Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ԽԻՂՃԸ, ՄԵՐ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՄԵՐ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ



Երկու տարին մեկ անգամ Հայաստանի Հանրապետության վետերանների միավորման անդամները համագումար են հրավիրում, քննարկում ՀՀ վետերանների միավորման խորհրդի կատարած աշխատանքը, վետերաններին հուզող հարցերը, փորձում լուծումներ գտնել: Հայրենական մեծ պատերազմի վետերանները կրկին հավաքվել էին hունիսի 27-ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ՝ ամփոփելու անցած երկու տարում կազմակերպության կատարած աշխատանքը, հստակեցնելու եկող տարի Մեծ հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունների շարքը: Հայաստանի Հանրապետության վետերանների միավորման 11-րդ համագումարին մասնակցում էին 214 անդամներ, ՀՀ ՊՆ, հանրապետական եւ մարզային գործադիր մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ներկայացուցիչներ Հայաստանում ՌԴ եւ Ուկրաինայի դեսպանատներից: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հաշվետու ժամանակաշրջանում կյանքից հեռացած վետերանների հիշատակը: Այնուհետեւ հանդիսավորությամբ դահլիճ բերվեց Հայաստանի պետական և 89-րդ Թամանյան դիվիզիայի դրոշները: Ելույթ ունեցողները առաջին հերթին առողջություն մաղթեցին վետերաններին` վստահեցնելով, որ նրանց հուզող հարցերը պետության ուշադրության կենտրոնում են:

ՀՀ վետերանների միավորման խորհրդի նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանն իր զեկույցում նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում իրենց հիմնական եւ կարեւորագույն խնդիրը եղել եւ մնում է վետերանների սոցիալական ապահովվածության բարելավումը, նրանց օրինական իրավունքների եւ արտոնությունների պաշտպանումը, նրանց նկատմամբ մարդկային հոգատարության դրսեւորումը, առողջապահական ու առողջարանային հանգստի խնդիրները: Կարեւորվել է նախազորակոչային ու զորակոչային տարիքի երիտասարդության, բնակչության հետ տարվող ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքների կազմակերպումը: Ուշադրության կենտրոնում է եղել հուշահամալիրների, հուշարձանների, եղբայրական գերեզմանների պահպանությունը։ Վերոնշյալ խնդիրներով զբաղվել եւ զբաղվում են վետերանական կազմակերպությունները, տարածքային, քաղաքային խորհուրդներն ու վետերանական կոմիտեները:

Միավորման խորհրդի հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները գնահատվեցին բավարար, եւ որոշվեց ՀՀ վետերանական կազմակերպությունների գերակա խնդիր հռչակել պատերազմի, պատերազմական տարիներին թիկունքի աշխատավորների, համակենտրոնացման ճամբարների, մանկահասակ գերիների, աշխատանքի վետերանների, թոշակառուների սոցիալական իրավունքների և շահերի պաշտպանությունը:

Վետերանների միավորումը նպատակադրվել է պետական և կառավարական մարմինների միջոցով սոցիալական բնագավառում իրականացնելու մի շարք փոփոխություններ` տարեց քաղաքացիների կյանքի արժանավայել պայմաններ ապահովելու համար կատարելագործել թոշակային օրենսդրությունը, պահանջ ներկայացնել ՀՀ ԱԺ` արագացնելու «Աշխատանքի վետերանների մասին» օրենքի ընդունումը: ՀՀ վետերանների միավորման խորհուրդը և վետերանական բոլոր կազմակերպությունները պետք է ակտիվ համագործակցեն սոցիալական ծառայության, առողջապահության և այլ գերատեսչությունների հետ, որպեսզի վետերաններին տրամադրվեն առողջարանների, հանգստյան տների ուղեգրեր, մատուցվեն անհրաժեշտ բժշկական ծառայություններ, դեղորայք: Վետերանական կազմակերպություններին հանձնարարվեց ակտիվորեն աշխատել տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, գործարարների և բարերարների հետ սոցիալական ծրագրեր իրականացնելու նպատակով:

Վետերանական մարզային, տարածքային քաղաքային խորհուրդների և կոմիտեների նախագահները պետք է ռազմահայրենասիրական միջոցառումներում ընդգրկեն մեծ թվով երիտասարդների, ակտիվ մասնակցություն ունենան աշակերտների և ուսանողների շրջանում տարվող արիության դասերին:

Համագումարի ընթացքում որոշվեց միավորման պատգամավորների անունից առաջարկություն ներկայացնել ՀՀ նախագահին՝ նրա հետ վետերանական ակտիվի հանդիպում կազմակերպելու համար:

ՌՈԶԱԼԻԱ ԱԲԳԱՐՅԱՆՆ անցել է պատերազմական երկար եւ շատ ծանր ճանապարհ։ Նա 18-րդ բանակի կազմում մասնակցել է Ուկրաինայի, Չեխիայի, Հունգարիայի մի շարք քաղաքների եւ վերջապես Պրահայի ազատագրմանը: 91-ամյա վետերանն ասում է. «Նման էր մեր՝ բոլոր վետերաններիս երիտասարդությունը, ցավոք, մեր ծերությունն է տարբեր: Այսօր մեզնից շատերը, շատ հաճախ ապրելով միայնակ, խնամքի, ուշադրության, հոգատարության կարիք են զգում: Կենսաթոշակը չի ապահովում մեր նվազագույն ապրուստը: Հույս ունեմ, որ 2015 թ.՝ Մեծ հաղթանակի հոբելյանական տարում, կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի բարելավվեն վետերաններիս կյանքի պայմանները, եւ ոչ միայն վետերաններիս՝ յուրաքանչյուր հայ ընտանիքի կենսապայմանները: Ես խոր ցավ եմ ապրում, երբ արժանապատիվ կյանքի ակնկալիքով հարեւանս, ծանոթս կամ բարեկամս հեռանում է հայրենիքից: Ուզում եմ, որ ապրենք, արարենք եւ երջանիկ լինենք մեր հողի վրա»:

ՍՈՒՐԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ կռվել է Մերձբալթյան ռազմաճակատում՝ 11-րդ բանակի կազմում, նրա կուրծքը զարդարող մի քանի տասնյակ պատերազմական շքանշաններն ու մեդալները հուշում են, որ պատվով է կատարել բժշկի իր պարտականությունները: 90-ամյա վետերանն այսօր մենակ է ապրում, դժգոհ է, որ չորս տարի շարունակ թոշակը չի բարձրացել, ակնկալում է, որ այս տարի մեր մեծամեծները մի բան կմտածեն. «Տղաս բժիշկ է, բնակվում է Մոսկվայում, օգնում է ինձ: Գազի, հոսանքի գինն էլ բարձր է, առանց նրա աջակցության հնարավոր չէ, հատկապես ձմռանը: Մենք էլի ոչինչ, մեր կյանքն արդեն ապրել ենք, ես ավելի շատ մտահոգվում եմ Արցախյան պատերազմի վետերանների, նրանց ընտանիքների համար, ուզում եմ, որ նրանք լավ ապրեն, չհիասթափվեն…»:

ՎԱԼԵՐԻ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ Արցախյան պատերազմի վետերան է: Նա Չարենցավանի «Հրայր Դժոխք» ջոկատի հրամանատարն է: Մասնակցել է Շահումյանի ազատագրական մարտերին, Հադրութի Ցոր գյուղի պաշտպանությանը, Մարտակերտի, Շուշիի ազատագրմանը, այսօր աշխատում է որպես զինղեկ. «Ընկերներիցս շատերը գործ չունեն, չեն կարողանում հոգալ ընտանիքի կարիքները, լուծել առողջական խնդիրները: Չեն կարողանում իրենց մասնագիտությամբ գործ գտնել, ուստի մեկը հաց է թխում, մյուսը խոտ է հնձում, երրորդը արտ է վարում, չորրորդը այգեգործությամբ է զբաղվում, որ ընտանիք պահեն: Թոշակն այնքան քիչ է, որ հազիվ կարողանում են կոմունալ վճարումները կատարել: Հիմա էլ ամեն ինչ թանկացել է… Մեզ շատ են օգնում արտերկրում բնակվող մեր մարտական ընկերները, նրանց հատկացրած միջոցներով տարվա ընթացքում մեկ-երկու հոգու օգնում ենք: Վերջերս նրանց աջակցության շնորհիվ ազատամարտիկներից մեկի առողջական խնդիրը լուծեցինք, մյուսի կնոջ սրտի վիրահատության ծախսերը մարեցինք: Կարծում եմ՝ ազատամարտիկների հոգսերը, այնուամենայնիվ, պետք է լուծում ստանան կառավարության մակարդակով»:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #25 (1043) 3.07.2014 – 9.07.2014, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


03/07/2014