Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՆԱԿԸ ՀԱՅՐԵՆԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ՏԱՃԱՐ Է



Ներկայացվող հարցազրույցը տասը տարվա վաղեմություն ունի։ Սիրելի բանաստեղծուհին մեր թղթակից Գայանե Պողոսյանին հյուրընկալել էր իր ջերմ եւ սրտաբաց տանը։ Հենց այդ հանդիպումից էլ ծնվել էր բանաստեղծուհու հուզումնալից ու ոգեշունչ խոսքը, որը Մետաքսեի մենախոսությունն է, ավելի ճիշտ՝ սիրո խոստովանությունը՝ ուղղված Հայրենիքին, Կյանքին, Հայ Մարդուն։

Իր երկրային ուղին ավարտած բանաստեղծուհին այսուհետ եւս կմնա «Հայ զինվորի» կողքին՝ իր հայրենաշունչ բանաստեղծություններով, իր ապրած կյանքով, մտավորականի իր կերպարով: Նրա ոգեղեն նկարագիրը կոգեշնչի ու կշարունակի սխրանքի մղել հայրենի հողը զենքով պահող զինվորին:

-Տիկին Մետաքսե, Դուք մանկատանն եք մեծացել, ճանապարհ եք հարթել սեփական ուժերով, տեսել եք սով, աղքատություն, զրկանք… Ինչպե՞ս եք պահպանել հոգու կորովը, ի՞նչ ակունքից է բխել այն կենսատու ուժը, որ ստիպել է դիմանալ, պայքարել, չնահանջել, չզիջել։

-Ես ծնվել եմ գառների փարախում դեկտեմբերյան մի ցուրտ իրիկնամուտի։ Առաջին փորձությանը հանդիպել եմ հենց լույսաշխարհ գալիս. շփոթված տատմորս դողդոջուն ձեռքերից սահել եմ ցած, ու գլուխս ծեփվել է գոմի շեմին։ Մայր հողի հետ առաջին շփումի բերկրանքից, հարվածի ցավից, թե կենդանի մնալու ուրախությունից սկսել եմ ճչալ…։ Իմ ծնունդը շատ էր խորհրդանշական, բայց տատմերս՝ Յաղուբ մայրիկը, յուրովի է մեկնաբանել այն ու, մորս համբուրելով, ասել է.

– Աղջկադ գլուխը մետաքսի պես փափուկ էր, չփշրվեց։

Ու անունս դրել են Մետաքսե։ Երկու տարիս չբոլորած՝ զրկվել եմ ծնողներից։ Հորս՝ Սերոբին, չեմ հիշում։ Մայրս՝ Երմոնը, Անթառամ տատիս հորդորով ամուսնացավ մի տարեց գյուղացու հետ՝ ինձ ու քրոջս թողնելով տատիս խնամքին։ Մեկ տարի անց որբությունս կրկնապատկվեց տատիս մահով, ու ես հայտնվեցի մանկատանը։ Հետո իրար հաջորդեցին Հայրենական մեծ պատերազմի կիսաքաղց տարիները, զրկանքներով, դժվարություններով լեցուն ուսանողական կյանքը։

Վանաձորի մանկավարժական ուսումնարանն ավարտելով՝ աշխատանքի անցա Փամբակի մանկատանը, որտեղ ջերմությամբ ու գրկաբաց ընդունեցին իրենց նախկին սանին։ Այդ ժամանակ էլ սկսեցի ոտանավորներ ու երգեր գրել։ Առաջին երգս նվիրված էր Ստալինին։ Երաժշտությունը սրտամորմոք էր, բառերը՝ նույնպես։ Երգս նամակի հետ միասին ուղարկեցի Կրեմլ։ Մեկ ամիս անց ինձ ուղեկցեցին կուսշրջկոմի առաջին քարտուղարի մոտ։ Ցուրտ աշուն էր, բայց իմ հագին գործած մասիկներ էին՝ մեջը չոր խոտ։ Առաջին քարտուղարն ինձ շորեր նվիրեց, կոշիկներ, վերարկու։ Դա իմ առաջին հոնորարն էր։ 1952-ին ընդունվեցի Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտ։ Հաճախում էի դասերին, երբ մի օր ինձ հայտնեցին ռեկտորատի հրամանը եւ պարզվեց, որ ինձ «սխալմամբ են» ընդունել ու պիտի շտապ ազատեմ հանրակացարանը։ Այդպես մնացի բաց երկնքի տակ։ Քնում էի ինստիտուտի այգու նստարանների վրա, բայց չնահանջեցի, չկոտրվեցի։ Սկսեցի աշխատել սրճարանում, որպես խոհարարի աշակերտ, ու հաճախել ինստիտուտի դասերին, որպես ազատ ունկնդիր։ Տարեվերջին ռեկտորատն ուղղեց իր սխալն ու վերականգնեց ինձ։ Դիպլոմային աշխատանքս Երեւանում հրատարակված իմ առաջին գիրքն էր՝ «Ջահելությունը», որը բարձր գնահատեցին ե՛ւ սիրելի դասախոսս՝ Միխայիլ Սվետլովը, ե՛ւ Պարույր Սեւակը։

