Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԵՎ ՊԱԿԻՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ



Երկու միջուկային գերտերությունների` Հնդկաստանի և Պակիստանի միջև կրկին պատերազմի պատճառ կարող է դառնալ Քաշմիրը` լեռնոտ մի երկրամաս, որը կես դարից ավելի փաստացի կռվախնձոր է ոչ միայն Նյու Դելիի և Իսլամաբադի, այլ նաև Նյու Դելիի և Պեկինի միջև, որտեղ հատվում են ոչ միայն տարածաշրջանային, այլեւ ՆԱՏՕ-ի ու նույնիսկ ՀԱՊԿ-ի անդամ երկրների շահերը:

Հնդկա-պակիստանյան նոր սկանդալը սկիզբ առավ նոյեմբերի կեսին, երբ Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆն այցելությամբ գտնվում էր Քաշմիրի օկուպացված մասում: Ելույթ ունենալով տեղական օրենսդիր մարմնում` նա հայտարարեց, որ «նահանգի կարգավիճակը շարունակում է մնալ գլխավոր հինահարցը Հնդկաստանի հետ հարաբերություններում, որը ցանկացած պահի կարող է երկու միջուկային երկրների միջև պատերազմի հանգեցնել»: Ժամեր անց նրա հնդիկ գործընկեր Մանմոհան Սինքհդալը հանդես եկավ պատասխան հայտարարությամբ, թե «չի հիշում որևէ դեպք, երբ Պակիստանը կարողանար հաղթող դուրս գալ նման իրավիճակներում»:

Առաջին հայացքից ասիական երկրներին բնորոշ նման ռազմաշունչ հռետորաբանությունը կարող է դիտարկվել որպես զուտ ներքին սպառմանն ուղղված քայլ, սակայն պատմության դառը փորձը ցույց է տալիս, որ Հնդկաստանի և Պակիստանի պարագայում այն իրականանալու մեծ հավանականություն ունի, մանավանդ որ նոր հնդկա-պակիստանյան պատերազմով շահագրգռված են աշխարհաքաղաքական որոշ կենտրոններ:

Հետևելով Պակիստանում և Հնդկաստանում վերջերս տեղի ունեցող ներքին գործընթացներին` տեսանելի է դառնում, որ երկու երկրներն իսկապես նախապատրաստվում են ինչ-որ վճռական զարգացումների, թեև դեռ պարզ չէ` ներքին թե արտաքին: Իսլամաբադում ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում անսպասելիորեն նշանակվեց իր չափավոր հայացքներով հայտնի Ռահիլ Շարիֆը, որը սահմանային վեճերի խաղաղ կարգավորման կողմնակից է: Դրան զուգահեռ` իշխանությունների վրա մեծացավ ընդդիմության ճնշումը` ավելի արմատական քայլերի գնալու պահանջով: Պակիստանի իշխող էլիտային ոչինչ չի մնում անելու, քան ցուցադրել Պակիստանի հզորությունն ու առավելությունը վաղեմի հակառակորդի նկատմամբ:

Իսլամաբադում միաժամանակ անհանգստացած են իսլամական աշխարհում վերջերս տեղի ունեցող տարաբնույթ զարգացումներով, որոնց սցենարները գրվում են Ատլանտյան օվկիանոսի ափերում: ԱՄՆ- Իրան հարաբերություններում վերջին ամիսներին նկատելի դարձած ջերմացումը դրդում է Պակիստանին մտածելու, որ ինքն այլևս չի կարող հանդես գալ իբրեւ տարածաշրջանային լուրջ գործոն` որպես Արևելքից Իսլամական Հանրապետության վրա ճնշում գործադրող ուժ: Բացի այդ, վերջին տարիներին Իսլամաբադը չարդարացրեց Վաշինգտոնի սպասումները Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ռազմական օպերացիաների շրջանակներում, ավելին` Պակիստանը շարունակում էր գաղտնի աջակցել թալիբներին և Ալ-Քաիդային: Պակիստանյան էլիտան անհանգստացած է նաև իր տարածքում «Անկախ Բելուջիստան» պետության ձևավորման նախագծով, որը փաստացի կկազմալուծի երկիրը:

Գրեթե նույն պատկերն է տիրում նաև Նյու Դելիում, որտեղ նախապատրաստվում են 2014 թվականի խորհրդարանական ընտրություններին: Իշխող կոալիցիան փորձում է հասարակության լուրջ աջակցություն ստանալ, որպեսզի կարողանա դիմակայել ազգայնական հիմքերի վրա միավորված ընդդիմությանը: Ավելին` ընտրությունների հենց նախօրեին` մարտ – ապրիլ ամիսներին ծրագրված է անցկացնել «Ագնի-5» բալիստիկ հրթիռների հերթական փորձարկումը: Ի տարբերություն Պակիստանի` Նյու Դելիում անհանգստացած չեն երկրի մասնատման վտանգով, թեև մտավախություն կա, որ երկրի թուլացումից կկարողանա օգտվել տարածաշրջանային մեկ այլ հակառակորդ` Չինաստանը: Ուստի Հնդկաստանը փորձում է նոր որակի հարաբերություններ կառուցել Աֆղանստանի հետ:

Իրականում թե՛ Նյու Դելիի, և թե՛ Իսլամաբադի անհանգստությունները, ինչպես և ուժի ցուցադրման թափ հավաքող մրցավազքն ու փոխադարձ մեղադրանքները ունեն նաև արտաքին ազդակներ, որոնք անուղղակիորեն կապվում են 2014-ին Աֆղանստանից Հյուսիսատլանտյան դաշինքի զորքերի դուրս բերման հետ: Հնարավոր լարվածությունը Քաշմիրում կարող է Հյուսիսատլանտյան ուժերին ևս մի քանի տարով մնալու հնարավորություն ընձեռել: Չի բացառվում, որ երկու երկրներին միմիանց դեմ տրամադրող ներքաղաքական լարվածությունը հրահրվում է դրսից:

Նոր պատերազմը սպառնալիք է նաև ՀԱՊԿ անդամ հանդիսացող Տաջիկստանի և Ղրղզստանի համար, քանի որ կարող է հանգեցնել մարդասիրական մեծ աղետի՝ մեծացնելով թե՛ իսլամիստ գրոհայինների ճնշումները սահմանների վրա, եւ թե՛ փոխելով տարածաշրջանի՝ առանց այդ էլ բարդ քաղաքական պատկերը: Պատահական չէ, որ այս օրերին Դուշանբեում և Բիշքեքում նորից ակտիվացել են խմորումները ոչ միայն ՀԱՊԿ հատուկ ստորաբաժանումների տեղակայման նոր պայմանների, այլ նաև Եվրասիական Մաքսային միությանը միանալու շուրջ:

ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆ

Խորագիր՝ #50 (1017) 19.12.2013 – 25.12.2013, Ռազմաքաղաքական


19/12/2013