Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՇՈՒՇԻՈՒՄ ԾՆՎԱԾ ԱՌԱՋԻՆ ԵՐԿՎՈՐՅԱԿ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԾԱՌԱՅԵՑԻՆ ՊԱՏՎՈՎ



«Այսօր զորացրվում են երկվորյակ զինվորներս: Բայց ինձ համար առավել ուրախալին ոչ թե զորացրվելու փաստն է, որը, այսպես թե այնպես, պետք է լիներ, այլ այն, որ ավագ որդիներս երկու տարվա ընթացքում գլխարկս գետնով չտվեցին՝ ծառայեցին ու զորացրվում են առանց որեւէ կարգապահական տույժի»: Ազատամարտիկ Արթուր Եղիազարյանի ֆեյսբուքյան այս գրառումը ուշադրությունս չէր կարող չգրավել: Թերեւս իր տղային բանակ ուղարկող յուրաքանչյուր ծնողի ցանկությունն է, որ որդին հեշտությամբ հաղթահարի ծառայության դժվարությունները, ենթարկվի հրամանատարներին, հարմարվի նոր պայմաններին, կողքինին չվնասի, տհաճ պատմությունների մեջ չընկնի, կռիվ չսարքի, անփորձանք ծառայի եւ իր «գլխարկը գետնով չտա»:

Արթուր Եղիազարյանը եռապատիկ անհանգիստ էր, քանի որ, բացի երկվորյակներից, նաեւ կրտսեր որդուն էր բանակ ճանապարհել: Երեք զինվորների հայրը, իրոք, կարող է հպարտանալ՝ հայրենիքի, ազգի ու շրջապատի համար պիտանի որդիներ է մեծացրել: Դրանում ինքս համոզվեցի, երբ հանդիպեցի զորացրված երկվորյակներին` Արամին ու Արային:

Արամ. -Ազատամարտիկ հայր ունենալը շատ պատվաբեր է եւ պարտավորեցնող: Մենք փոքրուց լսել ենք նրա պատմությունները պատերազմի, իր կռված ընկերների մասին: Ազատամարտիկի կերպարը օրինակելի էր մեզ համար՝ օժտված բոլոր դրական հատկանիշներով: Հորս պատերազմական պատմությունները մեզ սովորեցնում էին լինել բարի, ընկերասեր, պատասխանատու, ազնիվ, գիտակցել պարտքը հայրենիքի հանդեպ: Եվ, իհարկե, բացառում էին ամբարտավանությունը, դաժանությունը, անհանդուրժողականությունը: Բանակն այն միջավայրն է, որտեղ դրսեւորվում են մարդու թե՛ դրական, թե՛ բացասական որակներն ու հատկանիշները: Երբ զորակոչվեցինք, հասկանում էինք` ինչպիսի մեծ պատասխանատվություն է դրված մեր ուսերին. պետք է պաշտպանեինք այն հողը, որի համար պատերազմել են հայրս եւ նրա ընկերները, պետք է մեր ծառայությամբ շարունակեինք ապահովել այն խաղաղությունը, որի համար նրանք պայքարել են: Ես վստահ էի, որ մեզ դա կհաջողվի. չէ՞ որ հայրս էլ էր մեր տարիքին, երբ մեկնեց ռազմաճակատ:

Արա. -Մենք լիովին պատրաստ էինք ծառայության: Մեր ծնողների խորհուրդները` լինել գթասիրտ, կողքինի հանդեպ ուշադիր, հարգալից, բարյացակամ, կատարել հրամանատարների հրամանները ճիշտ եւ ժամանակին, նաեւ չծխել, օգնեցին մեզ հենց առաջին իսկ օրվանից յուրացնել զինվորական կյանքը: Զորամասում առաջինն աչքիս ընկավ ազատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող անկյունը: Զորանոցում իմ մահճակալի դիմաց մորեղբորս`զոհված ազատամարտիկ Արգամ Հարությունյանի (մեր փոքր եղբայրը նրա անունն է կրում) մահճակալն էր, լուսանկարը: Շատ ոգեւորված էինք, քանի որ ծառայելու էինք հերոսական պատմություն ունեցող զորամասում:

Արամ. -Մենք դարձանք հետախույզ-հրետանավոր: Մինչ բանակ զորակոչվելը ես եւ Արան սովորում էինք ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետում, մեր մասնագիտությունը չէր ենթադրում ֆիզիկական գերազանց պատրաստվածություն, մաթեմատիկական գիտելիքներ, բայց նոր մասնագիտությունը նոր խնդիրներ էր առաջադրում, ուստի մենք սպաների ղեկավարությամբ լրացրինք այդ բացը: Հաշվարկներ անել, տեղանքում արագ կողմնորոշվել, ֆիզիկապես ամուր լինել` սրանք էին զինվորական մասնագիտության պահանջները:

Արա. -Կարող ենք վստահ ասել, որ բանակում երկրորդ մասնագիտություն ենք ձեռք բերել, եւ եթե անգամ տասը-քսան տարի հետո կարիք լինի կիրառելու այն, ապա խնդիր չենք ունենա: Ծառայության ընթացքում հիմնավոր գիտելիքներ եւ համապատասխան փորձառություն ենք ստացել:

