ առաջացնելով քաոս ոչ միայն հասարակության, այլև մարտական գործողություններում գտնվող բանակի և նավատորմի շարքերում: Երկրում հաստատվում է երկիշխանություն, և որը կատարվում է պատերազմող պետությունում, որը ծանր մարտեր է մղում Արևելյան (ռուսական) ռազմաճակատում, երբ սպասվում էր ամերիկյան զորքերի ժամանումը Արևմտյան ռազմաճակատ:

Այս մասին գրվել և շարունակվում է գրվել, սակայն սպառիչ պատասխան առ այսօր տրված չէ: Կան մի շարք ենթադրություններ, կարծիքներ, որոնք ժամանակ առ ժամանակ, ելնելով այս կամ այն քաղաքական իրադրությունից, հերքվում կամ հաստատվում են, ապա նորից հերքվում:

Արևելյան ռազմաճակատը սկսում է աստիճանաբար քայքայվել: Զորամասերում մեծ հեղինակություն են ձեռք բերում զինվորրական կոմիտեները, որոնք հաճախ «փոխարինում» են կադրային հրամանատարներին: Ավելի ու ավելի են սերտանում հակառակորդի զինծառայողների «եղբայրացման» դեպքերը, երբ կողմերը պայմանավորվում են միմյանց դեմ չկրակել և սկսում են փոխադարձ այցելությունները: Այս հանգամանքն ակտիվորեն օգտագործում է գերմանական հետախուզությունը, և բավականին տեղեկություններ է քաղում ռուսների զինուժի ու սպառազինության մասին: Կատարված քարոզչության շնորհիվ ռուսական բանակը հրաժարվում է կռվել, իսկ զինվորների մի մասը սկսում է ինքնակամ լքել ռազմաճակատը: Ահա այսպիսին էր իրադրությունը Արևելյան ռազմաճակատում 1917 թ. ամռանը:

Այլ իրադրություն էր ռուս-թուրքական ռազմաճակատում, որտեղ մարտնչող զինվորն ու կազակը դեռևս չէր ընկել այսպես կոչված «հեղափոխական» ազդեցությունների տակ: Ռուս-թուրքական ռազմաճակատում մարտնչող զինվորն այս պատերազմը համարում էր արդարացի, քանի որ կռվում էր քրիստոնյա բնակչությանը կոտորած և այլադավան հակառակորդի դեմ, որը դարեր շարունակ համարվել է Ռուսաստանի հակառակորդը: Ավելին, իշխանափոխության դրական հետևանքներից մեկն էլ այն էր, որ Ժամանակավոր կառավարությունը համաձայնեց իրականացնել նեղուցների և Օսմանյան կայսրության գրավման գործողությունը: Իսկ իրադրությունը ռազմաճակատում բարենպսատ էր: Կովկասյան բանակը գլխովին ջախջախել էր թուրքական II և III բանակները: Նրանք վերածվել էին զորքի անկանոն զանգվածի, որն այլևս չէր ցանկանում կռվել: Դասալիքների թիվը հասել էր 300 հազարի: Նրանց հիմնական զանգվածը զբաղված էր ավազակությամբ: Այնպես որ՝ պահը բարենպաստ էր: Միջագետքում ակտիվացրել էին իրենց գործողությունները բրիտանացիները, որոնց աջակցում էին ապստամբ արաբները: Բրիտանացիները, որոնք տեղյակ էին նախապատրաստվող գործողության մասին, շտապում էին, որպեսզի օր առաջ գրավեն Բաղդադը, ապա կրկին դեսանտային օպերացիայով փորձեին գրավել Կ. Պոլիսը:

1917 թ. գարնանը Սև ծովի նավահանգիստներում կենտրոնացվել էին տրանսպորտային նավեր, զորք ու հանդերձանք: Ռուսական ռազմանավերը ոչ միայն հարձակումներ էին գործում, այլև անընդհատ ականապատում էին Բոսֆորի մուտքը՝ արգելելով գերմանա-թուրքական նավատորմի մուտքը Սև ծով: Սակայն կատարվեց անկանխատեսելին: Անհայտ ուժերը, որոնց թվում հավանաբար նաև բրիտանացիներն ու բոլշևիկները, «հեղափոխականացրին» Կովկասյան բանակը և Սևծովյան նավատորմը:

Շարունակելի

ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ
պատմական գիտությունների դոկտոր

Խորագիր՝ #34 (1052) 04.09.2014 – 10.09.2014, Պատմության էջերից


04/09/2014