Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԲԱՐՁՐ ՊԱՀԵԼ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՊԱՏԻՎԸ
ԲԱՐՁՐ ՊԱՀԵԼ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՊԱՏԻՎԸ

Կրտսեր սերժանտ Հովհաննես Բուլաթյան: Զորամասի դասակի հրամանատարի տեղակալ:

Ուղիղ մեկ տարի է, ինչ ծառայում եմ: Բանակ զորակոչվեցի ՀՊՃՀ-ի էլեկտրատեխնիկական ֆակուլտետն ավարտելուց հետո: Կարգին պատկերացում չունեի բանակի մասին: Միայն այն ժամանակ ամեն ինչ հասկացա, երբ ինքս դարձա զինվոր: Ծառայությունս սկսեցի կապի ուսումնական զորամասից, որտեղ էլ տվեցի զինվորական երդումս: Կապավորի մասնագիտություն ստացա և քննություն հանձնեցի բարձրակարգ մասնագետների մոտ. ինձ շնորհվեց կրտսեր սերժանտի զինվորական կոչում, ապա և ծառայության նշանակվեցի հարավային սահմանամերձ զորամասերից մեկում: Այստեղ` զորքերում, ծառայությունն այլ է: Հենց սկզբից հարկ եղավ դրսևորել կապավորի իմ գիտելիքներն ու հմտությունները: Կարճ ժամանակ անց մեր դասակը և՛ իր կարգապահությամբ, և՛ դրսևորած արդյունքներով դարձավ լավագույնը: Այս պահին մեր դասակն ընդգրկված է մարտական հերթապահության մեջ և քսանչորս ժամ շարունակ դիրքերի միջև անխափան կապ է ապահովում:

Ինքս ձգտում եմ բարձր պահել թե՛ հայ զինվորի և թե՛ կապավորի իմ պատիվը, մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվում հրամանատարության տված յուրաքանչյուր առաջադրանքի կատարմանը:

Ծառայությունս կես է եղել: Անկեղծ եմ ասում, չնկատեցի էլ, թե ոնց անցան օրերը։ Ասում են` ծառայությունը սահմանում ավելի արագ է անցնում, ժամանակը ուղղակի թռչում է: Թեպետ այս բարձրլեռնային գոտում եղանակը հաճախակի է փոխվում, դաժան անակնկալներ մատուցում, բայց, միևնույն է, մեր տղաները ցանկացած եղանակային պայմաններում էլ ի զորու են ապահովելու քսանչորսժամյա անխափան կապ: Օրեր առաջ տեղանքներից մեկում կապը խափանվել էր, և իմ քաջարի կապավոր ընկերները հաշված րոպեներում այն վերականգնեցին:

Պատվով եմ ծառայել այս մեկ տարին և համոզված եմ` պատվով էլ ավարտին կհասցնեմ ու տուն կգնամ: