Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅ ՊՈԵԶԻԱ. ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆՅԱՆ



Հայոց բանակի 22-րդ տարեդարձի եւ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի 1000-րդ համարի լույսընծայման առիթով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով բանաստեղծ Ղուկաս Սիրունյանը պարգեւատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով: Այդ առթիվ տպագրում ենք բանաստեղծական շարք հեղինակի «Իմ թվերը» նոր ժողովածուից։

1949

Ես ծնվել եմ մի գյուղում,

որի բնակիչները գաղթական էին

և կեղեքվում էին իրենց հին երկրի սիրուց,

նրանք բոլորը մեռան որպես գաղթական։

Մեր տունը վագոն էր՝ իրար վրա

լցված հորաքույր-հորեղբայրներով,

ծանոթ-անծանոթ մանր վաճառականներով,

սոված ճամփորդներով,

կարոտն առնելու եկած հին երկրացիներով,

պապիս երգերով՝ վաղ լուսաբացին

Լեյլիխանե Քովարիի առասպելական թովչանքի մասին,

որից կոտորվում էր ամբողջ Անատոլիան՝

արցունքաքամ անելով վագոնի ուղևորներին։

Վագոնը լքվում էր վաղ լուսաբացին,

մնում էր տատս մխացող օջախի կողքին,

որի վրա ճաշ էր քլթքլթում

առնվազն երեսուն մարդու համար։

Իմ ծնունդի պահին

Մեկը թփթփացրել էր հորս ուսին և բարի բառեր խոսել։

Հայրս շուռ է եկել, նայել շուրջը,

ոչ մեկի չի տեսել,

Ձյուն է եղել ու մշուշ ու մշուշ ու ձյուն։

13-րդ դար

Մոնղոլ-թաթարները, երբ գնացին մեր երկրից,

իրենց հետ գերի տարան

բանաստեղծ Ֆրիկի որդուն։

Ֆրիկից մեկեն դեն նետվեց ըմբոստ պոետը,

մնաց տոչորվող հայրը, և նա ցուպն առած

գնաց անօրենների հետևից՝

գտնելու անգտնելին,

հայրական արցունքով լվալու

մոնղոլ-թաթարների ապական հետքը

Հայաստանի երեսից։

1918

Տվեցին ավելին, քան ուզեցին

և վատաբար փախանք նրանց առջևից՝

ծեծվելով ու կոտորվելով, փոշու ամպ կազմած՝ գնացինք։

Միայն Երևանին մոտիկ, Մայր աթոռի շնչի տակ

կանգ առանք, շուռ եկանք՝ նայեցինք։

Տեսանք՝ ավազակներ են սովորական,

որոնց կարելի է սատկացնել ուղղակի։

Եվ ինչո՞ւ հենց մեր տան մեջտեղում,

Մայր աթոռի շնչի տակ,

կյանքի ու մահվան սահմանագծին

Սարդարապատի դժգույն դաշտի մեջ։

Ինչո՞ւ շուռ չեկանք ավելի վաղ

հասկանայինք դրանց ով-ինչ լինելը,

հինգ հարյուր տարին քիչ էր միգուցե։

Գիտուններն էին շատ, որոնք բազում ուղիներ գիտեին

և չէին կարող ընտրել մեկը,

թուլությո՞ւնն էր համակել մեր սիրտը գուցե,

և մեզ մնում էր միայնակ ձիու պես ծնկել գայլերի ոհմակի առաջ։

Այնուամենայնիվ, մենք շուռ եկանք ու նայեցինք թուրքին,

որն ապուշ էր կտրել վճռական մեր շուռ գալուց,

և մենք հաղթեցինք նրան

վերջին օրորոցի կողքին՝

մեր ողբերգության մեջ հերոսանալով ակամա,

և դա նման էր ավերակների մեջ ծաղիկ բուսնելուն։

2013

Երբ ադրբեջանցիք իրենց 75-ամյա գրող Աքրամ Այլիսլիի

գրքերը վառեցին վայրագ խուժանի ձեռքով,

շնորհազրկեցին և դատափետեցին խստությամբ սաստիկ

ու փակեցին իր իսկ տան մեջ որպես կալանավոր՝

իբրև թե հայերի մասին սրտահաճ էջեր գրելու

և դրանով ազերիների փափախը գետնով տալու համար,

ես հարցում ուղարկեցի ՄԱԿ-ին, թե՝

չե՞ք ասի, արդյոք, ո՞ր դարն է հիմա։

Ինձ հարցրեցին՝ երկրագնդի ո՞ր մասում, պարո՛ն։

-Ապշերոնում,- ասացի ես։

Պատասխանեցին՝ ամեն երկրում տարբեր թիվ ու դար է,

