Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԿԱՅՈՒՄ ԵՆ ՎԱՎԵՐԱԳՐԵՐԸ



Հայերի բարձր առաքինության, իրենց ազգային նպատակներին հասնելու նրանց ազնիվ ձգտումների մասին կան բազմաթիվ պատմական վավերագրեր։ Ներկայացնենք դրանցից մեկը։

Ինչ էին պահանջում հայերը

1890թ. հուլիսի 15-ին, ի պատասխան թուրքական անլուր խժդժությունների ու կամայականությունների, Կ. Պոլսում տեղի ունեցավ հայերի ցույց, որտեղ կարդացվեց «Հայ ժողովրդի պահանջները» վերնագրված կոչը։ Ահա այդ պահանջներից մի քանիսը.

ա) Հողը նրան, ով այն մշակում է։

բ) Բերքը նրան, ով այն արտադրում է։

գ) Բոլորը պետք է աշխատեն եւ իրենց քրտինքով վաստակեն ապրուստը։ Հայաստանի տերը պետք է հայերը լինեն։

դ) Օրենսդիր ժողով, ազատ ընտրություն։

ե) Կրոնի ազատություն, բոլոր խտրականությունների վերացում։

զ) Նահանգների լայն ինքնավարություն։

է) Մամուլի, խոսքի, կազմակերպությունների ազատություն։

Երբ Աբդուլ Համիդին հայտնում են հայերի ցույցի մասին, նա կատաղած գոռում է. «Զո՛րք, զո՛րք, կոտորել ապստամբներին»։

Ցույցը ցրվում է անգթորեն, օգտագործվում է հրազեն, արյուն է թափվում։ Հայերը դիմադրում են մեծ մասամբ քարերով։

Չբավարարվելով դրանով՝ սուլթանն իր կամակատար Դերվիշ փաշայի միջոցով հայոց Խորեն պատրիարքին է ուղարկում հետեւյալ լկտի գրությունը. «Լսեցի եւ սաստիկ բարկացած եմ, մյուս անգամ այդպիսի դեպքեր չլինեն, թե չէ Ձեզ եւ Ձեր ժողովները լրիվ կջախջախեմ։ Տեղեկություն տվեք, թե ինչու այդ դեպքերը պատահեցին, անշուշտ, մասնակցություն ունեցել եք»։

Իրենց բողոքի մեջ հայերի արդար լինելու մի իսկական վավերագիր է Խորեն պատրիարքի պատասխանը սուլթան Համիդին. «Ի՞նչ անի խեղճ հայ ժողովուրդը, երբ տեսնում է իր տունը կողոպտված, կանայք եւ հարսները՝ լլկված, տեղիս պանդուխտ հայրենակիցներիս նամակները՝ փոստատանը բացված, իր նյութական միջոցներից զրկված եւ այլ բազմաթիվ թշվառությունների մատնված։ Հայ գավառցին էլ չկարողացավ տոկալ եւ, ծայրահեղության դիմելով, ցույց արեց…»։

Պատրիարքի այս պատասխանն առաջին անգամ տպագրվել է «Դրօշակ» հանդեսի 1903թ. թիվ 4-ում։

Քաղեց Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

2005թ., թիվ 23

Խորագիր՝ #48 (1015) 5.12.2013 – 11.12.2013, Հոգևոր-մշակութային


05/12/2013