Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՊԱՐՈՆ ՆԱԽԱՐԱՐ, ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԼԱՎ ԿՆԱՅԵՔ»



Պաշտպանության նախարարը հասարակությունից եւ զինակոչիկների ընտանիքներից աջակցություն է ակնկալում

Ձմեռային զորակոչը շարունակվում է: Այն առանձնանում է նրանով, որ ծառայության վայրի ընտրությունը տեղի է ունենում վիճակահանությամբ: Զորակոչի ընթացքին տեղում ծանոթանալու համար հունվարի 9-ին հանրապետական հավաքակայան այցելեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Նախարարը հետեւեց՝ ինչպես են ծնողների ներկայությամբ երիտասարդները «Ը», «Մ», «Ա» գրություններով արկղերից վիճակահանության սկզբունքով թերթիկ դուրս քաշում, որի վրա նշված է ապագա ծառայության վայրը: «Ը» գրությամբ արկղին մոտենում էին ընդհանուր հիմունքներով ծառայելու կանչված զորակոչիկները, «Մ»-ին` վարորդական մասնագիտացում ստացածները, ինչպես նաև մեխանիկ-վարորդի, կապավորի որակավորում ունեցողները, իսկ «Ա» մակագրությամբ արկղին` համապատասխան արտոնության իրավունք ունեցողները:

Նախարարը զրուցեց զինակոչիկների հետ, հետաքրքրվեց, թե ինչ տրամադրությամբ են մեկնում ծառայության, ովքեր ունեն բարձրագույն կրթություն: Խմբի մեջ բավական շատ էին բարձրագույն կրթություն ունեցողները. «Համապատասխան կրթություն ունեցող զինակոչիկներն իրենց ծառայությունը կիրականացնեն այն ստորաբաժանումներում, որտեղ նրանց գիտելիքների կարիքը կա, օրինակ` հակաօդային պաշտպանության, հատուկ նշանակության ստորաբաժանումներում, կամ կծառայեն որպես հրետանավոր, կապավոր եւ այլն, կզբաղեցնեն նաեւ կրտսեր հրամանատարական պաշտոններ»,-նշեց պաշտպանության նախարարը:

Զինակոչիկներից Հարություն Վարդանյանը երազում է բանակում տանկ վարել, քանի որ տանկը նրա համար հզորության խորհրդանիշ է. «Այդ մտադրությամբ եմ գնում բանակ, հույս ունեմ, որ ինձ կվստահեն, եւ ես փորձառու տանկիստ կդառնամ»:

Հովհաննես Ասատրյանն էլ ոգեւորված էր նախարարի այցելությունից. «Աշխատելու եմ արդարացնել նախարարի, ծնողներիս, եղբորս սպասելիքները: Ի դեպ, եղբայրս մեկ ամիս առաջ է զորացրվել, ծառայել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, բարձրացել դիրքեր, անհամբեր սպասում էի իմ հերթին եւ հիմա խոստանում եմ, որ նույնպիսի պատասխանատվությամբ կծառայեմ»:

Սեյրան Օհանյանը հաջողություն մաղթեց զինակոչիկներին` ասելով. «Կհանդիպենք ծառայության ընթացքում»:

Այնուհետեւ բժշկական հանձնաժողովի նախագահ, բուժծառայության գնդապետ Գայանե Ղուկասյանը նախարարին զեկուցեց բուժհանձնաժողովի աշխատանքների ընթացքի մասին: Նախարարը մասնագիտական կաբինետներում ծանոթացավ հետազոտությունների պայմաններին ու ընթացքին, մանրամասնորեն հետաքրքրվեց բուժհետազոտության ընթացակարգի, լրացուցիչ բուժհետազոտության համար հավաքակայանից վերադարձածների թվի, պատճառների, հիվանդությունների բնույթի մասին: Գայանե Ղուկասյանը տեղեկացրեց, որ զորակոչիկների մեջ հայտնաբերված հիվանդությունների խմբերի առաջին եռյակում հենաշարժողական խնդիրներ ունեցողներն են՝ հարթաթաթություն, ողնաշարի ծռվածք, երկրորդ՝ սրտային հիվանդություններ, երրորդ՝ տեսողության եւ այլ արատներ: Ծանոթանալով զինվորների անձնական գործերին, նախարարը նկատեց, որ անձնական գործերում առկա բժշկական քարտերում բացակայում են բուժզննման պահին զինվորների ջերմաստիճանի մասին նշումները, նախարարը նախորդ զորակոչին հրահանգել էր` պարտադիր կատարել տվյալ նշումը: Պարզվեց` հրահանգի մասին տեղյակ էին ոչ բոլորը, նախարարը կարգադրեց լրացնել բացթողումները. «Այդ փաստաթուղթը պարտադիր պետք է լինի, հիշո՞ւմ եք՝ անցած տարի զորակոչիկը մահացավ, եւ մենք չէինք կարողանում պարզել, թե նա ինչ ջերմաստիճանով է զորակոչվել բանակ»:

Սեյրան Օհանյանը հանդիպեց որդիներին ճանապարհելու եկած ծնողների հետ եւ նշեց, որ վիճակահանության մեթոդը հնարավորություն է տալիս բացառելու կոռուպցիոն ռիսկերը եւ ապահովում է զորակոչի թափանցիկությունը: Նախարարը բարձրացված բոլոր հարցերին տվեց սպառիչ պատասխաններ: Ծնողներից մեկն արտահայտեց իր մտահոգությունը. «Իմ որդին ունի տեսողության հետ կապված խնդիր, որը, կարծում եմ, պատշաճ ձեւով չի հետազոտվել»: Նախարարը տեղում հանձնարարեց ծնողի ներկայությամբ կատարել զննություն եւ արդյունքների մասին զեկուցել իրեն:

Պաշտպանության նախարարը նշեց, որ հասարակությունից եւ ընտանիքներից ակնկալում է աջակցություն` միջանձնային հարաբերություններում խնդիրները բացառելու համար: Ծնողներն էլ խնդրեցին. «Պարոն նախարար, մեր երեխաներին լավ կնայեք»:

Չերնուխինա Լիզան Գյումրիից եկել էր որդուն` Մինասին բանակ ճանապարհելու: Մայրը նշեց, որ իրենք նաեւ ՌԴ քաղաքացիություն ունեն, սակայն որդին ցանկություն է հայտնել ծառայելու հայկական բանակում. «Իմ որդին բարի է, մարդամոտ, լսող, կարծում եմ` իրեն լավ կդրսեւորի ծառայության ժամանակ, իմ ցանկությունը մեկն է` առողջ ուղարկում եմ, առողջ էլ վերադառնա տուն»:

Պաշտպանության նախարարը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին, անդրադարձավ հրադադարի խախտման դեպքերին եւ ընդգծեց, որ վերջին երկու ամիսներին հայկական կողմը գրեթե բացառել է ցանկացած պատասխան, որպեսզի հակառակորդին էլ հանդարտության կոչ անի. «Բայց փորձը ցույց տվեց, որ նման դեպքում նրանք ավելի են լկտիանում, իսկ լկտիներին պետք է պատժել»:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


10/01/2014