Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒԿՐԱԻՆԱ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԵՐԻՑ



Հայերը հաստատվել են Արևմտյան Ուկրաինայում կամ Գալիցիայում դեռ XII-XIII դարերում: Ըստ հայկական պատմագիրների` նրանց մի մասը ներգաղթել էր Անիից և Շիրակից: XV-XVI դարերում գաղութներ են հիմնադրվել Սնյատինում, Չերնովցիում, Յազլովեցում, Խոտինում, Բարում, Կուբացիվցիում, XVII դարում` Բերեժանիում, Զոլոչևում, Ստանիսլավում (ներկայիս Իվանո-Ֆրանկովսկ), Գալիչում, XVIII դարում` Սատանովում, Տոլչինում, Յուզեֆգրադում, Ռաշկովում, Օբերտինում: Բացի այդ` հայեր կային Ժիտոմիրում, Կանևում, Վիննիցայում, Ուժգորոդում, Կրեմենեցում: Հայերը ունեցել են ներքին ինքնավարություն` իրենց վարչական մարմիններով, հայկական դատարաններ, որոնք ղեկավարվում էին Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» հիման վրա կազմված և տեղական պայմաններին հարմարեցված դատաստանագրքով: Հայերն այստեղ ծավալել են շինարարական լայն աշխատանք, կառուցել են եկեղեցիներ, դպրոցներ: Լվովում տպարան են բացել, գործել է թատրոն և գրադարան: Գալիցիայի հայկական համայնքն ուներ մշակույթի գործիչներ` հայտնի գրողներ, բնագետներ, բժիշկներ, նկարիչներ ու քանդակագործներ: Հայ մտավորականները զգալի դեր են խաղացել տեղի մշակութային և գիտական կյանքում:

Գալիցիայի հայերը երկար ժամանակ պահպանել են իրենց ազգային նկարագիրը, սակայն, ի վերջո, ձուլվել են օտար միջավայրում: Ուծացման գործընթացին նպաստել է XVIII դարում լեհական իշխանությունների կաթոլիկացման քաղաքականությունը: Ստեղծվել է Լվովի հայ կաթոլիկ արքեպիսկոպոսությունը: Նման եկեղեցական միավորի ստեղծումը վկայում է, որ այս տարածաշրջանում կաթոլիկ հայերը մեծ թիվ են կազմել, նվազագույնը` 15 հազար մարդ, թեև որևէ պաշտոնական թիվ չի պահպանվել: Լվովի շարժական և անշարժ հարստության շուրջ 25 տոկոսը պատկանել է հայերին: Արևմտյան Ուկրաինայում գործել են նաև Հայ Առաքելական եկեղեցու թեմեր:

1927 թվականից այստեղ տպագրվում էր լեհերեն «Սուրբ Գրիգորի պատվիրակը» ամսագիրը, «Գրիգորիանա» քառամսյա հանդեսը: Լվովի հայ կաթոլիկ արքեպիսկոպոսությունը գործեց մինչև Երկրորդ աշխարհամարտը. 1939 թվականի վերջերին` Արևմտյան Ուկրաինային բռնակցումից հետո, տեղական խորհրդային իշխանությունները լուծարեցին այն:

Հայերի զգալի մասը պահպանել էր մայրենին: Լեհական համարվող Կուտի գյուղում այնքան շատ են եղել խառն ամուսնությունները, որ դժվար է եղել որոշելը, թե ինչ ազգի է պատկանում ընտանիքը` լե՞հ, ուկրաինացի՞, թե հայ: Սակայն գրեթե բոլորը խոսում էին հայերեն կամ գոնե հասկանում էին: 1944 թվականի ապրիլին ուկրաինացի ազգայնականները` բանդերականները, հարձակվել են գյուղի վրա: Վայրագությունները ոչ մի սահման չեն ճանաչել. օրորոցում սպանված երեխաներ, անտառ տարված և բռնաբարված կանայք, որից հետո` դաժան սպանություններ: Կուտի գյուղի բնակիչները ոչնչացվեցին միայն այն բանի համար, որ ուկրաինացիներ չէին: Բանդերականների զոհ գնաց շուրջ 200 հայ ընտանիք: Այդ մասին պահպանվել են բազմաթիվ վկայություններ և արխիվային նյութեր: Կուտիի ճակատագիրը կիսեցին Գալիցիայի մյուս հայկական համայնքները: Այդ կոտորածն անվանեցին Վոլինյան ջարդեր, որը 1943-1944 թվականներին Արևմտյան Ուկրաինան ծագումով ոչ ուկրաինացիներից «մաքրելու» տխրահռչակ քաղաքականության մի մասն էր:

Վոլինյան կոտորածներն սկսվել են փետրվարի 9-ին, երբ ուկրաինական ծայրահեղ ազգայնականների գրոհայինները հարձակվեցին Պարոսլ գյուղի վրա և կոտորեցին շուրջ 200 լեհերի: Շուրջ երկու տարվա ընթացքում, բացի լեհերից և հայերից, ուկրաինական ծայրահեղականների և գրոհայինների զոհ դարձան տեղացի ռուսները, հրեաները, բելառուսները, գնչուները: Ընդհանուր առմամբ` զոհվել է շուրջ 80 հազար մարդ: Ուկրաինացի ծայրահեղականների իրականացրած այս ցեղասպանության հիմնական տրամաբանությունն էր՝ չխնայել նույնիսկ մանկահասակ երեխաներին: Խառն ամուսնությամբ ընտանիքներում բանդերականները մահվան սպառնալիքով ստիպում էին ուկրաինացիներին ինքնուրույն սպանել իրենց ոչ ուկրաինացի բարեկամներին: Ով հրաժարվում էր` դատապարտվում էր դաժանագույն մահապատժի. նրանց ողջ-ողջ սղոցում էին, կացնահարում այլ կտտանքների ենթարկելուց հետո:

Շատ քչերն են վերապրել այդ կոտորածները: Արևմտյան Ուկրաինայի հայկական համայնքից գրեթե ոչ ոք ողջ չմնաց: Վոլինյան ցեղասպանությունը վերապրածներից մեկն էլ Լեհաստանի առաջին տիեզերագնաց Միրոսլավ Գերմաշեւսկինն է, որը 2 տարեկան հասակում հրաշքով փրկվել է սպանդից:

Այլազգիների նկատմամբ բանդերականների իրականացրած կոտորածներն արձագանք գտան Լեհաստանում, որտեղ տեղի ազգայնականներն իրենց հերթին ձեռնարկեցին ուկրաինացի ազգաբնակչության ջարդերը: Միջազգային այդ մեծ ողբերգության ծավալմանը, որքան էլ զարմանալի է, վերջ դրեց Ստալինը, որի նախաձեռնությամբ Հայրենական մեծ պատերազմի ավարտից անմիջապես հետո` 1945 թվականի հուլիսի 6-ին, ԽՍՀՄ-ի և Լեհաստանի միջև ստորագրվեց «Բնակչության փոխանակման մասին» պայմանագիրը: Լեհաստան տարհանվեցին շուրջ 1 միլիոն լեհեր, Ուկրաինա` 600 հազար ուկրաինացիներ, Պաղեստին` 140 հազար հրեաներ: Երբեմնի հայկական մեծաքանակ համայնքի ներկայացուցիչների մասին ոչ մի փաստաթղթում որեւէ հիշատակություն չկա:

Ներկայումս բանդերականները հայտարարում են, թե Ուկրաինայի Ապստամբական բանակը պայքարել է միայն գերմանացի զավթիչների դեմ, և շուրջ 80 հազար մարդու կոտորել են գերմանացիները: Նրանք փորձում են մոռացության մատնել այդ տխրահռչակ դեպքերը և հերքել, որ 1945 թվականից հետո բանդերականների նկատմամբ բաց դատավարությունների ժամանակ հրապարակվեցին նրանց իսկ կատարած ոճրագործությունների հազարավոր փաստեր, խոսեցին վերապրածներն ու ականատեսները: Բոլոր մեղավորներին մահապատժի ենթարկեցին: Խորհրդային տարիներին ևս նախընտրում էին չխոսել այս ողբերգության մասին` սահմանափակվելով միայն հուշարձաններ կանգնեցնելով:

Վոլինյան ցեղասպանության մասին այսօր վկայում է միայն Լեհաստանում մի հուշարձան, որի վրա լեհերեն գրված է. «Եթե ես մոռանամ նրանց, Տեր Աստված, մոռացիր իմ մասին»: Լվովի մարզի Վելիկիյ Լուբեն ավանում 5-ամյա Ռոմա Տարավսկիի արձանը մի քանի տարի առաջ ոչնչացրին տեղացի նոր ազգայնականները:

♦♦♦

Մի քանի խոսք նոր ժամանակների մասին: Ուկրաինայի Գերագույն ռադայում 2013թ. հունիսի 6-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի նախագիծ էր ներկայացվել: Նախաձեռնության հեղինակները պատգամավորներ Վիլեն Շատվորյանը («Ռեգիոնների կուսակցություն») և Արսեն Ավակովն («Բատկիվշչինա») էին: Նախաձեռնությանն իր աջակցությունն էր հայտնել Հայաստանի ԱԳՆ-ն, սակայն նախագիծը տապալվեց ուկրաինական խորհրդարանի Մարդու իրավունքների և միջէթնիկ հարաբերությունների հանձնաժողովում: Լեհաստանի խորհրդարանը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը դեռ 2005 թվականին:

Ուկրաինայում վերջին ամիսներին ընթացող քաղաքական ճգնաժամի շրջանակներում կրկին գլուխ բարձրացրեց ծայրահեղական ազգայնականությունը: Եվրաինտեգրման և հակառուսական ճամբարների կողմնակիցների շարքերում հայտնվեցին ուկրաինական ազգայնականության առաջնորդ, Ուկրաինայի Ապստամբական բանակի ղեկավար Ստեպան Բանդերայի նկարները, փողփողացին նրա կոչերով պաստառները: Ուստի նման անկանխատեսելի զարգացումների համապատկերում տեղի հայության համար խիստ անհրաժեշտ է զերծ մնալ տարբեր շարժումների մեջ ներքաշվելուց` մանավանդ, երբ խոսքը ծայրահեղականության մասին է:

ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆ
լեյտենանտ

Խորագիր՝ #09 (1027) 13.03.2014 – 19.03.2014, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


13/03/2014