Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՆԴԻ ՈՐԴԻՆ



Երբ սկսվեց Արցախյան ազատամարտը, Մուրադ Պետրոսյանը սովորում էր 10-րդ դասարանում։ Ընտանիքով բնակվում էին Շահումյանի շրջանի Ներքին Շեն (Շահումյան) գյուղում։ Հայրը՝ Վիկտոր Պետրոսյանը, պատմության ուսուցիչ էր, ամեն օր նրան հայրենասիրության դասեր էր տալիս, վարակում հայրենիքի սիրով։ Մուրադը մեծանում էր հայրենաշունչ մթնոլորտում՝ կրելով Մեծ հայրենականում զոհված պապի անունը։

Աշխույժ, չարաճճի տղա էր, անընդհատ արկածներ էր փնտրում։ Երբ առաջին ուղղաթիռն իջավ Շահումյանում, մոտ վազեց, սկսեց ուշադրությամբ հետևել անցուդարձին։ Համագյուղացի կապավոր Արտյոմը մոտեցավ, ողջունեց օդաչուին և ասաց, որ կհաղորդի ուր հարկն է։ Մուրադին շատ հետաքրքրեց, թե ինչ է նշանակում «հաղորդել» բառը։ Հարցրեց Արտյոմին։ Նա էլ սիրելով չարաճճի, հետաքրքրասեր տղային՝ ասաց. «Եթե շատ ես ուզում իմանալ, արի ինձ հետ, ցույց կտամ»։

Եվ այդ խորհրդավոր բառը ճակատագրական եղավ Մուրադի համար։ Նրան գրավեց ռադիոհաղորդիչ սարքը։ Այնպես եղավ, որ 15-20 օր հետո լրիվ տիրապետեց ռադիոհաղորդիչի աշխատանքին, և շրջանի ինքնապաշտպանության հրամանատար Շահեն Մեղրյանը նրան իբրև փոխարինող նշանակեց։

Ճակատագրի անիմանալի խաղը շարունակվում էր։ Արդեն մեկ տարի աշխատում էր որպես կապավոր։ 1990 թվականին Էրքեջ գյուղի պաշտպանական դիրքերից «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի շտաբի պետ Տիգրան Սարգսյանը մի խափանված ռադիոընդունիչ բերեց նորոգելու։ Մուրադը մենակ հերթապահում էր, ասաց. «Թողեք՝ մնա, գյուղում մասնագետ կա, ցույց կտամ»։ Նորոգված ռադիոընդունիչը տարան, բայց որոշ ժամանակ հետո նորից բերեցին։ Այս անգամ արդեն Մուրադը գիտեր, թե ինչ պետք է աներ։ Տիգրան Սարգսյանը, տեսնելով Մուրադի վարպետությունը, խնդրեց. «Ճուտո՛ ջան, արի գնանք մեզ մոտ, ինքդ կմիացնես, կաշխատեցնես, որ շուտ-շուտ չփչանա»։ Այդպես ճակատագիրը Մուրադին կապեց «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հետ, և նա դարձավ այն գնդի որդիներից կամ ճուտերից մեկը, որոնք կային համարյա բոլոր կամավորական ջոկատներում։ Սկզբում խնայում էին, չէին տանում դիրքեր՝ հերթապահության։ Սակայն նրան ձանձրացնում էր կապավորի նստակյաց, միապաղաղ աշխատանքը, ցանկանում էր գնալ դիրքերը, մասնակցել մարտական գործողություններին՝ արդեն կարողանում էր օգտվել նաև տարբեր զինատեսակներից։ Եվ ազատ ժամերին հերթապահում էր դիրքերում, մասնակցում պաշտպանական մարտերին։

Սակայն առաջին իսկական կռիվը եղավ 1991 թվականին։ Ադրբեջանցիներն անընդհատ հարձակումներ էին կազմակերպում Բուզլուխ, Մանաշիդ, Էրքեջ գյուղերի ուղղությամբ, կտրում հաղորդակցության ուղիները։ Հայկական կամավորական ուժերը պատրաստվում էին գրավել ադրբեջանաբնակ Թոդան գյուղը, որտեղից վերահսկվում էր Մանաշիդ-Էրքեջ ճանապարհը։ Աշխարհազորային գնդի հրամանատար Արմենակ Արմենակյանը խիստ կարգադրել էր` Ճուտին թույլ չտալ մասնակցելու այդ գործողությանը։ Ուշադրությունը շեղելու համար մի նոր «Օլինկո» ռադիոհաղորդիչ էին տվել և առաջադրանք՝ օգնել գնդի հրետանու պետ Դնեպրիկ Բաղդասարյանին՝ ճշտելու հրետանու կրակը։

