Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԻՏԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ



Ամիսը մեկ անգամ հանրապետության վաստակաշատ գիտաշխատողներն ու դասախոսները մեկնում են բանակային զորամասեր և զինծառայողների առջև հանդես գալիս հրապարակային դասախոսություններով։ Նրանց շարքերում տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են՝ պատմաբաններ, արվեստաբաններ և այլք։ Դասախոսությունները նվիրված են լինում հայ ազգային-ազատագրական շարժմանը, հայոց պետականությանը, հայոց զորավարական արվեստին, ցեղասպանության պատմությանը, դիվանագիտական հարաբերություններին և հայ մշակույթի զանազան դրսևորումներին։

Զինվորներն ու սպաները մեծ հետաքրքրությամբ են հետևում դասախոսությանը, ինչի մասին վկայում են դասախոսության վերաբերյալ ծավալված ակտիվ քննարկումները։ Ինչի մասին էլ լինի նյութը, բոլոր դեպքերում բանախոսները (որոնք ներկայացնում են ԳԱԱ տարբեր ինստիտուտները, ԵՊՀ-ն, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը, Մատենադարանը և այլ հաստատություններ) շեշտը դնում են հայրենասիրական, բարոյական զգացմունքների դաստիարակության վրա։

Ինչպես խոստովանեց զինվորներից մեկը, նման դասախոսությունների ժամանակ ինքն իրեն պատմության մեջ է տեսնում և ասես հայոց մեծանուն զորավարների, թագավորների՝ Մուշեղ սպարապետի, Վասակ սպարապետի, Պապ թագավորի, Արշակ արքայի ու Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ վճռական ճակատամարտերում կռվում ու հաղթում է թշնամուն։

Այս վերջին միջոցառումների շրջանակում գործընկերոջս՝ պատմագիտության դոկտոր Մհեր Եղիազարյանի հետ այցելեցի ազգային բանակի զորամասերից մեկը։ Մ. Եղիազարյանն ընդարձակ բանախոսեց հին ու միջին դարերում հայոց զինուժի, նրա ունեցած դերի և նշանակության վերաբերյալ։ Ես բանախոսեցի «Հրեական Հոլոքոստ և Հայոց ցեղասպանություն… պատմական զուգահեռներ» թեմայով։ Դասախոսությունների ավարտից հետո եղան մի շարք հարցեր ու հարցադրումներ, որոնք վկայում էին աշխատանքի արդյունավետության մասին։ Նույնիսկ դրսում հրաժեշտի պահին զինծառայողները հնչեցրին նոր հետաքրքիր դիտարկումներ կարդացած թեմաների վերաբերյալ, ինչն էլ իր հերթին վկայում է, որ թեմատիկ բանախոսությունները հայ զինվորին անհրաժեշտ են և պետք է շարունակական լինեն։ Հայ գիտնականներն ու դասախոսները շնորհակալ և հիրավի ազգօգուտ գործ են կատարում՝ հասարակական հիմունքներով աշխատելով հայոց բանակի զորամասերում։

ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Պատմական գիտությունների

թեկնածու, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող

Խորագիր՝ #15 (1033) 24.04.2014 – 30.04.2014, Բանակ և հասարակություն


23/04/2014