Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՍՏՂԸ ՉՄԱՐԵՑ…



Նվիրվում է զոհված ազատամարտիկ ՄԻՍԱԿ ԱՊԵԼՅԱՆԻ ծննդյան 50-ամյակին

Ապելյանների տոհմածառի արմատները պատմական Նախիջեւանից են: Երկար դեգերումներից հետո Հայրապետ Ապելյանը տիկնոջ` Սաթիկի հետ, որը ծնունդով Նախիջեւանի Ղազանչի գյուղից էր, առ Աստված տածած իր մեծ հավատով ընտանիք կազմեց Մասիսի շրջանի Նորաբաց գյուղում:

Բանվորի ընտանիքի երրորդ զավակը` Նորիկից ու Գայանեից հետո, Միսակ /անձնագրով Մյասնիկ/ Հայրապետի Ապելյանը ծնվել է 1963թ. սեպտեմբերի 11-ին: 1980թ. ավարտել է ծննդավայրի միջնակարգ դպրոցը: 1981թ. զորակոչվել է խորհրդային բանակ: Ծառայել է Մոլդովայի Տիրասպոլ քաղաքի տանկային զորամասում: Պահպանվել է 1983թ. հոկտեմբերի 30-ին զորամասից ուղարկված շնորհակալագիր-բնութագիրը, որում նշված է.

«Վերանորոգման վաշտի վարորդ Մ.Հ.Ապելյանն իրեն դրսեւորել է որպես կարգապահ, նախաձեռնող, սկզբունքային մարտիկ: Եռանդուն մասնակցություն է ունեցել ստորաբաժանման հասարակական կյանքին, վաշտի հրահանգիչն է: Բոլոր հանձնարարությունները կատարում է ճիշտ ու ժամանակին, ընդ որում հանդես է գալիս խելամիտ նախաձեռնություններով ու իր բոլոր ուժերը ներդնում դրանք կյանքի կոչելու համար:

Վայելում է ընկերների հարգանքը, ե՛ւ գերազանց մասնագետ է, ե՛ւ զինվոր-մարզիկ: Շարքային Մ.Հ. Ապելյանը մշտապես աշխատում է խորացնել իր գիտելիքները»:

«1988թ. Երասխի առաջին մարտից էլ Միսակի եղբոր` Նորիկի եւ մեր եւս 7 համագյուղացիների հետ ես էլ սկսեցի մասնակցել ինքնապաշտպանական մարտերին,- պատմում է Մասիսի «Զորավար Անդրանիկ» ջոկատի ազատամարտիկ, Միսակի մանկության ընկեր Սուրեն Մկրտչյանը:- Այդ օրվանից մեզ միավորեցին ինքնապաշտպանական ջոկատների ստեղծման շուրջ մեր մտահոգությունները:

Մասիսի շրջանի ադրբեջանական գյուղերից շարունակ կրակ էին բացում մեր խաղաղ բնակչության վրա: Իսկ մեզ հրամայված էր չպատասխանել: Դեռ մի բան էլ Մասիսի շրջանի գյուղերի կեսից ավելին ադրբեջանցիներով էր բնակեցված: Շատ դրվագներ են եղել, երբ Սումգայիթի, Գանձակի (Կիրովաբադի), Բաքվի հայերի ջարդերից հետո որոշ զայրացած մարդիկ ուզել են հրդեհել նրանց տները, սակայն Միսակն իր ընկերների հետ միշտ ընդդիմանում էր, շեշտելով, որ մենք թուրքերի նման վայրագ չենք: Ասում էր` թող խաղաղ, հանգիստ հեռանան, իսկ տները պետք չէ այրել` միեւնույն է, հայեր են ապրելու:

Գեղեցիկ, բարձրահասակ, հմայիչ, առնական երիտասարդ էր: Ասում էինք` ինչո՞ւ չես ամուսնանում, պատասխանում էր՝ մինչեւ Արցախը չազատագրենք, ամուսնացող չկա»:

