«ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ». ԽՆԴԻՐՆԵՐ, ՍՊԱՍՈՒՄՆԵՐ, ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ռազմահայրենասիրական դաստիարակությանը մեր երկրում տարեցտարի ավելի մեծ ուշադրություն է հատկացվում: Կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ, որոնց ընթացքում մատաղ սերունդը ծանոթանում է հայրենի պետության պատմությանը, հերոսական անցյալին, մշակույթին, հաղորդակցվում հայրենիքին իրենց կյանքն ու գործունեությունը նվիրաբերած անհատների ոգուն և պատգամներին: Իրավամբ, ուսումնական հաստատություններում այդպիսի ծրագրեր իրականացնելը, դեռ դպրոցական տարիքից տղաների և աղջիկների մեջ հայրենասիրական վեհ գաղափարներ սերմանելը առաջնահերթություն են: Կիրառվում են նոր մոտեցումներ և մեխանիզմներ, սակայն դրանց թվում առաջնային տեղ է զբաղեցնում «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդումը: Տարիներ առաջ առարկան կարծես երկրորդ շունչ առավ՝ վերածվելով պատանիների և աղջիկների ռազմահայրենասիրական դաստիարակության, նախազորակոչային տարիքի տղաներին զինծառայությանը նախապատրաստելու անգնահատելի գործընթացի:
Շատ բան է արվել մինչ այժմ: Ամեն տարի շահագրգիռ գերատեսչությունների և կառույցների ղեկավարներն ընդլայնված համատեղ նիստերի ընթացքում քննարկում են խնդիրների վերացման, աշխատանքների բարելավման հետ կապված հարցերը: Իսկ յուրաքանչյուր մարզից, համայնքից գործուղված պատվիրակները հետագայում իրենց համայնքի դպրոցներում ներդնում են քննարկումների ընթացքում ստացված դրական փորձը: Բնականաբար, աշխատանքները չեն սահմանափակվում տարեկան մեկ անգամ արդյունքներն ամփոփելով: Պարբերաբար ոլորտի պատասխանատուները հանդիպումներ են ունենում տեղերում, պարզում ուսումնական գործընթացի արդյունավետությունը, տալիս նոր հանձնարարականներ: Մինչդեռ այսօր էլ խնդիրները ոլորտում քիչ չեն: Առաջիկա համարներում կփորձենք ընթերցողներին ներկայացնել ՆԶՊ առարկայի դասավանդման ոլորտում տիրող իրավիճակի, դպրոց-զորամաս օղակում համագործակցության մակարդակի, առկա մի շարք խնդիրների, դրանց առաջացման պատճառների, ինչպես նաև զարգացման համար անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ մեր եզրահանգումները՝ յուրաքանչյուր բարձրացված հարցի շուրջ ակնկալելով ակտիվ քննարկումներ շահագրգիռ բոլոր կառույցների մասնակցությամբ:
Եվ այսպես, ՆԶՊ առարկայի դասավանդումը համապետական կարևորագույն խնդիր է լուծում՝ նախազորակոչային տարիքի պատանիներին նախապատրաստելով զինվորական ծառայության, ինչպես նաև նպաստելով ֆիզիկապես և բարոյապես առողջ, բազմակողմանի զարգացած երիտասարդներ դաստիարակելուն: Առարկայի կարևորությունը, թերևս, ոչ ոք չի վիճարկում, միայն շատերի մոտ երբեմն հարց է առաջանում՝ ովքե՞ր են երիտասարդ սերնդի շրջանում ձևավորում հայրենիքին անձնվիրաբար ծառայելու, զինվորական պարտքն անմնացորդ նվիրումով կատարելու գիտակցումը: Չէ՞ որ ՀՀ ԶՈՒ խնդիրների, առանձնահատկությունների և նշանակության, հայոց բանակի պատմական ավանդույթների, այսօրվա զենքի ու ռազմական տեխնիկայի, կանոնադրությունների և արարողակարգերի մասին վաղվա զինվորներն իմանում են հենց աշակերտական նստարանից, և հենց առաջին տպավորությունն էլ վճռորոշ է լինում: Տարիներ շարունակ զինղեկների չափազանց պատասխանատու գործին նշանակվում էին առավելապես թոշակի տարիքի հասած, նախկին պաշտոնաթող սպաները: Վերջին շրջանում իրավիճակը կտրուկ փոխվել է, ընտրություն կատարելիս հաշվի է առնվում և՛ զինված ուժերում տարիների վաստակը, և՛ ակտիվ կենսագործունեության հնարավորությունը: Մեծամասամբ նշանակվում են զորքերից տեղափոխված սպաներ: Սակայն շատ դեպքերում նույնիսկ այդ կարգն է որոշակի դժգոհություններ առաջացնում, քանի որ, զուտ զինվորական գիտելիքներ ունենալուց բացի, մի շարք թեկնածուներ չեն ունենում համապատասխան մանկավարժական ունակություններ և չեն ապահովում դասավանդման պատշաճ մակարդակ: Այս դեպքում ոլորտի շատ մասնագետներ արդարացիորեն նշում են զինկոմիսարիատների դերի մեծացման անհրաժեշտության մասին: Զինկոմիսարիատում տվյալների ընդհանուր բազա կարելի է ստեղծել, որում կպահվեն տվյալ համայնքում հաշվառված համապատասխան որակավորում ունեցող անձանց անհատական տվյալները, և անհրաժեշտության դեպքում նրանց շարքերից էլ կընտրվի զինղեկի թափուր տեղին հավակնող թեկնածու: Ընդհանրապես, զինկոմիսարիատները ակտիվ աշխատում են զինղեկների հետ: Երևան քաղաքի Էրեբունի համայնքի զինկոմիսարիատի օրինակով ներկայացնենք բոլոր զինկոմիսարիատների աշխատանքը տվյալ բնագավառում:
Նախևառաջ նշենք, որ աշխատակիցները պարբերաբար հանդիպում են համայնքի բոլոր դպրոցների զինղեկների հետ, ինչը հետագայում հաստատեցին նաև իրենք՝ զինղեկները: Ամեն տարի օգոստոս ամսին զինկոմ, գնդապետ Ս. Սահակյանի անմիջական հսկողության ներքո կազմակերպվում են եռօրյա պարապմունքներ բոլոր զինղեկների մասնակցությամբ, շարային ստուգատես: Նաև ամեն ամիս տեղի են ունենում աշխատանքային հանդիպումներ, քննարկումներ զորամասերի հետ համագործակցողների փոխադարձ աշխատանքային պլանների շուրջ: Տարվա ընթացքում միջոցառումները պլանավորվում են համայնքի ավագ զինղեկ, փոխգնդապետ Խաչատրյանի հետ համատեղ: Փոխգնդապետը մյուս զինղեկների հետ հանդիպումների մի մասը անցկացնում է հենց զինկոմիսարիատում, ընթացիկ աշխատանքների համար էլ նրան տարածք է հատկացվում զինկոմիսարիատի շենքում: Իհարկե, հենց իրենք՝ զինկոմիսարիատի աշխատակիցներն էլ վիճակը իդեալականացնելուց հեռու են: Նրանք մատնանշում են մի շարք խնդիրներ, որոնք խանգարում են ոլորտի լիարժեք զարգացմանը: Մասնավորապես՝ զինկոմը և երկրորդ բաժնի պետը դժգոհեցին զինղեկների ընտրության կարգից, քանի որ գործող կարգի համաձայն՝ իրենց աշխատակիցներից մեկը ներգրավված է հանձնաժողովի կազմում, այնինչ դա ավելի շատ կրում է ձևական բնույթ, և տվյալ սպան չի կարող ազդել դպրոցի տնօրենի՝ այս կամ այն անձին զինղեկ նշանակելու որոշման վրա: Արդյունքում՝ որոշ դպրոցներում զինղեկները չեն համապատասխանում անհրաժեշտ պահանջներին և իրենց պարտականությունները կատարելիս թերանում են: Նույնիսկ այս դեպքում զինկոմիսարիատը որևէ լիազորություն չունի զինղեկին աշխատանքից հեռացնելու հարցում: Ընդհակառակը, առաջին բողոքները հենց զինկոմիսարիատին են ուղղվում: Դժգոհություն է առաջացնում նաև զինղեկների պաշտոնում կանանց առաջադրելը, այն պատճառաբանությամբ, որ գրեթե ամբողջովին կանանցից կազմված մանկավարժական կոլեկտիվում կին զինղեկը չի կարող ազդեցիկ ներգործություն ունենալ: Հարկ է նշել, որ շատ դպրոցներում հենց այդ՝ ազդեցիկություն խաղալու պատճառով էլ որոշակի թերացումներ են առաջանում դասավանդման բուն գործընթացում: Մի շարք տնօրեններ զինղեկներին պահում են որպես, այսպես կոչված, ուժեղ ձեռք աշակերտներին վախեցնելու նպատակով, ինչն ինքնին անընդունելի է:
Ինչևէ, զինղեկները՝ լավ թե վատ, կատարում են իրենց պարտականությունները՝ երեխաներին ծանոթացնում են զինծառայողների կենցաղին, ռազմական տեխնիկային, ապահովում են նրանց մասնակցությունը ռազմամարզական խաղերին, առավել պատրաստվածներին կողմնորոշում են դեպի ռազմաուսումնական հաստատություններ, կատարում են ուսումնական ծրագրով նախատեսված տարբեր միջոցառումներ և այլն: Միևնույն ժամանակ, բարձրաձայնում են մի շարք խնդիրների մասին, որոնք խանգարում են իրենց իսկ աշխատանքի լիարժեք կատարմանը: Առաջին հերթին խոսքը զինվորական համազգեստի մասին է: Պարզ է, որ աշակերտները ավելի զգաստանում, ոգևորվում են, երբ իրենց ուսուցիչը համազգեստով է, իսկ այսօր զինղեկներից շատերը պարզապես չունեն համազգեստ, կրում են մի քանի տարի առաջ ձեռք բերածը կամ ծանոթներից, նախկին ծառայակից ընկերներից, զինկոմիսարիատի կամ զորացրված սպաներից նվեր ստացածը: Ասել է թե՝ կենտրոնացված կարգով նրանք համազգեստ չեն ստանում: Հետաքրքիր է, որ որևէ մեկը դրա համար պատասխանատվություն չի կրում:
Համապատասխան փաստաթղթերում նշվում է, որ զինղեկը պետք է կրի պաշտպանության նախարարության սահմանած կարգով հաստատված զինվորական համազգեստը, ինչի համար, սակայն, կրթության և գիտության նախարարությունը գումար չի տրամադրում: Ստացվում է, որ խնդիրը երկու գերատեսչություններ փոխանցում են իրար: Իսկ առանց համազգեստի դասավանդելը զինղեկի համար անընդունելի է: Այս պարագայում որոշակի դժգոհություն է առաջացնում նաև այն փաստը, որ զինղեկներից պահանջում են անընդհատ համազգեստ կրել և ոչ միայն դասաժամերին: Հանուն արդարության նշենք, որ այս հարցը մշտապես քննարկվողներից է, և վերջերս էլ պաշտպանության և կրթության ու գիտության նախարարությունների միջև քննարկումներ են եղել: Մասնավորապես՝ ԿԳՆ-ի դիրքորոշումն այսպիսին է՝ ընդհանրապես հրաժարվել զինղեկներին համազգեստ տրամադրելու շուրջ տարվող խոսակցություններից և վերջիններիս առաջարկել իրենց համար սեփական միջոցներով համազգեստ գնել, ինչպես սովորական պաշտոնյաներն են կոստյում գնում, մաշվածությունից էլ խուսափելու համար հագնել միայն դասաժամերին: Արդարացվա՞ծ է արդյոք նման մոտեցումը, դժվար է ասել:
Չի կարելի չխոսել նաև կոչումների մասին: Այսօր պահեստազորի սպաներ համարվող շատ զինղեկներ տարիներ շարունակ նույն կոչումով մնում են դպրոցում: Աշակերտները և նույնիսկ ուսուցիչները արդեն լուրջ չեն վերաբերվում նրանց՝ կարծելով, թե արժանիքներ չունեն կամ էլ լուրջ մոտեցում չկա ոլորտի նկատմամբ: Ի վերջո, հենց իրենք՝ զինղեկները, իրենց ավելի գնահատված կզգան և ավելի եռանդով կաշխատեն: Այս դեպքում նույնպես կարելի է զինկոմիսարիատին օժտել համապատասխան լիազորություններով, այն է՝՝ պահեստի սպայական կոչումների ներկայացնելու գործընթացը՝ սահմանելով խիստ վերահսկողություն:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Խորագիր՝ #25 (1043) 3.07.2014 – 9.07.2014, Բանակ և հասարակություն