Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ. «ՄՆԱՍ ԲԱՐՈՎ, ԱՐՄԵՆ…»



Եռաբլուր պանթեոնում հունվարի 22-ին զինվորական կարգով հողին հանձնվեց ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի զինուժի իրականացրած դիվերսիոն հարձակման հետևանքով զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: Հուղարկավորությանը ներկա էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, պատգամավորներ, պաշտոնյաներ, բարձրաստիճան սպաներ, քաղաքական և հասարակական գործիչներ, հասարակ քաղաքացիներ։

Եռաբլուրի սբ. Վարդանանց նահատակաց մատուռի դիմաց մատուցվեց հոգեհանգստյան կարգ, որից հետո հրամանատար Էդվարդ Ասրյանը 19-ամյա սերժանտին հետմահու շնորհված մեդալը հանձնեց Արմեն Հովհաննիսյանի հորը։

«Կորուստն անդառնալի է ու ցավալի: Որքան էլ մենք այսօր հարազատներին, ծնողներին, Հովհաննիսյանների ընտանիքին սփոփանքի խոսքեր ասենք, մեկ է`վիշտը շատ մեծ է, կորուստը՝ ադառնալի: Գնահատելի են միայն Արմենի կատարած սխրանքներն ու քաջագործությունները՝ այն, որը նա, Արցախի մարտական դիրքերում գտնվելով, իրականացրեց իր ստորաբաժանման, ջոկի զինակից ընկերի հետ միասին: Չափազանց դժվար է այսօր այստեղ խոսել, բայց հարկ է նշել, որ Արմենի կատարածը սխրագործություն է` հանուն մեր երկրի անվտանգության ապահովման»,- վերջին հրաժեշտի արարողության ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նախարարի խոսքով՝ հունվարի 19-ի գիշերը հակառակորդի դիվերսիոն խմբերը հայկական դիրք են ներթափանցել մինչև ատամները զինված, բայց Արմեն Հովհաննիսյանը և մյուս 9 զիմվորներն անձնվիրաբար խափանել են դիվերսիան:

«Մարտական գործողությունների ընթացքում Արմենն անձնուրացաբար, անձնական օրինակով, իր ընկերներին տանելով մարտի, զոհվեց: Էլի եմ ասում՝ չափազնաց դառն է կորուստը, բայց ժամանակը նաև կբերի հպարտություն՝ նրա անցած ճանապարհի համար: Այն ճանապարհի համար, որ նա անցել է մինչև բանակ զորակոչվելը՝ լինելով իր ընտանիքի լավագույն զավակը: Այնուհետև բանակում` որպես կրտսեր հրամանատար, իր ենթակաների նկատմամբ պահանջկոտության հետ մեկտեղ հարգելով նրանց արժանապատվությունը և հոգատար լինելով նրանց հանդեպ, այս ամենի շնորհիվ այսօր նա լրացնում է այն կրտսեր հրամանատարների շարքը, ովքեր Արցախյան գոյապայքարի ժամանակ տարել են իրենց ստորաբաժանումները հաղթանակների ու զոհվել են՝ իրենց արյունը թափելով հայրենիքի ապահովության համար»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Նախարարն ընդգծեց, որ Արմեն Հովհաննիսյանի կատարած սխրագործությունը շարունակական է և խոստացավ, որ հակառակորդը բազմակի պատժված է լինելու. «Այդ ամենն իրականացնելու են մեր զինվորները, մեր հասարակ, միգուցե պատրաստության ցածր աստիճանով, բայց հայրենիքին նվիրյալ զինվորները: Այն զինվորները որոնց առջևից միշտ հակառակորդի պատրաստված ասկյարները փախչելու են»:

«Զինվոր Արմենը գնում է հավերժական կյանք և իր շատ կարճ երկրային կյանքում նա ապահովեց դա: Մնաս բարով, Արմեն…», – եզրափակեց պաշտպանության նախարարը:

19-ամյա կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հուղարկավորվեց Արցախյան ազատամարտում ընկած հերոսների կողքին: Ի պատիվ հերոսի` հրացանների համազարկի ներքո հնչեց ՀՀ պետական օրհներգը:

Բ.ՄՈՎՍԵՍՅԱՆ

Խորագիր՝ Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


23/01/2014