Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՊԱԳԱ ՕԴԱՉՈՒՆԵՐԸ



ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտը տոնում է հիմնադրման 21-րդ տարեդարձը: Այդ կապակցությամբ գնացել էի ծանոթանալու-զրուցելու ապագա օդաչուների հետ: Պարզվեց, որ կուրսանտները մեկնել են ռազմական օդանավակայան՝ թռչելու: Ճանապարհվեցի օդանավակայան: Թռիչքահրապարակում հաջորդաբար գործարկվում են ուղղաթիռների շարժիչները, հանդարտ օդ են բարձրանում ծանր հսկաները, պտտվում երկնքում եւ որոշ ժամանակ անց վայրէջք կատարում: Ահա բացվում են օդաչուական խցիկները, դուրս են գալիս քսանը հազիվ բոլորած կուրսանտները: Դժվարանում եմ հավատալ, որ նրանք էին կառավարում ՄԻ-2-ը: Զարմանքս կրկնապատկվում է, երբ հրահանգիչը տեղեկացնում է, որ տղաներն ընդամենը երրորդ օրն են թռչում:

ՍԱՐԳԻՍԸ

Սիրկինի ընտանիքում օդաչուի մասնագիտություն ունեն Սարգսի հայրը` Արմենը, հորեղբայրները` Գեւորգն ու Աշոտը, հորեղբոր կինը` Ալլան, նաեւ հորեղբոր որդին` Մովսեսը: Հարցին, թե ինչու են բոլորը օդաչուի մասնագիտությունն ընտրել, Սարգիսը կատակով պատասխանում է` «հավանաբար մեր երակներում արյան փոխարեն հեղուկ օդ է հոսում»: Հայրն ուղղաթիռի օդաչու է, Սարգիսն էլ կշարունակի նրա գործը, եթե բարեհաջող անցնի փորձաշրջանը: Մյուսներն ինքնաթիռ են վարում, ուստի երբ հավաքվում են ընթրիքի սեղանի շուրջ, պարտադիր վիճում են` որն է առավել` ինքնաթի՞ռը, թե՞ ուղղաթիռը. «Իմ եւ հորս հիմնական հակափաստարկն այն է, որ ուղղաթիռը կարող է վայրէջք կատարել անգամ փոքր մակերես ունեցող տարածության վրա, իսկ ինքնաթիռի համար վազքուղի է պետք: Ես ուղղաթիռ շատ եմ սիրում եւ անհամբեր սպասում էի թռիչքահրապարակ գալուն, ուղղաթիռի ղեկը բռնելուն: Մեկուկես տարի սպասել եմ թռիչքի օրվան, նախապատրաստվել, տասնյակներով գրքեր եմ կարդացել, որոշներն անգամ անգիր եմ արել: Դասախոսներն ասում էին՝ եթե գետնի վրա հինգի գիտես, օդում հազիվ երեք կստանաս: Առաջին թռիչքի ժամանակ համոզվեցի այդ խոսքերի ճշմարտացիությանը. պետք է միացնեի ուղղաթիռի շարժիչը, խառնվել էի իրար, չգիտեի՝ ինչ անել, փորձում էի վերհիշել անցածս, բայց՝ ապարդյուն: Հուզմունքը, լարվածությունը, վախը միահյուսվել էին: Հրահանգիչ, մայոր Կարեն Ղուկասյանը կողքիս էր, բայց ուղղաթիռի ղեկն ինձ էր վստահված: Նա, նկատելով իրարանցումս, ասաց. «Տեխնիկան կզգա վախդ եւ կսկսի կառավարել քեզ, պետք է ինքնավստահ լինես…»: Այս խոսքերը աչքերս բացեցին, ուղղաթիռը գետնից տասը մետր բարձրացրի, զրոյական դիրքում էր, համառորեն փորձում էի այն վեր հանել… Ստացվե~ց:- Սարգիսը ներշնչանքով, մի քիչ էլ հուզմունքով շարունակում է պատմել եւ զուգահեռաբար ինչ-որ բան է նկարում թղթի վրա: -Ճիշտ են փորձառու օդաչուները՝ մեր գործում ինքնավստահությունը եւ համարձակությունը որոշիչ որակներ են, կարեւոր է նաեւ աշխատասիրությունը, պետք է ինքդ քո նկատմամբ պահանջկոտ լինես, չբավարարվես օրվա թռիչքով, հետեւողականորեն հղկես շարժումներդ, ուղղես սխալներդ:

Ես գծագրեցի օդաչուի աշխատասիրության գրաֆիկը (տես գծագիրը): Երբ ընդունվում ես ինստիտուտ, զրոյական դիրքում ես, այնուհետեւ սովորում ես, սովորում, սովորում եւ միանգամից օդ բարձրանում, մի շրջան տեղում դոփում ես, ապա ընտրություն կատարում՝ ջանասիրաբար աշխատել եւ վե՞ր բարձրանալ, թե քիչ աշխատել եւ բավարարվել եղածով… Եթե օդաչուն չի աշխատում, չի ձգտում, կատարելագործման պահանջ չունի, ուրեմն ձախողված մասնագետ է»:

ԴԱՎԻԹԸ

Դավիթ Յազջյանն ուղղաթիռ վարելը նմանեցնում է երաժշտական գործիք նվագելուն: Ասում է` ինչպես սխալ նվագած նոտան, այնպես էլ ուղղաթիռի ղեկի մոտ թույլ տված վրիպումը միանգամից կարելի է զգալ. «Ուղղաթիռը բավականին զգայուն է, երեւի սա է պատճառը, որ ավիացիայում վատ բնավորությամբ մարդու չես հանդիպի: Ինձ ծանոթ թե՛ օդաչուները, թե՛ տեխնիկները բարեհոգի են, հավասարակշռված, փափուկ, հանդուրժող, մարդամոտ, ժպտերես»:

Մինչ ուղղաթիռ նստելը Դավիթը պարաշյուտով բազում թռիչքներ է կատարել, ծանոթացել երկնքին, զգացել ճախրանքի հաճույքը. «Հայրս (ավիացիոն տեխնիկայի ավագ ինժեներ, գնդապետ Սերգեյ Յազջյան) ինձ միշտ ասում է, որ երկինքն ընդունակ է մաքրագործելու մարդուն, ձերբազատելու արատներից ու թերություններից, որ երկինքը քաջության եւ ուժի խորհրդանիշ է: Նա միշտ հիացմունքով ու մեծ ոգեւորվածությամբ է խոսում իր գործից, ուղղաթիռից, թռիչքից ու թեեւ մասնագիտության ընտրության հարցում չի ուղղորդել ինձ ու եղբայրներիս, վստահ եմ` հոգու խորքում երազել է, որ երեք որդիներից գոնե մեկը ռազմական օդաչու դառնա: Երեքս էլ նման ցանկություն ունեինք, բայց միայն իմ առողջականն է թույլ տվել ընտրել ռազմական օդաչուի մասնագիտությունը: Օդաչուն պետք է գերազանց տեսողություն ունենա, ֆիզիկապես լավ պատրաստված լինի, կարեւոր է նաեւ սրտի աշխատանքը. զարկերի քանակը պետք է լինի 70-80, արյան ճնշումը` 110-120»:

Մեր զրույցն ընդհատում է թռիչքի պատասխանատուի ձայնը. նա Դավիթին զգուշացնում է, որ պատրաստվի` շուտով նորից է թռչելու: «Հաջողություն մաղթեք ինձ: Ընդամենն ինը թռիչքային ժամի հնարավորություն ունեմ, պետք է արդարացնեմ ոչ միայն հորս սպասելիքները, այլեւ սիրելիիս` Գոհարի: Ի դեպ, նրա հայրն էլ է օդաչու եւ առայժմ դեմ է մեր ընկերությանը, կարծում եմ` եթե հաջողությամբ հաղթահարեմ փորձաշրջանը եւ դուրս չմնամ, թույլ կտա հանդիպելու դստեր հետ…»: Բարի թռիչք, փափուկ վայրէջք…

ԼԵՎՈՆԸ

Թռիչքահրապարակին կից մի տաղավար կար: Լեւոն Մելիքյանն այնտեղ էր: Նա ձեռքում պահել էր փայտե հարմարանք եւ նրբորեն ջանում էր մետաղական փոքրիկ գնդիկը կենտրոնացնել սկավառակի կենտրոնում: Լեւոնը բացատրեց, որ գնդիկը սկավառակի կենտրոնում կենտրոնացնելու համար շարժումները պետք է կանոնավորված լինեն, միլիմետրի ճշգրտությամբ հաշվարկված. «Օդաչուն շարժումների նույն տեխնիկան է կիրառում, երբ նա օդում է: Եթե մի փոքր շեղվի, ուղղաթիռը դուրս կգա վերահսկողությունից, ինչպես գնդիկը»: Լեւոնը պատմում է, որ ինստիտուտում համապատասխան վարժասարքով պարապելիս իրեն թվում էր, թե արդեն օդաչու է, բայց երբ երկինք բարձրացավ, հասկացավ՝ սխալվել է. «Թռիչքից առաջ նախապատրաստական աշխատանքներ ենք կատարել՝ գծագրել ենք երթուղին, ճշտել բոլոր հանգամանքները: Ես նախ մտովի եմ թռել. աչքերս փակել եմ եւ պատկերացրել ամեն շինությունը, ուղղաթիռի կառավարման աստիճանը, արագությունը: Բայց երկնքում այլ էին թե՛ երկրի չափագրությունը, թե՛ զգացողություններս, անգամ երկնքի գույնն էր ուրիշ…»:

Լեւոնը նշում է, որ ուզում է հետագայում թռչել ՄԻ-8 տրանսպորտային-մարտական ուղղաթիռով, քանի որ հայրը՝ Արցախյան պատերազմի մասնակից, ռազմական օդաչու Մելիք Մելիքյանը, ժամանակին այդ ուղղաթիռով լռեցրել է թշնամու կրակակետերը, զենք ու զինամթերք հասցրել պատերազմի դաշտ, վիրավորներ տեղափոխել. «Իմ երազանքն է, որ մեր ռազմաօդային ուժերը համալրվեն ՄԻ-28 եւ ՄԻ-35 ուղղաթիռներով, այդ դեպքում գուցե միտքս փոխեմ…»:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #14 (1032) 17.04.2014 – 23.04.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


17/04/2014