Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԱՍՆԱ ԾՈՒՌԸ



Պատմում է «Սասնա ծռեր» ջոկատի ազատամարտիկ Կարեն Եղիազարյանը (Դեսանտ Կարեն)

Մեր Դավթաշեն գյուղում Սամվել Գեւորգյանի մասին խոսում էին յուրահատուկ հարգանքով ու սիրով դեռեւս այն ժամանակվանից, երբ նա 24-25 տարեկան տղա էր։ Պատմում էին, որ Սամվելը համարձակ է, սկզբունքային, արդար, բարի, ընկերասեր, ուժեղ… Ես՝ 9-10 տարեկան տղա, մտածում էի, որ կմեծանամ ու Սամվելի նման կդառնամ։ Տարիներ անցան։ Հետո ես տեսա Սամվելին գյուղի հուշաղբյուրի մոտ։ Այդ տեսարանը հիշում եմ ամենայն մանրամասնությամբ։ Ահագին մարդ էր հավաքվել։ Կենտրոնում Սամվելն էր՝ բարձրահասակ, լայնաթիկունք, խրոխտ, հպարտ, ոգեշունչ… Նա խոսում էր ամուր, վստահ, հատու, ասում էր՝ «թշնամին սպառնում է մեր հողին, մեր ժողովրդին, մեր սրբություններին։ Մենք պիտի գնանք սահման ու կյանքով փակենք թշնամու ճանապարհը… Հայրենի հողի մի թիզն անգամ թանկ է մեր կյանքից։ Բոլորս էլ մահկանացու ենք, պատիվն է մնում. 8-ից 10 պակաս, թե 8-ն անց 10, ի՞նչ տարբերություն… Մնայունը պատիվդ է ու անունդ… Արժանապատիվ ապրելուց կարեւոր է արժանապատիվ, տղամարդավարի մեռնելը…»։

Նրա խոսքը ուղիղ սրտիս էր խփում։ Նրա կեցվածքում մի այնպիսի հզոր վճռականություն կար…

Ես, բնականաբար, միացա «Սասնա ծռեր» ջոկատին ու իմ մարտական առաջին մկրտությունն ստացա Երասխում։ Մի պատկեր էլ Երասխից է մնացել։

Սամվելը կանգնած էր թնդանոթի մոտ։ Թվում էր՝ հասակը կրկնապատկվել է, ասես էպոսից իջած դյուցազուն լիներ, աչքերից կրակ էր թափվում, ձայնը հնչում էր անհավանական ուժով։ Ընդամենը մի բառ՝ կրա՛կ… Բայց հոգու ամբողջ ուժը, սերը, ատելությունը, խիզախությունը դրված էին այդ մեկ բառի մեջ։ Ու զենքերը որոտում էին։

Ես ու Սամվելը արագ մտերմացանք։ Նա դարձավ իմ հրամանատարը, եղբայրը, ավագ ընկերը։ Ու ես հետզհետե բացահայտեցի նրա խիզախ, խրոխտ ու արծվենի հոգու թաքուն խորքերը՝ զգայուն, գթասիրտ, անշահախնդիր, հավատարիմ։ Այդպիսին էր սահմանին, այդպիսին էր Երեւանում։

…Մի քանի օրով իջել էինք սահմանից, որ փոքր-ինչ հանգստանանք։ Նստած էինք սրճարանում։ Մեկ էլ երեք երիտասարդ տղաներ մտան ներս, մոտեցան Սամվելին ու…

-Մենք Ձեզ մոտ խնդրանքով ենք եկել։ Ձեր օգնության կարիքն ունենք։ Այսինչ գործարանի տնօրենը խաբեությամբ այսքան փող է կորզել մեզնից…

Ու մի պատկառելի թիվ ասացին։ Սամվելը վերցրեց հեռախոսն ու զանգեց այդ գործարանի տիրոջը։ Մի քանի րոպեանոց խոսակցությունից հետո դարձավ տղաներին.

-Գնացե՛ք, ստացե՛ք ձեր փողը։

Տղաները կես ժամ շնորհակալություն էին հայտնում։ Երբ նրանք դուրս եկան սրճարանից, Սամվելը հարցրեց ինձ.

-Կարե՛ն, էս ովքե՞ր էին։

Ես ապշած մնացի։ Մարդկանց օգնելը Սամվելին օդի պես պետք էր, դա նրա ապրելու կերպն էր։

Սամվել Գեւորգյանը սիրում էր իր զինվորին։ «Սասնա ծռեր» ջոկատը մոտ 200 մարտիկ ուներ։ Սամվելը գիտեր բոլորի հոգսը, բոլորի ցավին հաղորդակից էր, բոլորի խնդիրներն իրենն էին։ Հետաքրքրվում էր ամեն մանրուքով՝ հո սոված չե՞ն, կարողացա՞ն մի քիչ քնել-հանգստանալ, հո չե՞ն մրսում։ Հիմա եմ հասկանում, թե ինչու էր իր մանկահասակ տղաներին՝ Արտյոմին ու Արթուրին բերում ճակատ։ Նրանց կրակել, ձի հեծնել էր սովորեցնում ու հետը տանում էր առաջին գիծ։ Հրամանատարի որդիների ներկայությունը ոգեւորում էր զինվորներին։ Հրամանատարն ասում էր՝ չվախենաք թուրքի գնդակից… Եթե չվախենաք, գնդակը կվախենա ձեզնից, կփոխի ուղղությունը…

