Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՏԱՆՁՈՒՏ ԳՅՈՒՂԸ՝ 20 ՏԱՐԵԿԱՆ
ՏԱՆՁՈՒՏ ԳՅՈՒՂԸ՝ 20 ՏԱՐԵԿԱՆ

Արցախի Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանք համայնքը կազմված է չորս գյուղերից՝ Ծիծեռնավանք, Արավուս, Մելիքաշեն և Տանձուտ: Վերջինս ունի մոտ 30 ընտանիք՝ 100-ից ավելի բնակիչ: Գյուղը հիմնադրվել է 1994 թվականի գարնանը՝ ազատագրումից մեկ տարի հետո: Մայիսի 3-ին նշվեց Տանձուտի հիմնադրման 20-ամյակը, որին ներկա էին գյուղի ողջ բնակչությունը, շրջվարչակազմի ներկայացուցիչներ, հարևան համայնքների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ, բնակիչներ, հյուրեր: Ներկաներին ողջունեց և միջոցառումը բացեց համայնքի ղեկավար Սիմոն Հարությունյանը՝ շնորհավորելով տանձուտցիներին: Շրջանի վարչական աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը ընթերցեց վարչակազմի ղեկավարի կարգադրությունը և Տանձուտի կայացման գործում նշանակալի ավանդի համար պատվոգրերով պարգևատրեց մի խումբ հնաբնակների: Ներկաներին ողջունեց և Տանձուտի հիմնադրման պատմությունը ներկայացրեց գյուղի առաջին բնակիչ, դպրոցի նախկին ուսուցիչ Ռազմիկ Վիրաբյանը՝ տեղեկացնելով, որ այստեղ առաջինը ոտք են դրել Չարենցավանի բնակիչները՝ 16 հոգի: Հիշեց, թե ինչ դժվարությամբ է կայացել գյուղը, որն սկզբում կոչվում էր Քաշաթաղ: Կարևորեց դպրոցի դերը՝ շնորհակալություն հայտնելով առաջին տնօրենին, որը դեսից դենից նստարան ու սեղան, գրատախտակ ու դասագրքեր էր հայթայթել: Ներկայիս տնօրեն Գագիկ Համբարձումյանը տեղեկացրեց, որ հիմնական դպրոցում սովորում է 11 աշակերտ, աշխատում է 9 ուսուցիչ: Կարևոր համարեց, որ երիտասարդները մնան գյուղում, շենացնեն հայոց քաջերի արյամբ ազատագրված ու սրբացած հողը: Ազատագրված հայրենիքում բնակվելն ու շենացնելը համարեց յուրահատուկ հաշվետվություն նահատակների հիշատակի առջև:

Դպրոցի աշակերտները ներկաներին հավաստիացրին, որ իրենք են այս երկրի վաղվա տերն ու շենացնողները: Տանձուտի դպրոցի հիմնադիր տնօրեն Կամո Պետրոսյանը, որ նաև գյուղի առաջին բնակիչներից է, ասաց, որ այս դպրոցը շրջանում բացված 4-րդ կրթօջախն է, Աղավնո գետի հովտում՝ առաջինը: Առաջին տարին այստեղ են սովորել տարածքի բնակավայրերի աշակերտները, որոնց թիվը գերազանցել է 70-ը: Նույն ուստարվա ութ շրջանավարտներից երկուսը՝ Լուսինե Բաբայանը և Շամշադ Մուսայելյանն, այժմ աշխատում են հարազատ կրթօջախում որպես ուսուցիչ:

Տանձուտն ունի վաղ պատմական անցյալ, ինչի մասին են վկայում գյուղի արևելյան մասում գտնվող միջնադարյան ժայռափոր եկեղեցին, հյուսիսային մասում պահպանված հնամենի ամրոցատեղին և հյուսիսարևմտյան կողմում՝ Աղավնոյի աջ ափին ժայռեղեն բլրակի վրա բազմած Մկնատամի Խաչ 12-րդ դարի մատուռ-եկեղեցին:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