-Մոտիկ մարդիկ գիտեն, որ Դուք արցախապաշտ եք, ե՞րբ ծնվեց այդ պաշտամունքը։

-Ես առաջին անգամ Արցախը տեսա 1980-ին։ Ես որբ, Ղարաբաղը՝ որբ, գտանք իրար։ Ղարաբաղը՝ շքեղ ու մոռացված, լքված ու հպարտ, կորուսյալ եդեմի պես տենչալի։ Ինձ շատ լավ ընդունեցին Ղարաբաղում, պատվեցին։ Շուշիի քաղկոմի 2-րդ եւ 3-րդ քարտուղարները թրքուհիներ էին, եւ նրանց ներկայությամբ ուղեկիցս՝ Գուրգեն Գաբրիելյանը առաջարկեց առաջինը այցելել մզկիթի թանգարան։ Ես զայրացած պատասխանեցի. «Տատս էն գլխից պատվիրել է, որ Ղարաբաղ ոտք դնելուն պես առաջինը Ղազանչեցոց եկեղեցի մտնեմ»։ Թրքուհի պաշտոնյաները բազմանշանակ լռեցին, բայց չհամարձակվեցին հակառակել։ Կզարմանաք՝ բայց ես նրանց աչքերում հիացմունք տեսա։ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի՜ն… դժվար է բառերով պատմել զգացածս. ավերակ, անարգված, լքյալ Հայոց տաճարը։ Ծանր լռության մեջ լսվում էր միայն թռչունների ծլվլոցը՝ աղոթքի պես, օրհնության նման։ Արցունքներս հոսում էին։ Հանկարծ ինքս էլ չիմացա՝ ինչպես սկսեցի երգել, ու սուրբ-սուրբը պատարագի պես տարածվեց խոնարհված եկեղեցու կամարների տակ։ Թուրքերը լռել էին՝ սեւեռուն, մտախոհ։ Հետո գնացինք Սահակի աղբյուրը։ Բացօթյա ռեստորանում թուրքեր էին զվարճանում, իսկ Ամարաս տանող աստիճանների գլխին մի ծերունի քամանչայով Սայաթ-Նովա էր նվագում։ Նվագում էր վերացած, հուզմունքով։ Կրկին երգելու պահանջ զգացի, ցանկացա զորացնել ծերունու քամանչայից պոկվող հնչյունները, զորավիգ լինել։ Ծերունին բացեց աչքերը, հետո սկսեց արտասվել։ Թուրքերը մոռացել էին իրենց լիքը ափսեներն ու լսում էին զարմացած. մի ծեր երաժիշտ ու մի հերարձակ, երկարափեշ հայուհի մորմոքում էին կորցրած հայրենիքի կարոտը։ Թուրք պաշտոնյաները չէին ուզում, որ ես իջնեմ Ամարաս։ Այն, ինչ տեսա Ամարասում, անհնար էր պատկերացնել։ Պատերը դիտավորյալ մրոտել էին, ամեն ինչ քարուքանդ արել։ Սուրբ Գրիգորիսի գերեզմանի տեղը պղտոր գոլ էր, փորել էին, որ գանձ գտնեն։ Ամենուր զգացվում էր օտարի ծանր, բարբարոս շունչը։ Հայաստան վերադարձա հուզված, դառնացած։ Եվ այդ ժամանակ ծնվեց « Արցախն ինչպես տեսա» շարքը։

