Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԱՆԴՈՒԽՏ ՄԱՅՐԻԿՆ ՈՒ ԶՈՐԱՎԱՐԸ



Պատմում է Մերուժան Մանուկյանը

Իմ նախնիները գաղթել են Մուշից։ Եղեռնից հետո ոմանք գնացել են Ռուսաստան, ոմանք բնակություն են հաստատել Շիրակի տարբեր բնակավայրերում, իսկ Սարգիս պապս հաստատվել է Արարատի մարզի Շաղափ գյուղում։ Տարիներ հետո նրանք գտան մեկմեկու։ Խոսելով, պատմելով իրենց նախնիների մասին, մերոնք հատկապես առանձին մի ոգեւորությամբ էին տալիս Սանդո անունը։ Սանդոն մեր տոհմի մեծ մայրն է եղել՝ հայրենասեր ու նվիրյալ մի հայուհի։ Նրա խոսքը օրենք է եղել բոլորի համար։ Այսպես է եղել կարգը՝ մի նոր գործ, արարողություն սկսելուց առաջ պետք է Սանդո մայրիկի հետ հաշվի նստեին, նրա կարծիքն իմանային։ Անունը Սանդուխտ է եղել, սակայն ամուսինը Սանդո է ասել, ու այդպես մոռացվել կամ նիրհել է իսկական անունը։ Ամուսնու մահից հետո պատվով պահել-մեծացրել է իր յոթ զավակներին, եւ տղաներից Մանուկը, երբ զինվորագրվել է Անդրանիկի կամավորականներին՝ Սանդո մայրը սիրով եւ օրհնությամբ է նրան ճանապարհել։ Ասում են՝ Զորավարը շատ է սիրել Մանուկին իր քաջության, ազնվության, հայրենասիրության համար։ Մի անգամ, երբ Անդրանիկը հարցնում է, հետաքրքրվում, թե Մանուկն ո՞վ ունի-չունի, արդյոք ծնողները համաձա՞յն են, որ ինքը դառնա ազգի ֆիդայի, Մանուկը պատմում է ու վերջում ավելացնում.
-Սանդո մայրս է ինձ ուղարկել, օրհնել իմ ճանապարհը։
Իսկ Զորավարը ոգեւորված ասում է.
-Եթե ամեն մի հայ մայր այդ ոգով մեծացնի իր զավակին, մենք նորից տեր կլինենք մեր վաղեմի փառքին։
Այնպես է լինում, որ Սասնո կռիվներից մեկի ժամանակ զոհվում է Մանուկը, եւ երիտասարդ հայդուկի դին հասցնում են Մուշ, հուղարկավորում։ Սանդո մայրիկին մխիթարանքի խոսքեր են ասում Զորավարի կողմից, որը չի մասնակցում հուղարկավորությանը։
…Անցնում են տարիներ։ Մեծ եղեռնից հետո Լոռի գնալիս Զորավարը կանգ է առնում գյուղերից մեկում։ Հյուրասիրության սեղան են բացում, ու երբ պետք է նստեին հացի, Զորավարը հետաքրքրվում է գյուղի մարդկանց հոգս ու ցավից, ապրելակերպից եւ ինչպես միշտ հարցնում է՝ «Գյուղում կա՞ն գաղթականներ, որտեղի՞ց են փրկվածները»… Եվ բազում այսպիսի հարցեր։ Լսելով Մուշ քաղաքից գաղթած Սանդո անունը՝ Զորավարը ոտքի է կանգնում.
-Սանդո մայրիկն այստե՞ղ է, ո՞ղջ է, ուզում եմ նրան տեսնել։
Արդեն 90-ն անց Սանդուխտ մայրիկը տեսնելով Զորավարին, զարմանքից քար է կտրում.
-Սանդո մայրիկ, Մանուկի թաղմանը ես չկարողացա գալ, եկել եմ, որ իմ շնորհակալությունը քեզ հայտնեմ, որ հայրենիքին այդպիսի զինվոր ես տվել,- ասում է ու խոնարհաբար համբուրում Սանդո մայրիկի ձեռքը։
-Վայ, իմ փաշա, իմ Անդրանիկ զորավար՝ էս ինչ կենիս,- ձեռքը հետ տանելով ասում է մշեցի տատը,- ես պիտի քո ձեռքը, քո ճակատը, քո ոտները համբուրեմ, որ մեր ազգի նամուսն ու հարգանքը, պատիվը պահեցիր, չթողիր, որ շուն թուրքը տրորի, խառնի ցեխին, քամուն տա։ Իմ փաշա, մեռնիմ քո ոտաց ճամփին, որ իմ որդի Մանուկն էլ է տրորե…
…Գյուղից մեկնելիս Զորավար Անդրանիկը մի դաշույն է նվիրում Սանդո մայրիկին. «Զորավար Անդրանիկից Սանդուխտ մայրիկին» փորագրությամբ։
Այդ դաշույնը մինչ օրս սրբությամբ պահում են Մանուկյանները…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #11 (876) 23.03.2011 – 30.03.2011, Հոգևոր-մշակութային


31/03/2011