Ապշերոնինը ուսումնասիրում են հնագետները։

Հենց որ պարզվի՝ կտեղեկացնենք։

1045

-Անին վաճառված է,- ասաց մեկը ազատներից,-

էլ ո՞ւմ համար մնամ, ապրեմ այս քաղաքում,-

Ու զարկեց կատաղությամբ գինու գավը գետնին

Պանդոկի շշմոլած ներկաների առաջ։

-Անին վաճառված է,- դպիրը թաթախեց գրիչը

մելանի մեջ, որ արդեն ջուր էր դարձել,

դուրս եկավ մենախցից, կանգնեց քաղաքի

խճողված խաչմերուկում ու չգիտեր՝ որ աստծո կողմ գնար։

-Անին վաճառված է,- ասացին զինվորները,-

էլ ինչի՞ համար կյանքներս տանք։

Լավ է, գնանք վարձվենք օտարին

«որտեղ հաց, այնտեղ կաց» պժգալի երևույթով։

«Ես վաճառվա՞ծ,- սոսկումից երերաց Անին»,-

Ներսում ճողփաց հուզումների ալիքը հոծ,

և ընդերքից նրա արժանապատվության անոթներով

բարձրացավ երկրաշարժի փոթորիկը։

Կործանվեց Անին

քարափից նետվող գեղեցկուհու նման,

և նրա դիակը ճանկեց մոտեցող թուրքի սևամազ թաթը։

1915

Այս թվականը չեմ տեսել,

բայց նա է տեսնում ինձ

ամեն օր, ժամ ու վայրկյան

և երբ ասես, որտեղ պատահի,

անպատճառ պիտի

իմ ու հացի արանքում,

իմ ու երգի արանքում,

իմ ու կնոջ արանքում

բսցնի մի թուրք,

որին հնարավոր չէ քշել,

հանդուրժել՝ առավել ևս…

1965

Լրացավ հայոց ցեղասպանության 50 տարին,

մենք մեծ-փոքրով արտասանում էինք Եղեռն բառը, շատերը դա նոր էին լսում

և ասում էին եղևնի…

Օպերայի հրապարակում հավաքվեցին իրենք իրենցով

զարմացած մարդիկ՝

«Հողեր, հողեր» վանկարկելով…

«Սառույցը շարժվեց»,- ազդարարեց մեկը,

և դա հիմք տվեց, որ ոմանք փախչեն հեռու։

Մոլեգնած ամբոխը տապալեց

միլիցիայի ամուր պատը

և փշրեց օպերայի շենքի ապակե դռները։

Բանտերը լցվեցին ուսանողներով։

-Ափսոս էին ջահելները,- շշուկով ասացին գլխահակ մարդիկ։

Իսկ որոշ մարդկանց կարծիքով՝

ապակիներն էին ափսոս։

3015

Վան քաղաքի քաղաքապետը ընթրիքից հետո

ատլասե խալաթն ուսերին իջավ պարտեզ ճեմելու։

Նա մտածում էր քաղաքում կառուցված

«Անցյալից եկող ձայների ընդունման կայանի» մասին,

որի բացումը եղել էր այդ օրը։

Քաղաքի բնակչությունը, ավագանին և հյուրերը բազում

հուզումով լսել էին հզոր բարձրախոսներից չորս կողմ սփռվող

Արարատյան հին արքաների ձայնը, որ կորզել էին

կավե սալիկների վրա ոլորվող նուրբ ակոսներից։

Եվ ձայնն ասել էր.

«Մենք հիմնում ենք այս քաղաքը մեր հավերժական

սերունդների համար, ապա նաև նռան ու խաղողի

անդաստանների համար փորում ենք ջրանցքներ,

մետաղ ենք հալում վահան ու սրեր կոփելու համար

ընդդեմ թշնամյաց»։ Ապա հնչեց գլխավոր Քուրմի ձայնը,

«Թշնամիք բազում են և կլինեն բազում, բայց հարկավոր չէ

թուլությամբ համակվել, որովհետև նրանք կվերցվեն մի օր

գարնան ձյան նման, տեղը նույնիսկ թշնամություն չի մնա»։

Քաղաքապետին մտքերից կտրեց տասնամյա որդին,

որը գիրքը ձեռքին դուրս եկավ լուսավոր տաղավարից

և դիմեց հորը.

-Հայրի՛կ, ովքե՞ր են եղել թուրքերը։

-Թուրքերը, տղա՛ս…- հայրը խալաթը ուղղեց ուսերին,-

թռչկոտող, անհանգիստ մարդիկ էին, եկել էին հեռվից,

ուրիշների ծառերից ցած չէին իջնում… Մի օր ջարդեցին

ոտ ու ձեռ, դարձան հաշմանդամ։

Հիմա դրանցից մի քանիսը կարծեմ ապրում են

հյուսիսի ծերանոցներում։

ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #10 (1028) 20.03.2014 – 26.03.2014, Հոգևոր-մշակութային


20/03/2014