Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՅԴ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԱՌԸ՝ «ՀԱՅԱՍՏԱՆ»



«Հայաստան» բառն անգամ սարսափեցրել է օսմանյան Թուրքիայի բռնակալներին, եւ նրանք ամեն ինչ արել են նույնիսկ դրա օգտագործումն արգելելու համար։

Ստորեւ տպագրում ենք մի քանի փաստեր, որոնք յուրօրինակ վկայում են Հայաստան աշխարհի եւ հայ ոգու մեծ ներուժի մասին։

1880թ. օգոստոսի 30-ի հրամանով Թուրքիայի կառավարության կողմից արգելվեց Հայաստան անվան օգտագործումը պաշտոնական գրություններում՝ այն պատճառաբանությամբ, որ երկրում այդպիսի վարչական միավոր չկա։ Որպես այդպիսին Քուրդիստան եւ Ալբանիա նույնպես չկային, բայց չէր արգելվում օգտագործել այդ անունները («Մասիս», 1880թ.)։

♦♦♦

1881թ. մարտի 7-ին Կարինի ռուսական հյուպատոսը զեկույց հղեց իր երկրի կառավարությանը՝ Թուրքիայի կառավարությունը հրաման է արձակել հայ ընտանիքներից, կրթական օջախներից հավաքել եւ ոչնչացնել «Մայր Հայաստան» հայտնի նկարը։

Նույն հրամանով արգելվեց Թիֆլիսում տպագրվող «Մեղու Հայաստանի» երգիծական հանդեսի եւ ընդհանրապես այն գրքերի մուտքը Թուրքիա, որտեղ օգտագործվում էր «Հայաստան» բառը («Մասիս», 1881թ.)։

♦♦♦

1881թ. Երզնկայում խափանվեց լուցկու նոր բացված գործարանի աշխատանքը՝ նրա արտադրած լուցկու տուփերը շրջանառության մեջ էին մտցվել «Լուցկիք Հայաստանի» պիտակով (Վ. Փափազյան, «Երկեր», հատ. 1-ին)։

♦♦♦

1880-ական թվականներին թուրք պաշտոնյաներին հրահանգված էր Հ տառով սկսվող բառեր տեսնելիս թարգմանել տալ եւ հավաստիանալ՝ արդյոք «Հայաստան» չի՞ գրված։

Բացի այդ՝ նրանց հանձնարարված էր շտապ կարգով հայերեն սովորել եւ առանց միջնորդ թարգմանչի օգնության տարբեր գրություններում, մամուլում եւ գրականության մեջ ի հայտ բերել «Հայաստան» բառի գործածումը եւ արգելել (Հ. Երամյան, «Հուշարձան», հատ. 1-ին)։

♦♦♦

1888թ. Կ. Պոլսում ձերբակալվեց մի հայ վաճառական։ Պատճառը նրա կնիքն էր, որի վրա պատկերված էին երկու առյուծ։ Կասկածել էին՝ արդյո՞ք դա հին Հայաստանի զինանշանը չէ («Մշակ», 1888թ. թիվ 14)։

Քաղեց Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

2005թ., թիվ 23

Խորագիր՝ #48 (1015) 5.12.2013 – 11.12.2013, Հոգևոր-մշակութային


05/12/2013