Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ



Թերթենք պատմության էջերը ՄԱԿ-ի փորձագետ, վերլուծաբան ԱՐԱ ՄԱՐՋԱՆՅԱՆԻ հետ

Ազգերի ինքնորոշման իրավունքը ժամանակակից միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից է: Ինքնորոշում նշանակում է ժողովուրդների իրավունք` ընտրելու զարգացման այնպիսի ճանապարհ, որն առավել համապատասխանում է նրանց պատմական, աշխարհագրական, մշակութային, կրոնական ավանդույթներին ու պատկերացումներին:

Ինքնորոշման հայեցակարգի քաղաքական ծագումը գալիս է Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության հռչակագրից (1776 թ.):

Ղրիմի ինքնորոշման հանրաքվեն այլևս պատմություն է: Ղրիմի բնակչությունը հստակ արտահայտեց իր կամքը՝ անկախանալ Ուկրաինայից և մտնել Ռուսաստանի կազմի մեջ: Այս առթիվ ցանկանում եմ շնորհավորանքներ ուղղել մեկը Ղրիմի բնակչությանը, մյուսը Ռուսաստանի Դաշնությանը, իսկ երրորդը… Երրորդի մասին` վերջում:

Առաջնահերթ, իհարկե, հարկավոր է շնորհավորել Ղրիմի ժողովրդին, որ կարողացավ իր ցանկությունն ի կատար ածել: Ձայների 90 տոկոսից ավելին արտահայտվել է ինքնորոշման իրավունքի օգտին, ինչը վկայում է ղրիմցիների համախմբվածության, միասնության մասին: Աշխարհը այս հարցում, կարելի է ասել, երկու մասի է բաժանվել՝ դեմ և կողմ: Խոսում են հանրաքվեի հակաօրինական լինելու, պատժամիջոցների մասին, սակայն չմոռանանք, որ ժողովուրդների կամքն է թելադրում իրավունք, դրանից են բխում իրավական հետևանքներ ունեցող որոշումները: Միջազգային իրավունքը կամ պարզապես իրավունքը ծնվում է ժողովրդի կամարտահայտությունից: Դու կարող ես չճանաչել ժողովրդի կամքը, բայց դա արդեն նշանակում է, որ դու չես ուզում ճանաչել միջազգային իրավունքը: Դա արդեն բոլորովին այլ բան է: Ընդդիմախոսները վկայակոչում են 1994թ. Բուդապեշտյան հուշագիրը, Ուկրաինայի սահմանադրության որոշակի կետեր և այլն: Այնինչ, նման հայտարարությունները հաշվարկված են անտեղյակ լսարանի համար եւ մասնագետի համար արժեք չունեն: Նախ՝ Բուդապեշտյան հուշագիրը չունի միջազգային պարտավորեցնող իրավաբանական փաստաթղթի կարգավիճակ: Երկրորդ՝ 1994թ., երբ այն ստորագրվեց, գործում էր Ուկրաինայի 1992թ. սահմանադրությունը, որով Ղրիմը բավական մեծ ինքնավարություն և իրավասություններ ուներ: Եվ երրորդ՝ 1995թ. Ուկրաինայում ամբողջովին փոխվեց սահմանադրությունը, և Ուկրաինան այլևս նախկին երկիրը չէր, ինչպիսին ներկայացված էր 1994թ. հուշագրում: Բոլոր այս շահարկումներն իրենց հստակ պատասխաններն ունեն, և ուրախալի է, որ ռուսական կողմը բոլոր այս խնդիրները հետևողականորեն լուծում է:

Երկրորդ շնորհավորանքս, ինչ խոսք, վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը: Վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանը ցույց տվեց ե՛ւ քաղաքական կամք ու վճռականություն, ե՛ւ միջազգային ու ներքին օրենսդրական նորմերին հետևելու հստակ կարողություն: Առաջին անգամ մենք տեսանք, որ երկրի նախագահը հնարավոր անցանկալի քաղաքական զարգացումների դեպքում ռազմական ուժ գործածելու թույլտվության համար դիմում է երկրի գերագույն օրենսդրական մարմնին, ինչպես պահանջում է գործող օրենսդրությունը: Ցավոք, մենք այդպիսի քայլ չտեսանք արևմտյան շատ պետությունների պարագայում, երբ իրենց ազգային սահմաններից դուրս ռազմական գործողություններն սկսում էին, կարելի է ասել, անհիմն, գոնե միջազգային իրավունքի տեսանկյունից անհիմն:

