Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԵՍ ԶԱՐՄԱՑԵԼ ԵՄ՝ ՏԵՍՆԵԼՈՎ ՀԱՅԵՐԻ ԽՈՀԵՄՈՒԹՅՈՒՆԸ»



Հատվածներ Ա. Ամֆիտեատրովի «Եվրոպան եւ հայերը» գրքից (1906թ.)

Ալեքսանդր Ամֆիտեատրովը 20-րդ դարի առաջին կեսի ռուս վտարանդի գրողներից է, երկար տարիներ ապրել է Փարիզում։ Լավ ծանոթ է եղել հայկական հարցի պատմությանը եւ պաշտպանել հայերի դատը։ Նրան կարելի է համարել հայ ժողովրդի լավագույն բարեկամներից մեկը։

…Ես շարունակ ապրել եմ արտասահմանում, մեծ մասամբ Փարիզում, եւ այդ ժամանակամիջոցում շատ եմ եղել ռուսահայերի հասարակության շրջանում ու շփվել այդ կամա թե ակամա վտարանդիների հետ։ Նրանք մեծ համակրանք են վայելում Եվրոպայում։ Բավական է ասել, որ տառապած հայության պաշտպաններ հանդիսանում են այնպիսի անձինք եւ հռետորներ, ինչպիսիք են Ժան Ժորեսը, Կամիլ Պելտանը, Ֆրանսիս Պրեսանսեն, Անատոլ Ֆրանսը, ուրեմն եւ դժվար չէ երեւակայել այն մրրկալից շանթերը, որոնցով նրանք անիծում են հայերի նկատմամբ կիրառվող բռնություններն իրենց ճարտասանական ամբիոններից։

♦♦♦

Հայ ժողովուրդը լի է խելացի համբերությամբ։ Հայերը շատ լավ ճանաչում են իսկական մեղավորներին, նրանց, ովքեր ստեղծեցին Անդրկովկասի այժմյան թշվառությունները, եւ գիտեն, թե իրենց ատելությունն ու ժողովրդական զայրույթը ում վրա պետք է կենտրոնացնել։ Նրանք այդ զայրույթը չեն ուղղում ընդհանրապես ռուսների ու Ռուսաստանի ամբողջության դեմ, այլ արդարացի կերպով ուղղում են նրանց դեմ, ովքեր արժանի են զայրույթի։

♦♦♦

…Հայերի պատմությունը պատմելու համար հարկավոր կլիներ սկսել ասորա-բաբելական դարերից։ Կհիշեցնեմ միայն, որ հայերը քրիստոնեական քաղաքակրթության ամենահին ազգն են, եւ Ասիայում մահմեդական պետությունների հիմնվելուց հետո նրանք, բնականաբար, առաջապահակ եւ պատվար են այդ քաղաքակրթության վրա մահմեդական մոլեռանդության արշավանքի դեմ։

Երկար դարերի պայքարը մահմեդականների մոլեռանդության դեմ կռել-կոփել է նրանց եւ կազմել նրանցից մի մեծ բարոյական ուժ։

Հայերի կրոնական եւ ազգային անհողդողդ դիմացկունությունը ողողված է արյան գետերով։

♦♦♦

Ժողովրդական հրդեհները չի կարելի հանգցնել արյունով, եւ որտեղ եղել են ծաղիկներ, այնտեղ կլինեն եւ պտուղներ, իսկ պտուղ հավաքելն ամենեւին այն չէ, ինչ որ ծաղիկ հնձելը։ Եվ այն տխուր հանգամանքների մեջ, որ Հայկական լեռնաշխարհի արնաշաղախ հողից սպառնական կերպարանքով կբուսնեն կարմիր տանջանքի ցավոտ ծաղիկներ եւ հասունացած վրեժխնդրության արնագույն պտուղներ, բռնակալ ուժը, բացի իրենից, չի կարող ոչ ոքի մեղադրել։ Ամեն մի համբերություն վերջ ունի, եւ ով, ինչպես ասում է ռուսական առածը, քամի է ցանում, նա կհնձի փոթորիկ։

♦♦♦

…Քիչ կան պատմության մեջ ավելի ստորացուցիչ հիասթափության դեպքեր, քան նրանք, որ բաժին ընկան հայոց հույսերին։

♦♦♦

Հայ լուսավորչական եկեղեցին, առանձնացած բյուզանդական եւ լատինական քրիստոնեությունից, սերտ դաշն կապեց ազգի հետ եւ մի տեսակ դարձավ նրա պատմական նշանաբանը։ Քրիստոնեությունը Հայաստանում, ամեն կողմից մահմեդականության մրրկածուփ օվկիանոսով պաշարված, երկար դարերի ընթացքում քաղաքակրթության դրոշակ էր եւ առաջադիմության փարոս։

♦♦♦

Ես շատ անգամ զարմացած եմ մնացել՝ տեսնելով այն փորձառու եւ դժվարին խոհեմությունը, որով հայերն իրենց ազգային սուգի եւ թշվառության արտահայտությունն անգամ ենթարկում են ապագայի հեռավոր միտումներին։

Քաղեց Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

2005թ., թիվ 23

Խորագիր՝ #48 (1015) 5.12.2013 – 11.12.2013, Հոգևոր-մշակութային


05/12/2013