-Մարդիկ չեն մոռացել Ձեր հայրենանվեր գործունեությունն ազգային-ազատագրական շարժման օրերին։ Ինչպե՞ս ստեղծվեց Ձեր ղեկավարած Արցախի ազատամարտիկներին օգնող հանձնախումբը։

-Պատերազմը նոր էր սկսվել, գրողների միությունում հանդիպեցի ծանոթ ազատամարտիկի։ Ասաց՝ Մետաքսե ջան, սովը՝ ոչինչ, ցրտին չենք դիմանում։ Կոշիկները հանելով՝ ցույց տվեց սեւացած, ցրտահարված մատները։ Ես շատ հուզվեցի։ Երեկոյան զանգեցի լրագրող Ռիմա Պետրոսյանին ու եթեր դուրս գալու հնարավորություն խնդրեցի։ Խոսքս անկեղծ էր, ազդեցիկ, հուզառատ։ Խնդրեցի օգնել կռվող տղաներին, գուլպաներ բերել։ Ձայնս կերկերում էր, լացը դեմ էր առել կոկորդիս։ Առավոտյան մտա գրողների միություն ու ապշեցի։ Նախագահի ընդունարանում ասեղ գցելու տեղ չկար։ Մի կին վերմակի բուրդն էր մանել ու գուլպաներ գործել, մյուսը երկարափեշ շրջազգեստն էր քանդել։ Մի քանի ժամում արկղերով գուլպա հավաքվեց։ Հետո սկսեցին տաք վերնազգեստներ բերել, շորեր, տարբեր իրեր, փող։ Խորհրդանշական էր, որ առաջին ներդրումը Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւորական տեր Շահենը կատարեց, ու ասես ի սկզբանե մեր ձեռնարկումն օրհնվեց, օրեցօր ընդլայնվեց, ծավալները մեծացան, նույնիսկ Սփյուռքը ներգրավվեց։ Երանությամբ եմ հիշում այդ օրերի ջերմությունը, սրտացավությունը, անշահախնդիր նվիրումը։ Նախադպրոցական երեխաները բակում համերգ էին տվել, երգել, արտասանել էին ու հանգանակած գումարը նվիրել ազատամարտիկներին։ Համաժողովրդական շարժում սկսվեց, մարդիկ հավատում էին, վստահում, ցանկանում էին իրենց ավանդը տալ Արցախին, կռվող տղաներին։ Մենք այցելում էինք հիվանդանոցներում ապաքինվող վիրավորներին, ճակատ ուղարկվող յուրաքանչյուր ծանրոցի մեջ սիրով ու ջերմությամբ, լավատեսությամբ ու կորովով լեցուն նամակներ էինք դնում։ Պատահում էր՝ պատասխանում էին։ Մինչ օրս սիրով պահում եմ Սեյդիշենի ջոկատի ազատամարտիկների նամակը. «Սիրելի մայրեր, քույրեր, ձեր տաք մատներով հյուսված գուլպաներն ու ձեռնոցները լցրին մեր սրտերն անմար ջերմությամբ, կրկնակի եռանդով։ Ձեր սերն է ուժ տալիս մեզ, ձեր մայրական օրհնանքն ենք տանում կռվի դաշտ, ձեր զորությամբ ենք արծվանում, Մայր Հայաստանի սիրով է գոտեպնդվում ու ազատագրվում Արցախ զավակը, ձեր պատվով ենք հպարտանում՝ չենք վերադառնա մեր ընտանիքի գիրկը, մինչեւ վերջին թշնամուն չհալածենք Արցախի սահմաններից»։ Մեզ երախտագիտության խոսքեր հղեց նաեւ սպարապետ Վազգեն Սարգսյանը, բարձր գնահատեց Արցախին օգնելու համաժողովրդական պաթոսը, խանդավառությունը՝ համարելով հաղթանակի երաշխիքներից մեկը։

Պատերազմի օրերին խիզախության, հայրենասիրության, ոգու եւ հերոսության այնպիսի պաշար կուտակեցինք, որ դեռ տասնյակ սերունդներ կգրավի, կվարակի մեր հին ու ազնիվ արյունը, կփոխանցվի ժառանգաբար։