Միսակ Ապելյանը բարձրակարգ վարորդ էր եւ իրավունք ուներ վարելու B, C, D, E կատեգորիայի բոլոր տրանսպորտային միջոցները: 1990թ., երբ Երեւանում կազմավորվում էր «Հատուկ գունդ» զորամիավորումը, Միսակն էլ կամավոր քննություններ հանձնեց եւ ընդգրկվեց Հայկական բանակի առաջին նվիրյալ զինվորների շարքերում: Մասնակցել է Երասխի, Շահումյանի, Իջեւանի եւ այլ բնակավայրերի պաշտպանական մարտերին, միշտ լինելով առաջին շարքերում: Տեսնելով Միսակի մասնագիտական ու մարդկային բարձր հատկանիշները՝ նրան վստահվել է կարեւոր ծառայություններ` այդ թվում գնդի հրամանատարի, շտաբի պետի վարորդի պարտականությունները, իսկ զոհվելուց 10 օր առաջ նշանակվել էր գնդի գաղտնի գործավարության պետ:

«Բոլոր դժվար իրավիճակներում միշտ առաջամարտիկ էր, միշտ նետվում էր առաջ, պատմում է «Կոնդ» կամավորական ջոկատի հիմնադիր հրամանատար, «Հատուկ գնդի» հրամանատարի տեղակալ, Հայկական բանակի թիկունքի առաջին պետ, պահեստազորի գնդապետ Վաչագան Չիբուխչյանը:- Միսակը մաքրության, համեստության տիպար էր: Ես բախտ եմ ունեցել Միսակի հետ 1990-91թթ. ծառայելու: Իմ վարորդն էր, բայց հարազատ զավակիս պես սիրում էի նրան: Միասին եղել ենք ՀՀ սահմանամերձ բոլոր շրջաններում, Արցախյան ռազմաճակատներում: Անձնազոհ, բարձր արժանիքների տեր մարդ էր: Հրամանատարների ներկայությամբ երբեք ոչ մի բառով իր դժգոհությունը չէր արտահայտի, թեկուզ հրամանատարը իրավացի էլ չլիներ: Շատ կիրթ էր: Հետո էլ Միսակի նման տղաների գրեթե չեմ հանդիպել…

Նոր տարվա առիթով զինվոների համար խմիչք, սնունդ, կարտոֆիլ էի բերում: Նա իր բաժինը երբեք տուն չէր տանում, տեղում ոտքի վրա կբաժաներ: Մեքենայի բեռնախցիկում միշտ մրգերով, քաղցրեղենով հարյուրի չափ տոպրակներ էր լցնում, եւ ուր որ գնում էինք, ամենուրեք նվիրում էր տեղի երեխաներին»:

Միսակի ավագ եղբայրը (նույնպես ազատամարտիկ, «Հատուկ գնդի» զինվոր)` Նորիկը, պատմում է. «Եղբայրս որ կար` մեր տանը խանդավառություն էր տիրում: Միամիտ էր, հեշտ էր հավատում մարդկանց, մտածում էր՝ մարդու բերանից ելած խոսքը չպետք է գետնին ընկնի: Միսակն այդպիսին էր` նվիրվող, մաքուր, լուրջ… Երբեք չի ասել` գնա, վաղը կգաս, եթե կարող էր այսօր տվյալ գործը կատարել:

Արցախյան պատերազմի օրերին ծանր հիվանդ մայրս հիվանդանոցում էր (հայրս մահացել էր 1986թ.` 51 տարեկանում): Միսակը մարտական գործողությունից հետո անմիջապես եկել էր մայրիկին տեսության: Բուժող բժշկի հետ խոսելուց առաջ նա հիվանդասենյակում հանեց իր զենքը, թաքցրեց սառնարանի ետեւում, նոր միայն դուրս եկավ միջանցք: Նա համակ համեստություն էր: Երբեք չի մեծամտացել: Զենքը երբեք ցուցամոլության համար չէր կրում: Խնդրում, աղաչում էր բժշկին. «Բժի՜շկ ջա՜ն, փրկի՛ր մայրիկիս, Ձեզ համար ամեն ինչ կանեմ»:

«Միսակ Ապելյանը հայրենասիրության անբացատրելի դրսեւորում ուներ: Մեքենան միշտ մաքուր ու սարքին էր պահում,- պատմում է «Հատուկ գնդի» ավտոծառայության պետ Գեորգի Ասատրյանը:- Բնավորությամբ հանգիստ էր, բայց խստապահանջ էր իր նկատմամբ: Միշտ կոկիկ հագնված էր, հարդարված` զինվորական կանոնադրության պահանջների համաձայն:

Սիրում էր երեխաներին: Միսակը ջերմ հարաբերություններ էր պահպանում Նորաբացի դպրոցականների հետ: Զինատեսակների եւ փամփուշտների հետ էր ծանոթացնում աշակերտներին, նրանց ցույց էր տալիս տարբեր տրամաչափի կրակված պարկուճներ»:

«Միսակը ոչ միայն իմ վարորդը, այլեւ իմ աջ թեւն է եղել՝ իմ համհարզը,- պատմում է «Հատուկ գնդի» շտաբի պետ (1991-92թթ.), ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի Զորքերի ծառայության բաժնի պետ, գնդապետ Ալբերտ Գալստյանը:- Շատ պատվախնդիր տղա էր… Մի անգամ եկավ ինձ մոտ եւ ասաց. «Խնդրում եմ ինձ ուղարկիր Շահումյան: Ուզում եմ կռվի դաշտ գնալ: Զինվորական ուղղաթիռը, որով գնաց, մեր միակ ուղղաթիռն էր, որով նաեւ մարտական մեքենա ուղարկեցինք, վերադառնալիս էլ վիրավորներ էին փոխադրելու: Ուղղաթիռը Վարդենիսից էր թռչում՝ Մռավի լեռնաշղթայի վրայով… Թշնամին նախապես ուսումնասիրել էր մեր օդաչուների թռիչքի ուղին, բարձրացել էր լեռնաշղթայի բարձունքները… 1992թ. մարտի 3-ին ուղղաթիռը, որով Շահումյանից վերադառնում էր նաեւ Միսակը, խփվեց Մռավի բարձունքներում: Մեր փրկարարները 1 օրից ավելի փորձում էին թշնամու տարածքից տեղափոխել վիրավորներին ու զոհվածներին…

Ինձ համար մեծ ցավ էր Միսակի զոհվելը»:

ՀՀ Նախագահ Ռ. Քոչարյանի 2001թ. մայիսի 26-ի հրամանագրով Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնազոհության ու խիզախության համար ՀՀ պաշտպանության նախարարության «Հատուկ գնդի» ջոկի հրամանատար, շարքային Միսակ (Մյասնիկ) Հայրապետի Ապելյանը հետմահու պարգեւատրվել է «ԱՐԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» մեդալով եւ հուշամեդալներով:

Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր Թադեւոսյանի` Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանին ուղղված միջնորդությամբ նաեւ ՀՀ Արարատի մարզի «Նորաբացի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը Արարատի մարզպետի 2013թ. հոկտեմբերի 8-ի թիվ 104 որոշմամբ անվանակոչվել է Միսակ Ապելյանի անունով: Մինչ այդ` 1992թ. մայիսի 31-ին ժողովրդական պատգամավորների Նորաբացի գյուղական խորհրդի առաջին գումարման 5-րդ արտահերթ նստաշրջանում Նորաբաց գյուղը Միսաքավան անվանակոչելու որոշում էր կայացվել (պատվավոր գյուղացի Գուրգեն Գալստյանի առաջարկությամբ եւ 300 համագյուղացիների հավանությամբ): Այն մինչեւ օրս իրագործված չէ:

ՍԵԴԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #50 (1017) 19.12.2013 – 25.12.2013, Ճակատագրեր


19/12/2013