Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՄ ԶԵՆՔԸ` ԻՄ ԱՐԴԱՐ ԸՆԿԵՐԸ



ԴԻՐՔԱՊԱՀ ԶԻՆՎՈՐԻ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

Ինքնաձիգի նշանոցից մինչև դաշտում աշխատող գյուղացին քանի՞ մետր է… Մի երկու հարյուր: Թե մատդ սեղմես ձգանին… Բայց ես նույնիսկ մտքիս ծայրով նման բան չեմ անցկացնում: Գյուղացին հողի ծառան է, ես՝ հայրենիքի զինվորը: Հետո ի՞նչ, որ գյուղացին հայ չէ, հետո ի՞նչ, որ գյուղացին ադրբեջանցի է: Հողի աշխատավոր է: Մարդ, որ օրնիբուն մեջք է ծռում հողի վրա: Հաստատ համոզված եմ՝ հողի աշխատավորը պատերազմ չի ցանկանա, հողի աշխատավորը խաղաղության կողմնակից է: Ի՞նչ կապ ունի՝ ի՞նչ ազգի է պատկանում: Այդ գյուղացին, ու իր նման էլի շատերը, վստահ են, որ հայ զինվորն իրենց վրա գնդակ չի արձակի ու աշխատում են հանգիստ: Է, թող աշխատեն, ես նրանց նկատմամբ քեն ու ոխ չունեմ: Ես ոխ չունեմ նաև թշնամու զինվորի նկատմամբ: Ես իմ հողի ու ջրի տերն եմ, պապերիցս ինձ ժառանգություն մնացած էս լեռնոտ ու քարոտ հողի պահապանն ու տերն եմ: Ժառանգել եմ ու ժառանգություն եմ թողնելու զավակներիս: Իսկ գյուղացին, թեկուզև թշնամու, հողի աշխատավոր է, և հողի աշխատավորին ձեռք տալը իսկական տղամարդու գործ չէ:

Ուրիշ են թշնամու հենակետերը: Թե լավ մտածես՝ էդ հենակետի պաշտպանական կառույցների հետևում ինձ նման տղերք են, որոնց ուղեղները լվացել են: Ականջներն են լցրել, թե ամեն ինչ իրենցն է: Լեռները, մեր ունեցած քիչ դաշտերը, քաղաքները…. Աշխարհն ամբողջությամբ՝ Ափշերոնից մինչև, ով գիտե, որ ջանդամը: Խելք ունեցողները, անշուշտ, չեն հավատում, բայց ո՞վ է չափել հակառակորդի բոլոր զինվորների խելքը: Եվ համոզված են կամ հավատում են, որ իրենք ու իրենց պատմությունը դարերի խորքից է եկել: Ու խելացի մեկը չկա, որ հարց տա.

-Բա որ էդ բոլորը քոնն են, ինչո՞ւ են հիմա քեզ պատկանող հողի ամեն ձորի մեջ ու սարի վրա խաչեր դրած: Քո նախնիները ո՞ր օրվա խաչապաշտն են: Ինչո՞ւ են խաչքար սարքել:

-Խաչքար չէ,- խորհրդավոր շշնջում են նրանց գիտնականները, -ալբանական խաչդաշեր են:

Իրենք աղվաններին ուծացրել, կուլ են տվել ու աշխարհին համոզում են, թե խաչքարն աղվանական պատկանելիություն ունի: Մի ասող չկա՞՝ թե «դաշը» թուրքերն «քարն» է, հասկացանք, բա «խա՞չը»…

Չեն հարցնում՝ ո՞ւր են աղվանները: Տափաստանից եկած քոչվոր բորենին կուլ է տվել նրանց ու ատամները ժնգժնգացնելով արյունոտ բերանն է լիզում: Մտածում է՝ էլի ո՞ւմ կուլ տա, էլի ո՞ւմ ունեցածը հափշտակի ու աշխարհի առաջ նավթոտ ձեռքերն իրար շփելով հայտարարի.

-Ի՛մն է…

Մի հարցնող չկա՞, եթե խաչը ձեր նախնիներն են քանդակել քարի վրա, ինչո՞ւ եք ջնջում, ինչո՞ւ եք պղծում, ինչո՞ւ եք ջարդում ու Արաքսը լցնում:

Քանդում են արդեն քանի~ տարի. ամրոց, եկեղեցի, տուն, գերեզմանոց… Ուզում են հետքը վերացնել ու չեն հասկանում, որ մեր հետքը վերացնել հնարավոր չէ: Հողը քանի՞ հազար տարի հայացած է ու հիմա իր ամեն մի ծալքի մեջ մի-մի հիշատակ է պահպանում: Իսկ իրենք քանդում են ու փնտրում: Ի՞նչ՝ հայի թաքցրած ոսկի.

-Կըզը~լ…,- թուրքի շշունջը չարաղետ կախվում է եկեղեցիների ու վանքերի, բերդերի ու խաչքարերի վրա:

Աշխարհն ի բաց հայտարարում են, թե իրենցն է: Իսկ իրեն քաղաքաքակիրթ հայտարարած աշխարհը ո՛չ ժամանակ, ո՛չ էլ հետաքրքրություն ունի էդ բաների հանդեպ ու չի ասում.

-Կառուցողը, ախր, չի քանդի, կառուցողը, ախր, ուրիշի կառուցածի նկատմամբ էլ հարգանք կունենա…

Ես այդ ամենին ծանոթ եմ, դրա համար էլ զգույշ եմ և ուշադիր: Թեև շատ ժամանակ չէ, որ զինվոր եմ, բայց հստակ հասկացել եմ մի կարևոր բան. զինվորը, հատկապես հայ զինվորը, շատ ուշադիր պիտի լինի զենքի նկատմամբ: Ախր, զենքը զինվորի ախպերն է, նրան ամենանեղ պահին օգնության հասնողն ու փրկողը: Մի կարևոր բան էլ կա, որ նոր եմ գլխի ընկել: Զենքը զինվորի ձեռքի շարունակությունն է: Ինչ եղավ մարդու գլխում ու սրտում, զենքն էն է արտահայտում: Դրա համար էլ վրեժի ծարավ մեկի սրտում այն դառնում է վրիժառու, հանցագործի ձեռքին՝ ոճրագործ, իսկ հայրենիքի պաշտպանի ձեռքին՝ հայրենասեր:

Ձեռքդ անտեսանելի հոսանքներով քո ով լինելը հաղորդում է զենքին և հենց առաջին իսկ պահից զենքը ճանաչում է քեզ, հասկանում հոգուդ, սրտիդ ու գլխիդ մեջ եղածը և դառնում է քեզ նման:

Ես հայրենիքի զինվոր եմ ու թույլ չեմ տալիս, որ զենքս անիմաստ կրակի: Ես հողագործի զավակ եմ և արյունով ու գեներով հասկանում եմ, որ հողը մեղք է: Նրա մեջքը հողվորի բահը պիտի քրքրի և ոչ թե գնդակն ու արկը: Դրա համար էլ իզուր տեղը գնդակ չեմ արձակում: Ախր, ամեն մի գնդակ սարքելու համար հաց են կտրել աշխատավորի բերանից: Դրա փոխարեն որքա՞ն բարիք կարելի էր ստեղծել: Բայց ոչինչ անել չես կարող: Մեր ժամանակներն են այդպիսին, մեր քաղաքակրթությունը: Ես չէ, որ պիտի ուղղեմ ծռածը: Ես ընդամենը իմ հայրենիքի զինվորն եմ ու հիմա ուշադրությամբ նայում եմ սահմանից անդին մեջքը հողի վրա ծռած ադրբեջանցի գյուղացուն ու ինձ չարությամբ հետևող հակառակորդի հենակետին:

Եթե հանկարծ որևէ մեկի մտքովն անցնի փորձել իմ ու ընկերներիս զգոնությունը, հաստատ փորձը փորձանք կդառնա նրա գլխին: Ասեմ՝ չեն փորձե՞լ, փորձել են, Շա~տ… Եվ արդյունքն այն է եղել, որ հետ են փախել վիրավոր գազանի նման: Մենք մեջք-մեջքի տված, զենքը ձեռքներիս պաշտպանել ենք մեր հենակետը: Վերջնական արդյունքում՝ հողը, հայրենիքը, մեր ընտանիքները, մեր պապերի աճյունները:

Ու ես հիմա ինձնից ավելի զենքն եմ սիրում: Սիրում եմ խնայելով: Պահպանում եմ զենքը աչքիս լույսի պես, որ ինքն էլ ինձ պաշտպանի: Ով ինչ ուզում է, թող ասի. զենքի մեջ շունչ կա, ոնց հետը վարվեցիր, նա էլ նույնությամբ քեզ կփոխադարձի…

…Շատ-շատ կուզենայի, որ աշխարհում զենք չլիներ և ոչ էլ՝ զենքի կարիք: Հաշվեք միայն՝ մի տանկից քանի՞ տրակտոր դուրս կգար, մի թնդանոթից քանի՞ հաստոց, մի ինքնաթիռից մանկական քանի՞ խաղալիք… Եվ սաղավարտս էլ գուցե յուրօրինակ ծաղկաման դառնար մի գեղեցիկ կնոջ կամ օրիորդի համար: Այդպես չէ, ցավոք, ու ես դիրքում կանգնած աչալուրջ հետևում եմ մեզ պատերազմ պարտադրած, այդ պատերազմում պարտված և հաշտվել չցանկացող հակառակորդի դիրքերին: Լավ գիտեմ, որ կրակելու են, հենց իմացան՝ զգոնությունը կորցրել ենք, փորձելու են առաջ գալ:

Ես անիմաստ կրակոցներին չեմ պատասխանում, բայց թշնամին լավ գիտի՝ եթե փորձի հանկարծ սահմանը խախտել, իմ ձեռքին սովոր հավատարիմ ինքնաձիգը կհորդա վրեժ, ցասում կհորդա, և ինքը ստիպված կլինի թաքնվել սեփական որջում: Կթաքնվի, հետո կսկսի հոխորտալ, պարծենալ, սպառնալ… Ախր, աշխարհի բոլոր ամբիոնները հոգնել ու զզվել են նրա լալկան ու հոխորտուն ճառերից:

Ես իմ պապերի փորձից գիտեմ, որ աշխարհը քեզ նայում է միայն այն ժամանակ, երբ շահ ունի և քո մասին հարգանքով է խոսում, երբ տեսնում է, որ ուժ ունես ու քեզնից ինչ-որ բան ես ներկայացնում:

Դրա համար էլ զգոն եմ: Զգոն եմ ու ամուր, քանզի գիտեմ անդավաճան ընկերներ ունեմ ու նույնքան անդավաճան, ազնիվ ու հուսալի զենք:

***

Ես շատ եմ ուզում, որ աշխարհում պատերազմ չլինի, որ հողը գնդակներից չտնքա և մեջքն ուռեցնի հողագործի բահի շոյանքի առաջ: Ուզում եմ նաև, որ աշխարհի բոլոր զինվորական սաղավարտները վերածվեն ծաղկամանների, և յուրօրինակ ջութակ դառնան բոլոր ինքնաձիգները… Ուզում եմ նաև, որ ամեն ազգ շենացնի ի՛ր հողը և այն հայրենիք դարձնի ի՛ր ու ի՛ր զավակների համար, բայց թշնամին համաձայն չէ: Եվ ես ստիպված եմ զենքը սիրել, քանզի այն իմ արդար ու ազնիվ ընկերն է, իմ ու հայրենի հողի անդավաճան պաշտպանը:

ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Խորագիր՝ #30 (1048) 7.08.2014 – 13.08.2014, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


07/08/2014