Շնորհավորել կարելի է նաև այն առումով, որ Ռուսաստանը կարողացավ տեղեկատվական պատերազմի դեմն առնել և առաջին շաբաթների ապատեղեկատվությանը հակադրել այլ տեսակետ, որը կարծես թե ավելի մոտ է իրականությանը: Մի կարեւոր հանգամանք եւս. Ռուսաստանը վերադառնում է պատմական թատերաբեմ, սկսում է պատմություն կերտել: 90-ականների հեղհեղուկ պահվածքին փոխարինելու են գալիս հստակ արտահայտված քաղաքական կամքն ու դիրքորոշումը:

Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը հետևողականորեն ձեռնամուխ է եղել Եվրասիական Միության կերտմանը: Մեծ հաշվով՝ վերջին շրջանում բացահայտ տեսնում ենք, որ արաբական գարնանը հաջորդում է ռուսականը, որի արդյունքում աշխարհաքաղաքական պայքարի ամբողջ միջուկը փոխվեց: Արաբական գարնան աշխարհաքաղաքական իմաստն այն էր, որ կայացող պետությունները հետևողականորեն քայքայվում էին` դառնալով անդեմ տարածքներ, ինչը մենք տեսնում ենք Լիբիայի, Իրաքի, Եգիպտոսի և Սիրիայի պարագայում: Նրանք դադարել կամ դադարում են գոյություն ունենալ որպես ազգ-պետություններ: Ռուսաստանը շրջեց պատմության անիվը: Տեղին է հիշել Ղրիմի ղեկավար Աքսյոնովի խոսքը՝ «Ղրիմը վերադառնում է տուն»: Այսինքն՝ շեշտը դրվեց ազգային տարրի միասնականացման վրա, ինչը, սակայն, նաև որոշակի մտահոգություն է առաջ բերում: Եվրասիական գաղափարախոսության հիմքում դրված է առավելապես տնտեսական շահավետության սկզբունքը՝ մաքսային միություն, ընդհանուր տնտեսական տարածք: Քիչ է խոսվում այն մասին, թե ո՞րն է այն գաղափարախոսությունը, որի շուրջ պետք է միավորվեն տարբեր երկրների շահերը: Տնտեսական շահավետությունը դեռ շատ քիչ է կայուն քաղաքական միավոր ստեղծելու համար, ինչի ականատեսը եղանք ԽՍՀՄ-ում և ներկայիս Եվրոպայում: Անհրաժեշտ է նույնիսկ վերազգային գաղափարախոսություն, որը կկարողանա տարբեր ազգերի միավորել ոչ թե անդեմ, այլ իրենց ուրույն ազգային դիմագիծը ունեցող, խայտաբղետ և հարուստ ժառանգությամբ տարածքում: Ստեղծված իրավիճակին հարիր դրական լուծում տալու համար Ռուսաստանը պետք է նաև այս մտահոգությունները փարատի:

Վերադառնանք Ղրիմին: Ժամանակին կամայական որոշում կայացրեց Նիկիտա Խրուշչովը՝ Ղրիմը մի քանի ժամվա մեջ փոխանցելով Ուկրաինային: Սա աղետալի աշխարհաքաղաքական որոշում էր, ոչնչով չհիմնավորված: Ավելին, ինչպես ցույց տվեցին վերջին իրադարձությունները, Խրուշչովն ըստ էության կատարեց դեռ 20-րդ դարասկզբին ամերիկյան հետախուզական ծառայությունների մշակած ծրագիրը, որով Ղրիմը հարկավոր էր կտրել Ռուսաստանից և միացնել կա՛մ Ավստրո-Հունգարիային, կա՛մ Գերմանիային եւ կա՛մ ինչ-որ այլ բուֆերային երկրի: Հաշվի առնելով Արցախի հարցը, մեզ համար շատ կարևոր է նմանօրինակ մեկ այլ պատմություն: Կասպից ծովի միջազգային կարգավիճակը մինչ այսօր սահմանվում է խորհրդա-իրանական և ռուս-իրանական պայմանագրերով, որով Կասպից ծովը համարվում է փակ՝ չունենալով ներքին ազգային սահմաններ: Որոշակի ադմինիստրատիվ գիծ էր գծել խորհրդային ղեկավարությունը: Իսկ ահա 1994թ. Ադրբեջանը Ռուսաստանի նոր ղեկավարության անհեռատես քայլերի պատճառով կարողացավ տիրանալ Ազերի-Չիրագ-Գյունեշլի կոչված նավթային դաշտին և Կասպից ծովի մի մասը հայտարարեց որպես ազգային տարածք: Փաստորեն, փոխվեց Կասպիցի միջազգային կարգավիճակը, և այն դարձավ բաց ծով: Հայտնվեցին նոր, այսպես կոչված, ազգային տարածքներ, և մյուս կողմը՝ բրիտանական, ամերիկյան, թուրքական ու այլ նավթային ընկերություններ ներխուժեցին հիշյալ տարածք: Սա միջազգային իրավունքի լրջագույն խախտում էր, որն իր աշխարհաքաղաքական հետևանքներով համեմատելի է Ղրիմի հանձնման հետ: Երկու դեպքում էլ արձանագրում ենք ռուսական իշխանությունների կործանարար որոշումների փաստը: Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթային դաշտի գրավումից հետո Ադրբեջանն սկսեց վարել, այսպես ասած, Ալիևյան դոկտրինի քաղաքականությունը, որը ենթադրում էր տիրանալ նավթին, համաշխարհային հանրության աչքին թոզ փչել, թե ձեռնամուխ են լինում խաղաղության հաստատմանը, իսկ այդ ընթացքում հարստանալ, ուժեղանալ և հարցերը լուծել ռազմական ուժի միջոցով: Այսօր արդեն տեսնում ենք, որ Ադրբեջանը փորձում է ի կատար ածել այդ դոկտրինը: Սակայն վերջին, մասնավորապես՝ Ղրիմի իրադարձությունները, վկայում են, որ Հայաստանի մեկուսացմանն ուղղված քաղաքականությունը դատապարտված է: Ռուսաստանն այլևս 90-ականների հեղհեղուկ երկիրը չէ:

Իսկ երրորդ շնորհավորանքը հղում եմ հայ ժողովրդին: Շատերն են հարցնում, թե ինչ կտա մեզ այս հանրաքվեն: Սկսենք նրանից, թե արդեն ինչ է տվել: Վերջին շրջանում մենք Թուրքիայի նկրտումների ականատեսն ենք տարածաշրջանում: Նրանք պարբերաբար նոր մարտահրավերներ են նետում իրենց հարևաններին:

Ղրիմի շուրջ ծավալվող զարգացումների սկզբից թուրքերը հիշեցին մի քանի հարյուր տարվա պայմանագրերի, թաթարական բնակչության իրավունքների մասին: Բարեբախտաբար, ռուսական կողմի ջանքերով Սև ծովը չդարձավ թուրքական: (Չէ՞ որ մենք այդ վտանգի առաջ էինք կանգնած): Եթե Ղրիմը մնար Ուկրաինայի կազմում, Ուկրաինան էլ անդամագրվեր ՆԱՏՕ-ին, ապա ակնհայտ է, որ սևծովյան տարածաշրջանում գերիշխող կլիներ թուրքական ազդեցությունը, Սև ծովն էլ կվերանվանվեր Թուրքական: Այդպիսի շրջադարձի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական աղետալի հետևանքների մասին, կարծում եմ, ավելորդ է խոսել: Այս առումով իրոք Ղրիմի անկախացումը հսկայական հաջողություն էր նաեւ մեզ համար: Թերեւս, այսուհետ ռուս ժողովուրդը շատ ավելի լավ կհասկանա հայ ժողովրդի վերջին շրջանի պատմությունը՝ արժեւորելով մեր կամարտահայտման իրավունքը, ինքնորոշվելու մղումը: Ռուսական քաղաքական վերնախավը հասկացավ, որ ինքնորոշման իրավունքը աշխարհաքաղաքականություն կերտող ուժ է:

