Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՅԵՐՆ ԱՉՔԻ ԵՆ ԸՆԿՆՈՒՄ ՄԵԾ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՄԲ»



Քաղվածքներ Մ. Նեյմանի «Հայերը» գրքից (1898թ.)

Մագդա Նեյմանի անունը քիչ է ծանոթ հայ ընթերցողին, նրա մասին լռում են նույնիսկ հանրագիտարանները։ Թերեւս, միայն հայ պատմաբաններն են հիշատակում այդ անունը՝ իրենց աշխատություններում քաղվածքներ կատարելով հայերին նվիրված նրա ուսումնասիրությունից։ Հենց այդտեղից էլ պարզ է դառնում, որ Մագդա Նեյմանը 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի ռուս մտավորականներից է, որը, սովորելով Պետերբուրգի համալսարանում, մոտիկից շփվել է հայերի հետ եւ ուսումնասիրել հայոց պատմությունը։ Ինչպես ինքն է վկայում, այդ գործում նրան օգնել են Քերովբե եւ Ռափայել Պատկանյանները, Լազարյանները եւ այլ նշանավոր հայեր։

Մագդա Նեյմանի գնահատականները եւ կարծիքները հայերի մասին այսօր էլ ճանաչողական մեծ նշանակություն ունեն։

…Հայ ժողովրդի մեջ հարատեւում են պատվի, երախտագիտության, արդարության, մարդասիրության զգացումը, ազգային սովորությունները, հարգանքը կանանց եւ ծերերի նկատմամբ։

Պարզ, հասարակ հայը համեստ է, ամոթխած, զգայուն՝ մերձավորի վշտի նկատմամբ, ով էլ որ նա լինի՝ իր եղբայրը, թաթար, ռուս, թե վրացի։

Պարզ, հասարակ հայն իր մեջ այնպես խորությամբ է ներառել քրիստոնեական զգացումը, որ նրա լեզվում «քրիստոնյա» բառը հոմանիշն է իր ազգային պատկանելության։ Նա իրեն կոչում է «հայ քրիստոնյա»։ Ահա թե ինչու այնքան ամոթ է այն հայի համար, որին ասում են՝ «դու հայ քրիստոնյա չես»։

Սուտ երդումը, խաբեությունը, կեղծիքը հայ քրիստոնյայի համար հավասարազոր են քրեական հանցագործությանը։

Հավատացյալ եւ անբասիր հայը մեծագույն գորովանքով է տալիս Էջմիածնի անունը՝ նրա առաջ անպայման դնելով «սուրբ» բառը։

♦♦♦

Հայերն աչքի են ընկնում մեծ ձեռներեցությամբ եւ զգալի ազդեցություն են թողել այն քաղաքների առեւտրի եւ արդյունաբերության զարգացման վրա, որտեղ ապրել են։ 40-50-ական թվականներին ռուս արդյունաբերողներ եւ վաճառականներ Պոլիվանովը, Աբուխովը, Մաժուխինը, Շալաեւ եղբայրները մեծապես ազդվել են հայ գործարարներից։

♦♦♦

Հայերի իսկական կոչումը հողագործության, արհեստների եւ արվեստների մեջ է։ Թուրքահայերի ճարտարապետական արվեստը ճանաչում է գտել ողջ Եվրոպայում։ Գրեթե միշտ նրանք են հաղթում Թուրքիայի մայրաքաղաքում որեւէ եզակի շենքի կառուցման համար հայտարարված մրցույթներում։ Այսպես, օրինակ, ճարտարապետ Հովսեփ Ազնավուրյանը դեռեւս մրցակից չունի Թուրքիայում։ Քանդակագործության մեջ քաջ հայտնի է Կ. Պոլսի նկարչական դպրոցի տնօրեն Երվանդ Ոսկանը։

Եվ այսպես՝ շատ ու շատ հայեր։

Քաղեց Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

2005թ., թիվ 23

Խորագիր՝ #48 (1015) 5.12.2013 – 11.12.2013, Հոգևոր-մշակութային


05/12/2013