Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՎՈՆ ԱՅՍՕՐ ԷԼ ՄԵԶ ՀԵՏ Է



Ասում են` ամեն մարդ անցնում է իր կյանքի ճամփան ու տանում իր խաչը: Սակայն հարթ ճանապարհները հերոսների համար չեն: Նրանք նախընտրում են փշոտ ու դժվարանցանելի արահետները: Դա մաքառումներով ու տառապանքներով միահյուսված հերոսապատում կերտողների ճանապարհն է: Կանցնեն ժամանակները, և պատմությունը սերունդներին կհիշեցնի Արցախի գոյամարտի ճանապարհներով անցած մերօրյա հերոսներին: Իսկ հերոսների համար մահ չկա, նրանց ճանապարհն անմահությունն է…

Նոյեմբերի 25-ին լրացավ ՀՀ և ԼՂՀ Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի` ԱՎՈՅԻ ծննդյան 56- ամյակը: Ավանդույթի համաձայն` «Երիտասարդության կամք» երիտասարդական հասարակական կազմակերպությունը հերոսի ծննդյան օրը կրկին Արցախում էր: Այս անգամ ծրագրին մասնակցում էր նաև կազմակերպության լավ բարեկամ և համակիր, Միացյալ Հայկական Կազակական ուժերի միասնության Շիրակի մարզի ատաման` գնդապետ Յուրիկ Ենգոյանը:

Գնդապետ Գ. Գաբրիելյանի հրամանատարությամբ գործող զորամասում կազմակերպության Ղեկավարող խորհրդի անդամները մասնակցեցին առավոտյան հանդիսավոր միտինգին: Հրամանատարների ու զինվորների ելույթներից հետո անձնակազմին շնորհավորանքի խոսք ասաց նաև «Երիտասարդության կամք» ԵՀԿ-ի նախագահ Աննա Գրիգորյանը, որ զինվորներին ուղղված իր խոսքում նշեց. «Ավոյի կարճ, բայց բովանդակալից կյանքը ազգային ու հայրենասիրական դաստիարակության մեծ օրինակ է մեզ` երիտասարդներիս և Հայրենիքի այսօրվա պաշտպանների համար: Ես հավատում եմ, որ անհրաժեշտության դեպքում ձեզնից շատերի մեջ է արթնանալու նոր ԱՎՈՆ»:

Հանդիսավոր միտինգի ժամանակ մի շարք սպաներ և զինվորներ պարգևատրվեցին կազմակերպության պատվոգրերով, շնորհակալագրերով և արժեքավոր նվերներով: Այնուհետև Ղեկավարող խորհրդի անդամներն այցելեցին մարտական հենակետեր, ծանոթացան զինվորի կենցաղին, մարտական հերթապահությանը, ճաշեցին հրամանատարի ու զինվորների հետ, ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում բացահայտեցին հենակետի անձնակազմի բարձր մարտական ոգին ու բարոյահոգեբանական առողջ մթնոլորտը: Իսկ զինվորներն էլ հերթական անգամ համոզվեցին, որ հասարակությունը կանգնած է բանակի կողքին և պատրաստակամ է սատարելու մեր Հայրենիքի արժանավոր պաշտպաններին:

Հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել նաև զինավանի դպրոցում, որին ներկա էր նաև «Երիտասարդության կամք»-ը: Նախ՝ Ղեկավարող խորհրդի անդամները եղան առաջին դասարանցիների հյուրը և նրանց նվիրեցին գրենական պիտույքների փաթեթներ, իսկ հետո մասնակցեցին «ԱՎՈՆ այսօր էլ մեզ հետ է» նշանաբանով կազմակերպված Հերոսի մեծարման հուշ-ցերեկույթին: Միջոցառման ընթացքում կազմակերության նախագահ Ա. Գրիգորյանը պարգևատրեց նախապես հայտարարված «Ես եմ Հայրենիքիս պաշտպանը» թեմայով շարադրության լավագույն հինգ աշխատանքները ներկայացրած աշակերտներին: Միջոցառումն ավարտվեց Արցախյան պատերազմի մի փոքր դրվագի բեմականացված ներկայացումով։ Հրամանատար ԱՎՈՅԻ և նրա մարտական ընկերների կերպաները մարմնավորել էին մեր բանակային սպաների զավակները:

Խորագիր՝ #48 (1015) 5.12.2013 – 11.12.2013, Բանակ և հասարակություն


05/12/2013