Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔՈ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ, ԶԻՆՎՈՐ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐՈՅԱՆ



ՕՐՀՆԱՆՔ

Գնա՛, որդի՛ս, թե հերթն հասավ,

Հազար տարվա կռիվ է սա…

Ուր որ գնաս, թող ոտքիդ տակ

Խրոխտ քայլքից հողը թնդա, բայց կանաչի,

Քո զինավառ ահեղ տեսքից

Թող թշնամին քեզ ճանաչի ու երկնչի,

Թե լեռ անցնես, թող որ մի քիչ նա ցածրանա,

Թե ձոր անցնես, թող որ մի քիչ նա բարձրանա,

Թե վհատվի հանկարծ հոգիդ,

Հողն համբուրիր՝ կկարծրանա։

Գնա՛, որդի՛ս, թե հերթն հասավ,

Հազար տարվա կռիվ է սա…

Ուր որ գնաս, թող որ միայն հույս արթնանա,

Ում հանդիպես, ուժով լցվի ու զորանա,

Ճամփա բացվի եւ ելք ու ճար,

Երբ կթվա՝ չկա հնար…

Ով վհատ է, հաղթանակին թող հավատա,

Հրացանը իզուր տեղը թող չորոտա,

Որոտալուց չվրիպի։

Գնա՛, որդի՛ս, թե հերթն հասավ,

Հազար տարվա կռիվ է սա…

Մայր եմ, սակայն կդիմանամ,

Որ փառավոր վերադարձիդ արժանանամ,

Գնա՛, կռվող եղբայրներին քո միացի՛ր,

Հաղթանակով վերադարձի՛ր…

Իմ օրհնանքը քեզ պահապան,

Չարը՝ խափան…

Գնա՛, որդի՛ս…

♦♦♦

Նա մարտադաշտի զինվոր չի եղել,

Իր տեղն այստեղ էր՝ խորը թիկունքում,

Ուր մարդիկ արցունք-քրտինք են հեղել

Աշխատանքից դուրս եւ աշխատանքում։

Այստեղ տագնապը ամենայն ժամի

Նույնն էր, ինչ արնոտ կռվի դաշտերում,

Եթե մեր դեմ էր այնտեղ թշնամին,

Այստեղ մեր մեջ էր, մեր ուղեղներում։

Այնտեղ թե կուրծք էր խոցվում գնդակից,

Այստեղ հոգի էր ցավից նվաղում,

Այնտեղ մեր թափած արյան գետակից

Այստեղ պաղ վշտի ծով էր գոյանում…

ՄԵԿՆՈՒՄ

-Ի՞նչն ստիպեց, սիրու՛ն տղա,

Որ գրվեցիր դու ֆիդայի…

-Պատմությունն ու դատը հայի…

-Իսկ ի՞նչ ունես քո սրտի մեջ,

Որ վախենա թուրքը հրեշ…

-Հին հայրենիք ու հին վրեժ…

-Էլ ի՞նչ ունես դու քո հոգում

Որ գնում ես ահեղ մարտի…

-Իմ երդումը մահապարտի…

-Իսկ ի՞նչ ունես դրանցից զատ,

Որով կռվես ինչպես բազե…

-Փամփշտակալ ու հրազեն…

-Ի՞նչ ես դրել քո մտքի մեջ,

Ի՞նչ գաղափար կամ նպատակ…

-Իմացյալ մահ կամ հաղթանակ…

-Իսկ ի՞նչ է պետք, ա՛յ ֆիդայի,

Որ հալածես թուրքին անկուշտ…

-Հաց, ծխախոտ ու շատ փամփուշտ…

-Ասա՛ նաեւ, անվա՛խ տղա,

Քո մեծ սրտում էլ բան չկա՞…

-Սեր կա սիրուն մի աղջկա…

-Այդ աղջիկը տալիս է քեզ

Բրդե ձեռնոց ու տաք գուլպա…

-Աստված վկա, շատ պետք կգա…

-Դրանից զատ էլ ի՞նչ է պետք,

Որ քո օրը չանցնի տրտում…

-Սերդ վառվի միշտ իմ սրտում…

-Բայց չես ասում, քա՛ջ ֆիդայի,

Իմ սերն արդյոք քեզ ի՞նչ կտա…

-Այն մութ տեղը ինձ լույս կտա…

-Քո իղձն ասա, խեւ՛ ֆիդայի,

Ես ի՞նչ անեմ, որ քեզ հիշեմ…

-Ծոցդ մտնեմ գեթ այս գիշեր…

-Եվ ի՞նչ կտա այդ սերը մեզ

Հետո, երբ դու գնաս բանակ…

-Մենք կունենանք արու զավակ…

-Էլ ի՞նչ է պետք, յա՛ր ֆիդայի,

Որ դու հաղթած վերադառնաս…

-Երբ որ ետ գամ, կինս դառնաս…

Խորագիր՝ #20 (1038) 29.05.2014 – 4.06.2014, Հոգևոր-մշակութային


29/05/2014