Աշխարհազորային գնդի մարտիկները կարողացան գրավել Թոդան գյուղը, վնասազերծել հակառակորդի կրակակետերը և պատրաստվում էին վերադառնալ, երբ նկատեցին Մուրադին։ Նա, վերցնելով հրամանատարի ավտոմատը, եկել էր մարտին մասնակցելու։ Արմենակ Արմենակյանը շատ բարկացավ՝ հրամանը չկատարելու համար, բայց համոզվելով, որ անհնար է նրան հետ պահել, կարգադրեց. «Գնա՛ խրամատ, վերցրո՛ւ գնդացիրը և պաշտպանի՛ր հետ քաշվող ջոկատների թիկունքը»։

Երբ տղաներն իջան ձորը, հանկարծակի բաց դաշտում հայտնվեցին «Կոռնիձոր» ջոկատի մարտիկները և ընկան ադրբեջանցիների կրակի տակ։ Արայիկ Խուդավերդյանի (Կոռնիձորի Արո) հրամանատարությամբ ջոկատը մասնակցում էր մարտական գործողությանը, որի կազմում էր նոր Արցախ եկած Մոնթե Մելքոնյանը։ Ճուտը հպարտությամբ է հիշում, որ նաև նրան է օգնել ծանր պահին։

Իրադրությունը սրվում էր՝ ջոկատը կարող էր զոհեր տալ։ Կանչեցին Ճուտին, նրան միացավ նաև «Կոռնիձորի» գնդացրորդ Մարտիրոս (Մարդո) Ժամկոչյանը։ Նա եկել էր օգնելու։ Քանի որ թշնամին կրակն ուղղել էր Ճուտի ուղղությամբ, նա նույնպես չէր կարողանում դուրս գալ։ Երկուսով կարողացան ապահովել ջոկատների նահանջը, իրենք էլ բարեհաջող իջան ձորը, միացան նրանց։ Մարտից հետո Մուրադը հաստատվեց որպես թրծված, վստահելի զինվոր, ընդգրկվեց հետախուզական խմբի մեջ՝ որպես հակառակորդի լեզվին տիրապետող և տեղանքին ծանոթ մարտիկ։ Հետագայում մասնակցեց բազմաթիվ հետախուզական խափանարար գործողությունների թշնամու թիկունքում…

Կարծես թե ամեն ինչ լավ էր ընթանում, սակայն եկավ 1992թ.-ի ցավալի ամառը։ Հայկական կողմը պատրաստվում էր ազատագրել Գետաշենը և Մարտունաշենը, բայց հակառակորդը նախահարձակ եղավ։ Այդ օրը գնդի ազատամարտիկ Գևորգի հետ գնացել էին շրջկենտրոն՝ զինամթերք ստանալու, քանի որ հարձակման համար ունեցած զինամթերքը չէր բավականացնում։ Երբ վերադարձան, արդեն խուճապ էր սկսվել՝ ադրբեջանցիները լայնածավալ հարձակման էին անցել։ Մուրադին հրամանատարն ասաց. «Գնա՛ ընտանիքիդ հետ»։ Նահանջեցին Գյուլիստան։ Ծնողներին ուղարկեց Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղ, ինքը նորից միացավ կամավորական գնդի մարտիկներին, քաշվեցին Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղը։

Թշնամին խորհրդային բանակի տանկերի աջակցությամբ շարժվում էր դեպի Մարտակերտ։ Գնդի կազմում Մուրադը մասնակցեց Մարտակերտի պաշտպանությանը, բայց երբ իրավիճակը դարձավ տագնապալի, նորից շտապեց ծնողների մոտ, և տեղափոխվեցին Երևան։

Ծնողներին ապահով տեղավորելուց հետո գնդի որդին շտապեց Արցախ՝ միանալու իր մարտական ընկերներին։ Հայտնվեց Շահեն Մեղրյանի հրամանատարությամբ գործող «Եղնիկներ» պարտիզանական ջոկատում, մասնակցեց մարտական մի քանի գործողության։ Այդ օրերին հարազատ գունդը տեղափոխվել էր Երևան՝ հանգստանալու և համալրելու ու վերադասավորելու ուժերը։ Մարտական եղբայրության կանչով Մուրադը նորից եկավ Երևան, միացավ հարազատ գնդին։ Գնդի կազմում մասնակցեց Սիսիանի և Նոյեմբերյանի շրջանների, 1993թ.-ի ձմռանը՝ Գորիսի շրջանի Խնձորեսկ գյուղի պաշտպանությանը։

1993թ.-ի գարնանը «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի մի խումբ պատրաստվում էր գնալ «Եղնիկներ»։ Մուրադը, որպես տեղանքին քաջածանոթ, միացավ այդ խմբին։ «Եղնիկների» կազմում մնացին մինչև 1994թ.-ի ձմեռը, մասնակցեցին մի քանի բնակավայրերի ազատագրական մարտերին։

Մուրադ Պետրոսյանը՝ Ճուտը, Արցախի ազատագրական պայքարին իր անմնացորդ նվիրման համար արժանացել է «Մայրական երախտագիտություն» հուշամեդալի, ինչը նրա համար ամենամեծ ու ամենաթանկ պարգևն է։

ՀՈՎԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #29 (1047) 31.07.2014 – 6.08.2014, Պատմության էջերից


30/07/2014