Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՐԳԵՎՆԵՐՆ ԻՆՔՆԻՆ ՇԱՏ ԲԱՆ ԵՆ ՀՈՒՇՈՒՄ…



Պարգևները, որ խնամքով պահվում են համեստ կահույքի դարակներից մեկում՝ փոքրիկ պայուսակի մեջ, ինքնին շատ բան են հուշում անցած մարտական փառավոր ուղու մասին։

Ահա դրանցից մեկը՝ ամենից խոսունը, թանկն ու արժեքավորը.

«Ավետիսյան Կարեն Սերգեյի.

Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ակնառու խիզախության և անձնական արիության համար ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության 1994թ. թիվ 0326-1 որոշմամբ պարգևատրված է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով»։

Ահա և մեկ ուրիշը՝ «Շուշիի ազատագրման համար» մեդալը։

Համաձայնեք, այս պարգևները տրվել են քաջերից քաջին, ամենից անվեհերին, թուրքի մեջքը փշրողին, ոտքն ու ձեռքը թուլացնողին։ Քաջերից քաջին…

Հենց այսպիսին է եղել (և՝ է) սարուշենցի Կարենը, որի մասին մարտական ընկերները, Ազատամարտիկների միության անդամները, նրան ճանաչող զինվորական բարձրաստիճան պաշտոնյաները, բոլո՜ր-բոլորը խոսում են ընդգծված հարգանքով։

Նշենք կենսագրական (ի դեպ, բավականին հարուստ կենսագրություն ունի) որոշ տվյալներ։

Ծնվել է 1955թ.-ի հունիսի 28-ին, Սարուշենում, ճանաչված մանկավարժ, լրագրող, բանաստեղծ Սերգեյ Ավետիսյանի հարկի տակ։ Ընտանիքի 4-րդ զավակն է։ Ունեցել է երեք եղբայր և մեկ քույր։ Միջնակարգ կրթությունը ստացել է հայրենի գյուղում։ Ապա ուսումը շարունակել է Թամանյանի անվան շինարարական տեխնիկումի ճարտարապետական բաժնում։ Երկրորդ կուրսից զորակոչվել է բանակ և, իբրև նկարիչ-ձևավորող, ծառայել Մարիելական Հանրապետության զորամասերից մեկում։ Հետո կոմերիտական ուղեգրով մեկնել ու երեք տարի մնացել է Սիրիայում։ Ու թեև բարեկեցիկ կյանք ստեղծելու, «առաջ գնալու» լավ հեռանկարներ ուներ, բայց հայրենի երկրի կախարդիչ բնությունը, ծառն ու ծաղիկը միշտ ձգել-կանչել են նրան։ Եվ կարոտի կանչին ունկնդիր՝ թողել է ամեն ինչ, եկել Ստեփանակերտ ու աշխատանքի անցել կենցաղսպասարկման կոմբինատում՝ հավատարիմ մնալով ընտրած՝ նկարիչ-ձևավորողի մասնագիտությանը։

Հետո «հայտնվել է» Ասկերանի մշակույթի տան գեղագրական արհեստանոցում, հետո…

Էլ ո՛չ մի հետո։ Վրա է հասել 1988-ի փետրվարը, ու մի օր շրջկենտրոնից ոչ շատ հեռու, Աղդամի կողմից լսվել է թուրք խուժանի ոռնոցն ու գոռգոռոցը։ Ժամը օրհասական էր, պահը՝ բախտորոշ։

-Ու մենք դուրս եկանք ոհմակի առաջն առնելու։ Ո՛չ հրացան, ո՛չ մի այլ զենք։ Շատերի ձեռքին երկաթի ձողեր էին, բայց բոլորս ատելությունից ու զայրույթից մի-մի առյուծ դարձած գնում էինք քոչվորին «ետդարձի ճանապարհը» ցույց տալու, սպասվող աղետը կասեցնելու։ Առջևում Առուշանյան Սլավիկն էր։ Նա էր մեզ ուժ տվողը, առաջնորդողը։ Նաև՝ Ալիկը, ուրիշներ։ Բոլորին չեմ հիշում։ Ասեմ միայն, որ նրանց անձնուրացության, իմաստնության, խիզախության շնորհիվ է, որ մենք կարողացանք թշնամու «երեսը շրջել» դեպի իր որջը ու կանխել ահավոր կոտորածը։

