Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔԱՇՄԻՐՅԱՆ ԿՌՎԱԽՆՁՈՐ



Ասիական գերտերություններ Չինաստանն ու Հնդկաստանը այս տարվա ապրիլի վերջին հայտնվեցին զինված բախման շեմին: Մինչ այժմ պարզ չէ՝ ո՞ւմ էր ձեռնտու ծայրաստիճան սրել իրավիճակը, բայց թե՛ Նյու Դելին, և թե՛ Պեկինը այդ օրերին, ի պատիվ իրենց, անհրաժեշտ խոհեմություն դրսևորեցին: Ավելին` ՉԺՀ վարչապետի այցը Հնդկաստան կարծես թե վերաբեռնում է երկկողմ հարաբերությունները, որոնք 1962 թվականից ի վեր պարբերաբար լարվելու հակում ունեն: Անցած շաբաթ պաշտոնական Պեկինը հնդկական կողմին դարձյալ մեղադրեց երկկողմ հարաբերությունների բարդացման համար, քանի որ Հնդկաստանի նախագահը պատրաստվում էր այցելել վիճելի համարվող տարածքներից մեկը:

Չին – հնդկական հարաբերությունները շուրջ 60 տարիների ընթացքում այնքան էլ բարիդրացական չէին, որքան թվում էր առաջին հայացքից: Նյու Դելիի համար Չինաստանը մնում է ավելի վտանգավոր հակառակորդ, քան մի քանի անգամ պատերազմի մեջ իրեն ներքաշած Պակիստանը: 1962 թվականի ռազմական բախումից հետո կողմերը փորձում էին չշոշափել վիճելի հարցերը, սակայն այս տարվա գարնանը՝ ապրիլի 15-ին, Հնդկաստանը մեղադրեց Չինաստանին, որ վերջինիս զինվորականներն անցել են Հիմալայներում երկու երկրների միջև սահմանը և շուրջ 10 կիլոմետր խորացել հնդկական տարածք: Ապրիլի 23-ին Ջամմու և Քաշմիր նահանգի իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին, թե չինական զինվորականները մի քանի օր մնացել են Լադակհա շրջանում: Պաշտոնական Պեկինը հերքեց հայտարարությունը` անվանելով դրանք հնդկական լրատվամիջողների զրպարտանք: Մի քանի օր անց` մայիսի սկզբներին, բրիգադների գեներալների մակարդակով տեղի ունեցած բանակցություններից հետո երկու երկրները համաձայնեցին պահպանել 1962 թվականից գոյություն ունեցող ստատուս-քվոն` կարևորելով վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու սկզբունքը:

Չին-հնդկական սահմանային այս վեճն ունի կես դարի պատմություն և ծագում է դեռ Հնդկաստանի գաղութացման ժամանակներից: Բրիտանացի գաղութարարներն այդպես էլ չհստակեցրին չին-հնդկական սահմանը, և 1949 թվականին` Հնդկաստանի անկախացումից հետո, այն դարձավ երկու երկրների փոխհարաբերություններում գլխավոր կռվախնձորը: Վիճելի են համարվում երկու հատված. արևմտյանը` շուրջ 43 հազար քառակուսի կմ, գտնվում է Ջամմու – Քաշմիրի հյուսիսարևելյան մասում և հայտնի է որպես Աքսայ – Չին, ինչպես և արևելյանը` շուրջ 83 հազար քառակուսի կիլոմետր տարածքով, որը գտնվում է Հնդկաստանի Առունաչալ Պրադեշ նահանգի հյուսիսում` Չինաստանի հետ շուրջ 700 կիլոմետր ընդհանուր սահմանով: 1960 թվականին Չինական Ժողովրդական Հանրապետության ղեկավարությունն առաջարկեց Հնդկաստանին զիջել արևմտյան հատվածը, քանի որ վերջինը Տիբեթ տանող հիմնական ճանապարհների բանալին է` փոխարենը իրավասություններ առաջարկելով արևելյան հատվածի նկատմամբ: Դելին մերժեց առաջարկը, պնդելով, թե իր իրավասություններն այդ տարածքների նկատմամբ անտարակուսելի են:

Տիբեթի վերջին տիրակալ տասնչորսերորդ Դալայ-Լամայի փախուստը Հնդկաստան և քաղաքական ապաստան ստանալը 1962 թվականի հոկտեմբերի 20-ին հանգեցրեց չինական զինված ուժերի ներխուժմանը հնդկական տարածքներ: Մեկ ամսից չինացիները ջախջախեցին հնդկական 4-րդ հետևակային դիվիզիան և պատրաստվում էին ավելի մեծ գրոհի: Բայց նոյեմբերի 21-ին Պեկինի ռադիոն հայտարեց ՉԺՀ-ի պատերազմից միակողմանիորեն դուրս գալու մասին: Չինական կոմունիստների այդ ժամանակվա առաջնորդ Մաո Ցզեդունը ստիպված եղավ տեղի տալ ոչ միայն հնդիկներին զենք մատակարարող Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների դիվանագիտական ճնշման առջև, այլ նաև իր գաղափարակիցը համարվող խորհրդային Միության, որը Պեկինի համար անսպասելի հայտարարեց իր չեզոքության մասին: Շարունակական լարվածության պայմաններում 1996 թվականին ստորագրվեց երկկողմ պայմանագիր, ըստ որի 4 հազար կիլոմետր երկարությամբ սահմանի հետ կապված բոլոր հարցերը պետք է լուծում գտնեին փոխհամաձայնության միջոցով:

Երկու երկրների միջև ներկայիս բախումը կարող էր դառնալ ճակատագրական ոչ միայն տարածաշրջանային, այլ նաև համաշխարհային մասշտաբով, քանի որ երկուսն էլ միջուկային գերտերություններ են, աշխարհի ամենաշատ բնակչությամբ պետություններ, Ասիայի տնտեսական առաջատարներ, «ԲՐԻԿՍ» տնտեսական ակումբի հիմնական երկու դերակատարներ:

Պատահական չէր, որ չին-հնդկական լարվածության օրերին Ռուսաստանը հակամարտող երկու երկրների տարածաշրջանային հարևաններ Տաջիկստանի և Ղրղզստանի հետ շուտափույթ վերակնքեց իր ռազմակայանների մասին պայմանագրերը` ուժեղացնելով այնտեղ իր ներկայությունը: Գաղտնիք չէ, որ Մոսկվան վերապահումով է վերաբերվում Պեկինին` որպես ռազմաքաղաքական գործընկերոջ, թեև վերջինիս հետ նույնիսկ ստեղծել են Շանհայի համագործակցության կազմակերպությունը: Այնուամենայնիվ, «չին բարեկամի» տնտեսական և ռազմական հնարավորությունների աճը անհանգստացնում է ռուսներին, մանավանդ որ տարեցտարի մեծանում է չինացիների ներհոսքը Ռուսաստանի սահմանամերձ շրջաններ:

Չին – հնդկական հարաբերությունների ապակայունացումը ձեռնտու է նաև Արևմուտքին, մասնավորապես` ՆԱՏՕ-ին, որը շուտով պետք է իր զորքերը դուրս բերի Աֆղանստանից: Իսկ վերջինս այնքա՜ն մոտ է խնդրահարույց Ջամմու և Քաշմիրին, որը, ի դեպ, կռվախնձոր է ոչ միայն չին-հնդկական, այլ նաև հնդկա-պակիստանյան հարաբերություններում: Հնարավոր լարվածությունը կարող է Հյուսիսատլանտյան ուժերին ևս մի քանի տարով Կենտրոնական Ասիայում մնալու հնարավորություն ընձեռել:

Այնուամենայնիվ, ինչպես շուրջ կես դար առաջ, այդպես էլ այսօր չինական իշխող էլիտան խոհեմություն դրսևորեց և որոշեց բարի կամք ցուցաբերել: Մայիսի 19-ին Դելիում տեղի ունեցավ հանդիպում Հնդկաստանի և Չինաստանի վարչապետներ Մահմոհան Սինգհի և Լի Կեցյանի միջև, որի ընթացքում սահմանային վեճերը կարգավորող հատուկ աշխատանքային խումբ ստեղծելու պայմանավորվածություն ձեռք բերվեց: Երկու կողմերից էլ խաղաղության կոչեր հնչեցին, ինչպես նաև հայտարարություններ` երկկողմ հարաբերությունների խորացման և ընդլայման մասին: Ի դեպ` Դելիից հետո ՉԺՀ վարչապետն ուղևորվեց Պակիստան, որը, Հնդկաստանի թիվ մեկ մրցակիցն ու հակառակորդը լինելուց բացի, նույնպես հավակնություններ ունի Ջամմու և Քաշմիր նահանգների նկատմամբ: Բայց առավել ուշագրավ է այն, որ վարչապետի պաշտոնին նշանակվելուց հետո էլ Լի Կեցյանի առաջին այցելությունը հենց Դելի էր: Բացի այդ, չինական լրատվամիջոցները շարունակում են շեշտել, թե այս այցը կրում է ավելի շատ տնտեսական բնույթ, քանի որ «երկու երկրները մտադիր են փոխադարձ ապրանքաշրջանառությունը հասցնել մինչև 100 միլիարդ դոլարի»:

Թե որքանով է իրատեսական այս այցի տնտեսական բովանդակությունը, ցույց կտա ժամանակը, բայց Պեկինը շարունակում է իր ռազմական ներուժը կենտրոնացնել Հնդկաստանի հետ սահմանին` միաժամանակ պնդելով, որ բացառում է սահմանային շրջաններում խաղաղությունը վտանգող որևէ մի գործողություն:

Բ.ՄՈՎՍԵՍՅԱՆ

Խորագիր՝ #49 (1016) 12.12.2013 – 18.12.2013, Ռազմաքաղաքական


12/12/2013