Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ



Ու վեր կացա ես, որ մեր հայրենի օրենքովը հին՝

Վերջին հանգիստը կարդամ իմ ազգի անբախտ զոհերին,

Որ շեն ու քաղաք, որ սար ու հովիտ, ծովից մինչեւ ծով

Մարած են, մեռած, փըռված ու ցըրված հազար հազարով…

Ու կըրակ առա հայոց հրդեհի կարմիր բոցերից,

Էն խաղաղ ու պաղ երկնքի ծոցում վառեցի նորից

Մասիսն ու Արան, Սիփանն ու Սըրմանց, Նեմրութ, Թանդուրեք,

Հայոց աշխարհի մեծ կերոնները վառեցի մեկ-մեկ,

Սուրբ Արագածի կանթեղն էլ, ինչպես հեռավոր արեւ,

Անհաս, աննըվազ, միշտ վառ ու պայծառ, իմ գըլխի վերեւ…

Կանգնեցի խոժոռ, մենակ ու հաստատ, Մասիսի նըման,

Կանչեցի թըշվառ էն հոգիներին՝ ցըրված հավիտյան

Մինչեւ Միջագետք, մինչեւ Ասորիք, մինչեւ Ծովն հայոց,

Մինչեւ Հելլեսպոնտ, մինչեւ Պոնտոսի ափերն ալեկոծ։

-Հանգե՜ք, իմ որբե՜ր… իզու՜ր են հուզմունք, իզու՜ր եւ անշահ…

Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կը մնա…

Աջիցըս Եփրատ, ձախիցըս Տիգրիս՝ ահեղ ձեներով,

Սաղմոս կարդալով՝ անցան, գընացին խոր-խոր ձորերով,

Ամպերն էլ ելան Ձիրավի ձորից, հըսկա բուրվառից,

Ճանապարհ ընկան Ծաղկանց սարերից, Հայկական պարից…

Բույլ-բույլ, բուրավետ, շարժվեցին դեպի կողմերը հեռու,

Գոհար ցողելու, ծաղկունք բուրելու, բուրմունք խընկելու

Մինչեւ Միջագետք, մինչեւ Ասորիք, մինչեւ Ծովն հայոց,

Մինչեւ Հելլեսպոնտ, մինչեւ Պոնտոսի ափերն ալեկոծ…

-Հանգե՜ք, իմ որբե՜ր… իզու՜ր են հուզմունք, իզու՜ր եւ անշահ…

Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կը մնա…

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Խորագիր՝ Հոգևոր-մշակութային


30/04/2014