Պատմում, շարունակում է իր միտքը, ու ես հոգու աչքերով նրան տեսնում եմ ամիսներ հետո կազմավորված Սարուշենի ջոկատում, կտրիճների գումարտակում, Ամարասի մոտակայքում, Մարտակերտում, ամենուր, ուր մղվել են թեժ կռիվներ, ազատագրվել շեներ ու քաղաքներ։ Այո՛, նա կռվել, թուրք խուժանի հերն անիծել է Հադրութի ու Մարտունու, Աղդամի ու Քարվաճառի, Մարտակերտի ու Լաչինի տասնյակ ու տասնյակ մեծ ու փոքր բնակավայրերի համար մղվող կռիվներում։ Ի դեպ, այն տարիներին (1992-1995) ինքը ևս պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել՝ դասակի, վաշտի հրամանատար, գումարտակի շտաբի պետ։

Պատերազմի ավարտից հետո (հրադադարի լուրը Տիգրանակերտում է լսել) շարունակել է զինվորականի համազգեստ հագնել։ Ծառայությունը թողել ու թոշակի է անցել 2008 թ.-ին։ Հիմա պահեստի մայոր է։ Ամենակարևորը. հանգիստ հոգով, մաքուր խղճով է հիշում իր անցած մարտական ճանապարհը։

-Շուշիի ազատագրումը հիշելիս սիրտս թունդ է առնում ու ասես ավելի արագ բաբախում,- ասում է նա ու իրեն «տեսնում» հետախուզության գնալիս, Քարինտակի ուղղությամբ դիրքեր պահելիս, գյուղի ստորոտով դեպի Զառսլու քայլելիս… Լավ հիշում եմ. շուրջ 14 ժամ դժվարին, վտանգներով լի ճանապարհ կտրելուց հետո՝ մայիսի 7-ին, հավաքվել էինք Չախմախի տալ կոչվող բացատում, որտեղ մեզ էին միացել Հայաստանից օգնության եկած ջոկատները (թվով՝ ավելի քան 100 հոգի)։ Սպասում էինք հրամանատարի՝ Ղարայանի հրահանգներին, ցուցումներին։ 8-ին արդեն նախատեսված տեղանքում էինք, իսկ 9-ին՝ մտել էինք բերդաքաղաք Շուշի։ Եվ ի՜նչ ցնծություն, ի՜նչ հրճվանք ու խնդություն. գրկախառնություննե՜ր, շնորհավորանքնե՜ր։ Բոլորի հայացքներում խինդ էր ու կարոտ, նաև՝ ափսոսանք այն արծիվ տղաների համար, որ ընկան բարձունք տանող ճանապարհի կեսին ու չտեսան եռագույնի մեղմ ծփանքն ու երկնքի լազուրը թրատող տոնական հրավառության գեղեցկությունն ու ողջ հմայքը, տղաների՝ նորօրյա Սասնա ծռերի ոգու վեհությունն ու անսահման բերկրանքը… Թող չափազանցություն չթվա. ես ինձ երջանիկ, բախտավոր մարդ եմ համարում, որ տեսել եմ մեր հինավուրց բերդամրոցը՝ պայծառ լույսերի մեջ ողողված, քոչվոր ազերիներից լրիվ մաքրված։ Այո՛, ես ինձ երջանիկ մարդ եմ համարում։

Այսպես է մտածում երեկվա խիզախ մարտիկը՝ Կարեն Ավետիսյանը (ի դեպ, «Հայրենյաց պաշտպան» մեդալ էլ ունի)։ Այսօր էլ տքնում է արարել, մի բան ստեղծել, օգտակար լինել հարազատ օջախին, հայրենի եզերքին՝ միշտ հիշելով ու հիշեցնելով Բենջամին Ֆրանկլինի իմաստուն խոսքը. «Քաջությունը պետք է ոչ միայն մարտի դաշտում, այլև հասարակ, առօրեական աշխատանքում»։

ՄԻՔԱՅԵԼ ԲԱԼՅԱՆ

Խորագիր՝ #19 (1037) 22.05.2014 – 28.05.2014, Ճակատագրեր


22/05/2014