– Այդ զգացումները, հույզերն ու մտորումները տեղ գտա՞ն Ձեր պոեզիայում։

-Որպես պատասխան՝ մեջբերեմ ակադեմիկոս Սեւակ Արզումանյանի տողերը. «Մանթաշից մինչեւ Խաչենի ու Թարթառի հովիտներ, Շիրակի դաշտավայրից մինչեւ Քոլատակ գյուղի դեմ հանդիման վեր խոյացած Կաչաղակաբերդ առասպելական սարը, Մռովից մինչեւ Արագած եւ Մասիս, նրա թեմաներից դուրս չեն, մշտապես երգում է։ Եվ սա ոչ թե Արցախյան շարժումից հետո, այլ 1988-ին տպագրել է «Սիրո թալիսման» գիրքը, որտեղ՝ «Խնձորիստան», «Գանձասար», «Ղարաբաղի ձիեր», «Հայոց տաճար» բանաստեղծությունները։ Մի ամբողջ գիրք գրեց Ղարաբաղի մասին, բազում բանաստեղծություններ ձոնեց մեր հայկական սրբություններին՝ Հադրութից մինչեւ Մարտակերտ, Ամարասից Գանձասար, Ստեփանակերտից Շուշի։ Չկա մի տեղանք, չկա մի վայր, որ երգած չլինի Մետաքսեն։ Գրել է հուզաթաթավ, զգացմունքային, կարոտի կրակներով եւ մեր ազգային ցավի խոր գիտակցությամբ»։

Հայոց նորագույն պատմության ամենաիրադարձային ու բախտորոշ դրվագը, թերեւս, ազգային բանակի ծնունդն էր։ Մենք կառուցեցինք մեր հայրենապաշտության տաճարը, արիության դարբնոցը։ Մեզ մեր ոգին է պահել, բանակն էլ է ոգով զորանալու։ Բազմիցս եղել եմ զորամասերում, զրուցել եմ զինվորների հետ, սրտի խոսք եմ ասել, ոգեւորությամբ են լսում, երիտասարդներին հատուկ անմիջականությամբ խանդավառվում են։ Արվեստի մարդիկ, մտավորականները պետք է ավելի մոտ լինեն բանակին, ավելի հաճախ շփվեն զինվորների հետ, զրուցեն, գոտեպնդեն, սիրեն։ Բանակի խնդիրներն ինձ շատ են սրտամոտ, շատ են հուզում:

Ինձ շատ հուզեց այլընտրանքային զինծառայության ամոթալի գաղափարը։ Այլընտրանքային հայրենիք չի լինում, ուրեմն եւ չկա այլընտրանքային պարտք հայրենիքի հանդեպ, այլընտրանքային սեր, այլընտրանքային ինքնազոհություն։ Այլընտրանքայիններով Սարդարապատում չէինք հաղթի, չէինք ազատագրի Արցախը։ Ախր մենք ազգովի պիտի զինվորանանք, ի՞նչ այլընտրանքային, ո՞վ թույլ տվեց, Եվրոխորհուրդն ի՞նչ է հասկանում մեր ազգային նկարագրից, մեր պատմական ցավից…

Իմ սիրելի որդիներ, իմ եղբայրներ, իմ թանկ հարազատներ՝ ազգային բանակի զինվորներ, դուք մերժեք էդ այլընտրանքայինը, մերժե՛ք։ Չարիք է, գայթակղություն է, մի տրվեք։ Ուզում եմ կրկնել այն խոսքերը, որ ժամանակին գրել եմ Արցախի ազատամարտիկներին, ում հոգեզավակն եք դուք. «Մեկիկ-մեկիկ համբուրում եմ բոլորիդ ճակատները, գրկում եմ ձեզ կարոտած մայրերի, քույրերի, սիրած աղջիկների թեւերով, մաղթում եմ հոգու թռիչք, խիզախություն, հաղթանակի բերկրանք։ Աստված ձեզ պահապան»։

Խորագիր՝ #32 (1050) 21.08.2014 – 27.08.2014, Հոգևոր-մշակութային


21/08/2014