Թույլ չէր տալիս մատով դիպչել գերիներին։ Ասում էր՝ մենք թուրք չենք, հայ ենք, ու մեր խիզախությունը մեր դաժանության մեջ չէ, այլ մեր անսահման հայրենասիրության մեջ։ Ասում էր՝ նայե՛ք գերիներին, նրանց հարկադրաբար են հանել մեր դեմ։ Նրանք չեն կարող ինքնաբուխ ու ինքնազոհ կռվել այն հողի համար, որը իրենցը չէ։ Նրանք պատրաստ են ցանկացած գին վճարելու ոչ թե Արցախի հողը, այլ սեփական կյանքը պահպանելու համար։ Սամվելի ամեն մի խոսքը արիության դաս էր… Ասում էր՝ մենք պիտի շրջենք լացի ու ողբի էջը ու պիտի հաղթանակի տարեգրություն նվիրենք մեր ժողովրդին… Սամվելը առջեւից գնացող տեսակ էր, գնդակի դեմ կանգնող տեսակ։

Տղաները վիճել էին, ու նրանցից մեկը մյուսի զենքը պահել էր։ Արդեն պատկերացնում եք, թե ինչ է նշանակում մարտադաշտում կորցնել զենքը։ Զինվորը մոտեցավ հրամանատարին ու խիստ հուզված ասաց.

-Զենքս դրել էի ծառի տակ։ Հիմա փնտրում եմ՝ չեմ գտնում։

Սամվել Գեւորգյանը հավաքեց բոլորին։

-Պատերազմի դաշտում զենքը մարդու կյանքից թանկ է, զենքը սրբություն է, զենքը մեր տղամարդկային արժանապատվությունն է, մեր հայրենիքի ազատությունն է, մեր ժողովրդի խաղաղ քունն է, մեր զավակների ապագան է… (Էդ բառերը տպվեցին իմ սրտի մեջ։ Մինչեւ այսօր ես ինչ-որ անբացատրելի երկյուղածությամբ ու ակնածանքով եմ ձեռքս առնում զենքը)։ …Հետո հրամանատարը խնդրեց-հորդորեց.

-Եթե մեկնումեկդ վերցրել է զենքը, թող վերադարձնի տիրոջը։

Տղաներից մեկը զենքը հանեց թաքստոցից, ասաց, որ կատակել է։ Խնդրեց ներել։

-Քանի որ երեխայություն ես արել, քեզ որպես երեխայի էլ կպատժեմ,- ասաց հրամանատարը ու շալվարի գոտին հանելով՝ մի քանի անգամ խորհրդանշական հարված հասցրեց կարգազանց զինվորի հետույքին։

Երբեմն ասում են՝ պատերազմ գնացին անհաջողակ, կյանքից զզված, չկայացած մարդիկ, գնացին օգտագործելու ինքնադրսեւորվելու վերջին հնարավորությունը։ Սամվելի օրինակը ապացուցում է, որ հայրենիքի հանդեպ սերը կարող է գերազանցել բոլոր զգացմունքները, Սամվելը երջանիկ, հաջողակ մարդ էր։ Հրաշալի ընտանիք ուներ։ Անչափ սիրում էր կնոջը, երեխաներին, ծնողներին։ Նյութապես ապահովված էր, ճանաչված, հարգված անձնավորություն էր։ Բայց թողեց ամեն ինչ, զենք առավ ու գնաց ազատագրելու հայրենիքը։

Սամվելի մահը շատ խորհրդանշական էր՝ նրա ապրած կյանքին վայել ավարտ էր. Սամվելի վիլիսը թշնամու ահռելի տանկի դեմ էր հայտնվել… Ու հերոսի մարմինը ցորենի արտում՝ ցորենի պես արդար, մաքուր…

Ես չեմ կարող բառերով նկարագրել, թե Սամվելի մահով ինչ պակասեց իմ՝ նրա զինվորի կյանքից, բայց կասեմ, թե ինչ եմ գտել ես Սամվելի շնորհիվ։ Նա ինձ տվել է արժանապատիվ ապրելու բանաձեւը. «8-ից 10 պակաս, թե 8-ն անց 10, ինչ տարբերություն, մնայունը պատիվդ է ու անունդ…»։

Պատրաստեց Գ. ՊՈՂՈՍՅԱՆԸ

Խորագիր՝ #28 (1046) 24.07.2014 – 30.07.2014, Ճակատագրեր


24/07/2014