Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՎՈՒՇԻ ԱՐԾԻՎՆԵՐԸ



Սեյրան Արծրունի Չիլինգարյանը ծնվել է Տավուշի մարզի Իծաքար գյուղում: Արցախյան ազատագրական պայքարին նա իր եղբայրների` Պավելի և Հայկի հետ դուրս եկավ մեր դարավոր թշնամու դեմ: Արծրուն հայրը անտառների բնության պահապան էր: Հայտնի որսորդ էր, նրան Սարերի Ասլան էին ասում: Մշտապես որդիների կողքին էր, սահմաններում: Բնության մեջ՝ Տավուշի անտառներում, ուներ իր սիրած գողտրիկ կուսական վայրերը, որտեղ դեռ մարդու ոտք չէր դիպել: Սիրում էր իր ընկերներին, մերձավորներին ուղեկցել այդ վայրերը և իր ձեռքով հյուրասիրել: Ալիևի անունը լսելիս թունդ հայհոյում էր. «Էդ աղվեսի աչքը այ էս մեր գեղեցիկ վայրերին է, մեր գեղեցիկ բնությանը,մեր Արցախին»:

-Ասես բնության ոգի լիներ,- վերհիշում է Սեյրան որդին,- թե պետք լիներ մի տասնյակ մարդ կզիներ ու կհաներ թշմանու դեմ: Մեր ամեն մի հաղթական վերադարձին մի ցուլ էր մատաղ անում, բաժանում մարդկանց: Իսկ Ռիմա մայրս այդ օրերին ամեն օր հաց էր թխում, հայրիկիս հետ ուղարկում դիրքեր, որտեղ շատերի պես մարտնչում էինք նաև երեք եղբայրներով: Ու մի օր էլ իր սիրած գողտրիկ անկյուններից մեկում` աղբյուրի ակունքի մոտ, կանգ էր առել հայրիկիս սիրտը: Որոշ ժամանակ անց մայրս կանչեց ու մեզ եղբայրներիս հանձնեց հորս զենքերը, ասաց, թե որտեղ են պահված զենքերն ու պահունակի փամփուշտները: Ես այդ ամենը հանձնեցի մեր նորաստեղծ բանակին: Արդեն հրադադար էր, և հանձնեցի նաև ինձ ամրագրված ավտոմատը: Զինուժով այդ ամենը նկարահանված է` հայրենասիրության հիշարժան օր էր:

Բնության գրկում, որտեղ կանգ էր առել հորս սիրտը, որոշեցի հորս հիշատակին մի հուշարձան կանգնեցնել: Երբ խաչքարագործ Ժորան խաչքարն ավարտելուց հետո արծիվն էր քանդակում, մի օր էլ ինձ կանչեց: Քարե հսկա ողջ զանգվածը մշակել- քանդակել էր և ահա արծվի աչքը քանդակելիս տուֆի միջից ադամանդի նման մի կտոր էր դուրս եկել, որը արևի հետ լույս ու փայլ էր տալիս: Նորից հիշեցինք Սարերի Ասլան որսորդ հայրիկիս: Թվաց, թե նրա հոգին թևածում էր մեր չորսբոլորը` բնության իր սիրած գեղեցիկ անկյունում: Երբ երեկոյան այդ մասին պատմեցի Ռիմա մայրիկիս, մայրս ասաց.

-Արծրունը բնության մի մասնիկ էր, նա արծվի պես սիրում էր ազատությունը, սիրում էր բնությունը: Եվ մի՞թե պատահական է, որ քեզ էլ կոչում են Տավուշի Արծիվ:

Գ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #04 (1022) 6.02.2014 – 12.02.2014, Հոգևոր-մշակութային


06/02/2014