Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՂ ԱՇԽԱՐՀԸ ՄՈՐ ՍՐՏՈՎ ԳՆԱ…



Դժվար է զինվորի մայր լինելը, երբ ամեն օրդ դառնում է սպասում ու կարոտ… Եվ զարմանում ես, թե մինչ այդ բողոքում էիր ժամանակի խելահեղ վազքից, հիմա նույնիսկ ընդվզում ես՝ ինչ դանդաղ է առաջ գնում ժամանակը։ Մտքերիդ առանցքում ծառայող որդիդ է։ Ու զորամասից էլ թե զանգահարում է, ամեն նյարդով որսում ես նրա ձայնը, ձայնի յուրաքանչյուր ելևէջը, հնչերանգը՝ փորձելով հասկանալ՝ տխո՞ւր է, ուրա՞խ, մտահո՞գ, հանգի՞ստ… Ու հոգիդ բերկրանքով է լցվում, երբ հեռախոսի մյուս ծայրում հնչում է խրոխտ՝ «ամեն ինչ լավ է, մա՛մ ջան, չանհանգստանաս»։

Ու գիտեմ, հաստատ հուզվում ես, շփոթվում, զարմանում՝ «ախր, էս ե՞րբ մեծացավ, ե՞րբ այսքան հասունացավ որդիս»։

Ձեր որդիները՝ մեր զինվորները… Սիրելի՛ մայրեր, ձեր զավակներին է այսօր վստահված մեր հինավուրց ու թանկ հողի պաշտպանությունը, շնորհակալ ենք նրանց մեր խաղաղ երկնքի, խաղաղ բացվող ամեն լուսաբացի համար։ Շնորհակալ ենք ձեզ, սիրելի՛ մայրեր, որ հայրենասեր որդիներ եք դաստիարակել։

ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթը տոնական այս մեկամսյակի առիթով որոշեց գեղեցիկ անակնկալ մատուցել. լուսանկարային ռեպորտաժները կներկայացնեն ակնթարթներ զինվորական առօրյայից։ Ինչ-որ մեկն այս տղաների մեջ հաստատ կտեսնի իր որդուն, թանկ և հարազատ դեմքեր։

Բարի ծառայություն քեզ, զինվո՛ր։

Բարի վերադարձ, որդի՛ս։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #10 (1028) 20.03.2014 – 26.03.2014, Ազգային բանակ


20/03/2014