Եվ հուսանք, որ հետագա քաղաքական գործընթացներում համարժեք մոտեցում կդրսեւորի հայկական դիրքորոշմանը այս հարցում: Միաժամանակ, տրամադրությունների որոշակի փոփոխություն է նկատվում նաև արևմտյան շատ գործիչների շրջանում, ինչը նույնպես ձեռնտու է մեզ: Նոր թափ կստանան Մաքսային Միությանը և Եվրասիական Միությանը անդամակցելու գործընթացները:

Բացի այդ, Հայաստանը կարող է աշխարհաքաղաքական հաղթանակ տոնել, քանի որ բացահայտ հակահայկական և հակառուսական ուղղվածություն ունեցող ՎՈՒԱՄ (ГУАМ) դաշինքում սկզբում Վրաստանում, ապա Ուկրաինայում հետևողականորեն տեղի ունեցան քաղաքական կուրսերի վիժեցումներ, և այդ երկու երկրներն ունեցան էական տարածքային կորուստներ: Սա այն գինն է, որ վճարեցին այդ երկրները անդամակցելով ՎՈՒԱՄ-ին, և այն դասն է, որ պետք է քաղեն այլ երկրները: Չմոռանանք, որ հետխորհրդային շատ պետություններում մեծաթիվ ռուս ազգաբնակչություն է ապրում: Սա և՛ ՎՈՒԱՄ գաղափարախոսության, և՛ Ալիևյան դոկտրինի հիմնահատակ ջախջախումն է: Մենք ականատես ենք լինում պատմական մի իրողության, երբ արհեստածին միավորումները քայքայվում են: Օրինակ՝ Ուկրաինան իր խորհրդային սահմաններով, հաջորդը տրամաբանորեն կարող է լինել Ադրբեջանը:

Հետաքրքիր է նաեւ, որ Հայաստանում հաճախ չափազանց վտանգավոր, անհամարժեք, անհավասարակշիռ զուգահեռներ են անցկացվում. օրինակ՝ մեր նախկին դիվանագետներից մեկն ասաց, որ Հայաստանը վախեցած է և չգիտի՝ ինչ անել, մի քանիսը անգամ փորձում են հրահրել մայդանական սցենարի գաղափարը և այլն: Այնուամենայնիվ, ուզում եմ նրանց հիշեցնել մի շատ կարևոր փաստ. վերջին տարիներին Ադրբեջանն իր սպառազինության և տեխնիկայի զգալի մասը ձեռք է բերել հենց Ուկրաինայից…

Նման իրադրությունում մենք պետք է ողջունենք մեր ռազմավարական դաշնակցի աշխարհաքաղաքական հզորացումը, կամարտահայտումների հստակ տրամաբանությունը, ողջունենք Ղրիմի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հատուցումը՝ ճանաչելով այն որպես առաջնային քաղաքականության և պատմության կերտման համար: Մեր անցած ճանապարհը դյուրին չէր, ինչ-որ հարցեր դեռ լուծված չեն, բայց հստակ է՝ Արցախն ինքնորոշվել է, ժողովուրդն իր կամքն է արտահայտել, և Հայաստանը այդ աշխարհաքաղաքական գործընթացներում լիիրավ կողմ է դարձել, և այդ ուղղությամբ աշխատանքը պետք է շարունակել:

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Հ.Գ. Ինչպես հիշում եք, անցյալ տարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամենամյա ուղերձում այն միտքն էր արտահայտել, որ եկող տասնամյակի ընթացքում գործող աշխարհակարգը փոխվելու է, իսկ Ռուսաստանը ուժային փոփոխվող բևեռների պայմաններում այլևս վերականգնելու է իր աշխարհաքաղաքական դիրքը: Մի քանի ամիս անց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱԱԽ նիստում խոսեց այն մասին, որ առաջիկա տարիներին տարածաշրջանն անճանաչելիորեն փոխվելու է, և մենք պետք է պատրաստ լինենք դրան…

Խորագիր՝ #11 (1029) 27.03.2014 – 2.04.2014, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


27/03/2014