Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՏԵՎՈՒՄ ՄՈՒԹ ՈՒԺԵՐ ԵՆ



Քիչ առաջ «Հենարան» ակումբում ավարտվեց Արցախյան պատերազմի 22 հրամանատարների մամուլի ասուլիսը։ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, Արցախյան պատերազմի զորահրամանատար Վարդան Ավետիսյանը ներկաներին իրազեկեց հանդիպման դրդապատճառի և նպատակի մասին։ Վերջերս ստեղծվել է մի հասարակական կազմակերպություն «Ռազմադաշտային հրամանատարների խորհուրդ» անվանմամբ, որը հենց սկզբից բարձրացրել է սոցիալական խնդիրներ։ Պաշտպանության նախարարության համապատասխան կառույցները պատրաստակամորեն համագործակցել են կառույցի հետ, փորձել են աջակցել խորհրդի անդամներին՝ ներկայացված խնդիրներին լուծում տալու նպատակով։ Սակայն կազմավորումից որոշ ժամանակ անց կառույցի որոշ անդամներ սկսել են ծավալել քաղաքական գործունեություն, մասնավորապես, հանդես են եկել բռնի իշխանափոխության կոչերով։ Խորհուրդը պառակտվել է, առաջ են եկել տարաձայնություններ։ Զարմանք ու մտահոգություն են հարուցել խորհրդի անդամներից մեկի՝ Սուրեն Սարգսյանի հայտարարությունները։ Իրեն ռազմադաշտային հրամանատար հորջորջող լրագրողը զենք վերցնելու, իշխանություններին երկրից քշելու, առճակատման կոչեր է արել՝ միևնույն ժամանակ չմոռանալով հայտարարել, որ ինքը ամբողջ պատերազմի ընթացքում ոչ մի անգամ ռազմաճակատում չի տեսել նախագահ Սերժ Սարգսյանին և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։ Սուրեն Սարգսյանը «ստիպել է», որ ռազմադաշտային իրական հրամանատարները հետաքրքրվեն նրա կենսագրությամբ և պարզեն, թե արդյոք ո՞ր ճակատում է կռվել, ինչ տարածքներ է պաշտպանել ինքնահռչակ այս հրամանատարը, որը կասկածի տակ է դնում Արցախի ազգային հերոսներ Սերժ Սարգսյանի և Սեյրան Օհանյանի ռազմական վաստակը։ Պարզվել է՝ պատերազմի գրեթե բոլոր ճակատներում մարտնչած լեգենդար զորահրամանատարներից և ոչ մեկը չի ճանաչում այս նորելուկ հրամանատարին ու երբեք նրան չի տեսել Արցախյան գոյամարտի տարիներին։

Վարդան Ավետիսյանը համոզված է, որ կան ծպտյալ ուժեր, որոնք այս խմբի միջոցով փորձում են ապակայունացնել Հայաստանի քաղաքական իրավիճակը, հրահրել զինված առճակատում. «Ռազմադաշտային հրամանատարների խորհրդի» անդամները փոքր խմբերով գնում են կրթօջախներ, քարոզում են հիվանդանոցներում, փողոցներում, շուկաներում և մարդկանց զենք վերցնելու կոչեր են անում։ Վարդան Ավետիսյանը նշեց, որ «Ռազմադաշտային հրամանատարների խորհրդի» կազմում, ի տարբերություն Սուրեն Սարգսյանի, կան նաև իրական հրամանատարներ, որոնց մարդիկ վստահում են, և որոնք ունեն համախոհներ ու հետևորդներ։ Ուստի մութ ուժերի ձեռքին գործիք դառնալու և ժողովրդին մոլորեցնելու՝ խորհրդի որոշ անդամների գործունեությունը հղի է վտանգավոր հետևանքներով։ Ուստի իրենք հավաքվել են իրենց բողոքն ու անհանդուրժողականությունը հայտնելու այդ ուժերի դեմ։ Այն հարցին, թե հնարավոր է, որ այդ մարդիկ կարողանան արյունալի բախումներ հրահրել մարտի 1-ին, Վարդան Ավետիսյանը պատասխանեց, որ ինքը բացառում է նման սցենար, որովհետև թափված մեկ կաթիլ արյունը անգամ թանկ է բոլորի համար։ Ե՛վ իշխանությունները, և՛ ժողովուրդը, և՛ ազատամարտիկները ամեն ինչ կանեն՝ խուսափելու ընդհարումներից ու ցնցումներից։

Իսկ «Ազատամարտին մասնակցած կանանց» հասարակական կոմիտեի նախագահ Աիդա Սերոբյանը պատմեց, որ «Ռազմադաշտային հրամանատարների խորհրդի» կազմակերպած հավաքների ժամանակ բոցաշունչ ելույթներ են ունենում իրենց ազատամարտիկ հռչակած կանայք, որոնց նույնպես ոչ ոք չի տեսել պատերազմի ժամանակ։ «Մենք թույլ չենք տա, որ պատերազմ չտեսած, բայց ազատամարտիկների ու ժողովրդի անունից խոսող արկածախնդիր մարդիկ Երևանը վերածեն մարտադաշտի, ինչպես եղավ Կիևում, որտեղ այսօր լիակատար անիշխանություն է. փողոցներում սպանում են, թալանում, բռնաաբարում։ Մենք շատ ծանր գին ենք վճարել անկախ, կայուն ու խաղաղ երկիր ունենալու համար, վճարել ենք մեր ընկերների կյանքով ու երկրին ոչինչ չտված բախտախնդիրների անձնական նկրտումների համար մեր ձեռքբերումները հողին չենք հավասարեցնի»։

«Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար Կորյուն Ղումաշյանը մեկ անգամ ևս փաստեց, որ միայն պատերազմ չտեսած մարդը կարող է հայտարարել, որ Սերժ Սարգսյանին ու Սեյրան Օհանյանին չի տեսել ռազմաճակատում։ «Մեր ընկերների արյունն է թափվել պատերազմի դաշտում, ու մենք գիտենք, թե որքան մեծ ցավ է դա։ Արյունահեղության կոչ կարող են անել միայն զինակցի, ընկերոջ արյան գինը չիմացող մարդիկ։ Նրանք, իրենց ռազմադաշտային հրամանատար կոչելով, վարկաբեկում են մեզ՝ իսկական հրամանատարներիս, աղավաղում են մեր կերպարը…

«Արաբո» ջոկատը ներկայացնող Արթուր Օվչյանի կարծիքով՝ բազմաթիվ սոցիալական խնդիրներ կան, որոնք հրատապ լուծման կարիք ունեն, սակայն ինքնակոչ ազատամարտիկները չեն, որ պիտի խոսեն դրանց մասին, առավել ևս՝ պետությունն ու պետականությունը քանդելու ճանապարհ հուշեն ժողովրդին։ Իսկ «Հայոց ազգային բանակի» ներկայացուցիչը հայտարարեց. «Մենք խաղալիք չենք ու թույլ չենք տա խաղալիք դարձնել մեզ։ Իրոք, մենք բազմաթիվ խնդիրներ ունենք, լուծման կարոտ բազմաթիվ հարցեր կան, սակայն թույլ չենք տա թշնամի ուժերին օգտագործել մեր հայրենակիցներին և սասանել պետության հիմքերը»։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


28/02/2014