Արամ. -Խաղաղության պայմաններում ռազմական գործողությունների փորձառություն կարող ես ձեռք բերել զորավարժությունների ժամանակ: Ծառայությանս ամենատպավորիչ դրվագը, թերեւս, անցկացված զորավարժությունն է, որին առաջին անգամ նաեւ ես մասնակցեցի եւ իմ հաշվարկով սպասարկեցի մարտական կրակը, գերազանց արդյունք ապահովեցինք: Մինչ զորակոչվելը երազում էի տեսնել` ինչպես է կրակում հրետանին, եւ ահա իրականում զգացի հրետանու անփոխարինելիությունը: Երբ թիրախը խոցվեց, այնքան ոգեւորվեցի, որ վստահությունս՝ հակառակորդը էլ մեզնից պրծում չունի, կրկնապատկվեց: Զորավարժությունները շատ կարեւոր են, դրանք թույլ են տալիս պատկերացնելու պատերազմական դաշտը, դրսեւորելու ունակություններդ, յուրաքանչյուրը ձգտում է անել առավելագույնը, նաեւ հասկանում ես` կազմակերպվածության ու կարգապահության կարեւորությունը բանակում: Չնայած անասելի շոգին՝ զինվորներից եւ ոչ մեկը չտրտնջաց: Մեր զինվորականների համար ամառ-ձմեռ նշանակություն չունի, նրանք մարտունակ են եւ պատրաստ` լիարժեք կատարելու իրենց պարտականությունները:

Արա. -Ես այդ զորավարժությունների ժամանակ սպասարկում էի դիվիզիոնի կրակը, վստահեցնում եմ, որ մեր զինվորների մարտական ոգին բարձր է, նրանք տիրապետում են ռազմական տեխնիկային, մեծ եռանդով եւ նվիրվածությամբ են ծառայում: Շատ կարեւոր է, որ սպա-զինվոր փոխհարաբերությունները խոցելի չլինեն, ինչն ավելի է ուժեղացնում բանակը: Սպան պետք է զինվորի համար ուսուցիչ եւ ընկեր լինի, զինվորն էլ իր հերթին պետք է զերծ մնա արկածախնդրությունից, պատվով ծառայի` սիրի զենքը, կողքինին, պատվի հրամանատարներին, զորամասը, լինի համեստ եւ զուսպ:

Արամ. -Հրամանատարների գործը, իրոք, բարդ է, քանի որ բանակ են գալիս նաեւ անկանխատեսելի վարքով, չլսող, ագրեսիվ պատանիներ: Բայց եթե սպան գրագետ է, արդարամիտ եւ անկեղծ, նա ի զորու է շահելու զինվորի վստահությունը, իր իսկ անձնական օրինակով կրթելու եւ դաստիարակելու նրան: Բանակում հարաբերությունները կառուցվում են վստահության հենքի վրա: Ինձ համար օրինակելի էր իմ դասակի հրամանատարը` լեյտենանտ Անդրանիկ Զաքարյանը: Ընդամենը մեկ ու կես տարի է, ինչ ծառայում է, բայց հմուտ է եւ հոգատար: Զորացրվելուց հետո էլ նրա հետ կապ եմ պահպանում:

Արա. -Նույնն էլ ես կարող եմ ասել իմ դասակի հրամանատարի` ավագ լեյտենանտ Արամ Մխիթարյանի մասին: Մեկ-մեկ զարմանում էի, ինքս ինձ մտածում՝ մեզնից ընդամենը մի քանի տարով են մեծ ու այդքան ինքնուրույն են, կայացած, պարտաճանաչ, կարգապահ: Պատճառը երեւի այն է, որ բանակը, զինվորական կյանքը սովորեցնում է սեփական հոգսը ուրիշի ուսերին չգցել: Մենք էլ ավելի մաքրասեր, ինքնուրույն ենք դարձել: Եթե քաղաքացիական կյանքում մայրդ է շորերդ արդուկում, անկողինդ կարգի բերում, ապա բանակում ինքդ ես պատասխանատու թե՛ հագուկապիդ մաքրության, թե՛ անկողնուդ կոկիկության համար: Ճիշտ սնվելն ու կանոնավոր ֆիզիկական վարժություններն էլ օգնում են առողջ լինել. թե՛ ես, թե՛ Արամը նիհարել-պնդացել ենք, ձերբազատվել ավելորդ քաշից:

Արամ. -Բանակում սովորեցինք ձգտել ավելիին, չդժգոհել, լավատեսորեն նայել կյանքին: Փետրվարից կշարունակենք ուսումն աստվածաբանության ֆակուլտետում, կշարունակենք ապրել եւ արարել խաղաղ պայմաններում, իսկ մեր եղբայրը, մեկ ուրիշի որդին, երրորդի ընկերը կլրացնեն մեր տեղը շարքում եւ կշարունակեն հուսալիորեն պաշտպանել մեր երկիրը:

Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #02 (1020) 23.01.2014 – 29.01.2014, Բանակ և հասարակություն


23/01/2014