Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՁԵ՛Զ ԵՆՔ ՊԱՐՏԱԿԱՆ, ՔԱՋ ՀԵՐՈՍՆԵՐ…



Արցախյան պատերազմում հայ կամավորների կողքին ուս ուսի տված կռվել են նաև կանայք: Անժելա Նանագյուլյանը (Ջրաբերդցի) նրանցից մեկն է: 1992 թ.-ին համալրել է «Մաղավուզ» կամավորական ջոկատի շարքերը և գնացել ճակատ: ԼՂՀ «Արիության համար» մեդալի ասպետ է, ԼՂՀ գրողների միության անդամ:

-Պատերազմի թեժ շրջանում,- հիշում է Անժելա Նանագյուլյանը,- ոմանք հեռացան Մարտակերտից, շատերն էլ, ովքեր մտածում էին իրենց հայրենիքի պաշտպանության մասին, մնացին և թշնամու դեմ կենաց-մահու կռիվ մղեցին: Այդ ժամանակ տարբեր ուղղություններով կռվում էին նաև երկու եղբայրներս: Ավագ եղբայրս՝ Արմոն, Ջրաբերդի փոխհրամանատարն էր, իսկ կրտսեր եղբայրս՝ Արամը, Ջանիաթաղի ջոկատի կազմում էր կռվում: Տեղս չէի գտնում, ուզում էի ճակատ գնալ, սակայն եղբայրներս հորդորում էին տանը մնալ, ծնողներիս, փոքր քրոջս ու երեխայիս խնամել: Եղբորս զոհվելուց հետո, իսկ նա խփվեց Մարտակերտի ինքնապաշտպանական կռիվներից մեկի ժամանակ, տանը մնալու խոստումս դրժեցի, թաքստոցից վերցրի զենքն ու գնացի Մաղավուզի ջոկատի հրամանատար Գրիշա Բադալյանի մոտ. «Ինձ էլ ընդունեք ձեր ջոկատի շարքերը, ուզում եմ զոհված եղբորս վրեժը լուծել»: Հրամանատարն ընդառաջեց, և ես այդ օրվանից դարձա ջոկատի միակ կին մարտիկը: Ե՛վ կռվում էի, և՛ բուժքրոջ պարտականություններն էի կատարում: Հետո անդամագրվեցի մահապարտների «Արծիվ 28» ջոկատին: 1993թ. հուլիսի 7-ին, Մատաղիսի դիրքերից վերադառնալիս, հակատանկային ականի պայթյունից ոտքից վիրավորվեցի: Պառկեցի հիվանդանոցում: Վեց ամիս չէի կարողանում ինքնուրույն քայլել: Ապաքինվելուց հետո այլևս չկարողացա շարք վերադառնալ. ուժերս դավաճանեցին: 1993-ին, երբ սկսվեց մեր զորքերի առաջխաղացումը, հարազատներիս հետ վերադարձա Արցախ՝ հայրենի գյուղ: Գյուղերը կամաց-կամաց վերաբնակեցվում էին: Մենք էլ՝ ջրաբերդցիներով, հաստատվեցինք Մարտակերտ քաղաքում: Հենց այդ տարի դեկտեմբերին դիպուկահարի գնդակից զոհվեց կրտսեր եղբայրս: Նա հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով:

Երբ հանդիպեցի Վայքի «Երկրապահ» կամավորական ջոկատի հրամանատար Օնիկ Խաչատրյանին և հետաքրքրվեցի նրա ջոկատի միակ կին ազատամարտիկով (Անժելան տևական ժամանակ կռվել է նաև այս ջոկատի կազմում), նա նշեց. «Ոչ մի անգամ ձեռքին շերեփ չտեսա, միշտ մարտի դաշտում էր, միշտ առաջին գծում…» (ժպտում է):

Անժել Ջրաբերդցին նաև ստեղծագործում է: Դեռ դպրոցական տարիներից նա իր բանաստեղծություններով հանդես է եկել շրջանային «Բարեկամություն» թերթում, Խորհրդային Միության տարիներին տպագրվել «Ջրաբերդ», «Սովետական Ղարաբաղ» և մի շարք թերթերում: Հետպատերազմական շրջանի երկու վիպակներում՝ «Վիրավոր սիրտ» և «Բեկված ճակատագրեր», հեղինակը ականատեսի աչքերով տալիս է պատերազմական դեպքերի իրական նկարագրությունը, պատմում իր մարտական ընկերների սխրագործությունների մասին: Չափածո ստեղծագործություններում («Ձայն ոգու», «Կյանքի հրավեր») նա վեր է հանում հայրենիքի, սիրո, աշնան ու թախծի, ցեղասպանության և այլ թեմաներ: Իր գրքերը նա չի վաճառում, այլ նվիրում է դպրոցներին, գրադարաններին, թանգարաններին, զորամասերին:

ՆԱՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Խորագիր՝ #32 (1050) 21.08.2014 – 27.08.2014, Ճակատագրեր


21/08/2014