Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՐԿ ԼԻՆԻ՝ ԱՅՍՕՐ ԷԼ ՇԱՐՔ ԿԿԱՆԳՆԵՄ…



Նշվեց Հայրենական մեծ պատերազմի վետերան, հետախույզ ՊԵՏՐՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ծննդյան 90-ամյակը

Օրերս ՀՀ վետերանների միավորման խորհրդում հանդիսավորությամբ նշվեց պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ, պահեստազորի գնդապետ Պետրոս Արտաշեսի Պետրոսյանի ծննդյան 90-ամյակը։ Եկել էին շնորհավորելու ինչպես պատերազմական տարիների, այնպես էլ հետպատերազմյան տարիների ընկերները, մտերիմ-բարեկամները։

Միջոցառումն անցավ մտերմիկ, ջերմ մթնոլորտում, որովհետև հոբելյարը սիրված անձնավորություն է և իր անցած ճանապարհով քաջ ծանոթ է հասարակությանը։ Իսկ այդ ճանապարհը լի է եղել դժվարություններով, խոչընդոտներով (Հայրենական մեծ պատերազմ, դիվանագիտական աշխատանք արտասահմանում, հետախույզ մասնագետների պատրաստում և այլն), որոնք, սակայն, այսօր դարձել են հիշողություններ և ամփոփված են իր ստվարածավալ «Էջեր հետախույզի մասին» գրքում։

ՀՀ վետերանների միավորման խորհրդի նախագահ, պահեստազորի գնդապետ Սիմոն Եսայանը ջերմ շնորհավորանքից հետո հոբելյարին հանձնեց ՌԴ վետերանների կոմիտեի (նախագահ` ծովակալ Ֆ. Սորոկին) կողմից տրված «Պատվո նշան» շքանշանը։ ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը շնորհավորանքի խոսքեր ասաց պաշտպանության նախարարության աշխատակիցների և անձամբ նախարար Սեյրան Օհանյանի անունից և կարդաց նախարարի հրամանը՝ պահեստազորի գնդապետ Պետրոս Պետրոսյանին «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալով պարգևատրելու մասին։ Իր «ուսուցչին» Նովոռոսիյսկից հատուկ եկել էր շնորհավորելու Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի անվան հիմնադրամի փոխտնօրեն գնդապետ Ռոման Գալստյանը: Շնորհավորելու էին եկել նաև պահեստազորի գնդապետներ Իվան Ղուկասովը, Ռուբեն Բախշյանը, Թամանյան դիվիզիայի վետերանների խորհրդի փոխնախագահ Էդվարդ Միրզոյանը, Աշխատանքի վետերանների կոմիտեի նախագահ Կարլեն Մարտիրոսյանը, պատերազմի վետերաններ Ռոզալյա Աբգարյանը, Միհրան Գրիգորյանը, Հայաստանի վետերանների միության մարզային տարբեր կառույցների ղեկավարներ։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Լուսանկարը` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #51 (1018) 26.12.2013 – 1.01.2014, Ճակատագրեր


25/12/2013